Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ՋՈՒՐԸ ՄՏՆՈՂՆԵՐԻՑ ՉԷ

Փետրվար 26,2003 00:00

ՆԱ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ՋՈՒՐԸ ՄՏՆՈՂՆԵՐԻՑ ՉԷ «Նա, ով կհամաձայնի օգտվել ընտրությունների օրը ընդդիմադիր 6 թեկնածուների ստորագրություններով արձանագրված ակնհայտ անօրինականության շինծու արդյունքներից, կամովին կդառնա կատարված հանցագործության՝ ընտրությունների արդյունքների կեղծման մեղսակից»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի գաղափարական-քաղաքական աշխատանքները համակարգող Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, դրա հետեւանքներն էապես չեն տարբերվելու 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հետեւանքներից, երբ, ինչպես նշեց Հ. Հովհաննիսյանը, երկրորդ փուլը դարձրեցին անօրեն ընթացքով եւ արդյունքներով անցած առաջին փուլի օրինականացման միջոց: «Այնպես որ, տառապանքս փորձ ունի, եւ ես երկրորդ անգամ նույն ջուրը չեմ մտնի, մանավանդ որ, այս անգամ Արտաշես Գեղամյանն ու մեր թիմի մյուս առանցքային դեմքերը կիսում են անօրինական առաջին փուլի շարունակությունը հանդիսացող երկրորդ փուլը բոյկոտելու վճռականությունը»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: Վերջինից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ինքը ընտրությունների երկրորդ փուլում չի սատարելու երկու թեկնածուներից որեւէ մեկին, ինչին ի պատասխան նա ասաց. «Իսկ մի՞թե կարելի է պաշտպանել անօրինական գործընթացի մասնակիցներից որեւէ մեկին: Մենք դրանով մատուցած կլինենք արջի ծառայություն կամ, ինչպես ժողովուրդն է ասում, հոնքը սարքելու փոխարեն նրա աչքն էլ կհանենք, քանի որ հնարավոր չէ սեփական սկզբունքայնությունը հարվածի տակ դնելու միջոցով քողարկել ուրիշի անսկզբունքայնությունը կամ անօրինականության արդյունքից օգտվելու պատրաստակամությունը»: Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, դրանով իրենք էլ ավելի կդժվարացնեն գայթակղված ընդդիմադիր թեկնածուի վիճակը: Այսինքն, ինչպես բացատրեց Ա. Գեղամյանի գաղափարական-քաղաքական աշխատանքները համակարգող Հ. Հովհաննիսյանը, իրենք մասնակից կդառնան ընդդիմադիր ուժերին ծուղակը գցելու գործին: Նրա գնահատմամբ, երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների անձերի գնահատականի համար հասարակության աչքում կարեւոր դեր է ունենալու նրանց կողմից անօրեն ընտրությունների երկրորդ փուլին սեփական մասնակցությունը բերելու կամ դրանից հրաժարվելու հարցը: «Այդ մասնակցությունը հաղթողին բերելու է պիրոսյան հաղթանակ, իսկ պարտվողին դատապարտելու է քաղաքական անէացման»,- համոզված է Հ. Հովհաննիսյանը: Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ իր թեկնածուի կողմից Ռոբերտ Քոչարյանին արված բաց հեռուստաբանավեճի մասնակցելու հրավերին, որից Ռ. Քոչարյանը հրաժարվեց՝ հայտարարելով, թե նման հրավեր է ստացել նաեւ Ստեփան Դեմիրճյանից, եւ չի կարող «առաջնահերթություն» տալ Գեղամյանին: Սակայն այսօր, երբ նման բանավեճի հնարավորություն կա, Ստեփան Դեմիրճյանը հրաժարվում է դրանից: Հմայակ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ինքը Գեղամյանի անունից երաշխավորել էր, որ այդ բանավեճի ընթացքում միայն քննարկվելու են ծրագրային եւ ոչ թե «մոդայիկ» քաղաքական հարցեր, որոնց շարքին են դասվում ղարաբաղյան կամ այլ կլաններին, կոռուպցիային, թալանին ու սպանություններին վերաբերող հարցերը: Իսկ ինչ վերաբերում է Ս. Դեմիրճյանի՝ բանավեճին մասնակցելու հրավերից հրաժարվելուն, ապա Հմայակ Հովհաննիսյանը նկատեց. «Ես չեմ ուզում իմ խղճի վրա մեղք վերցնել ու ասել, որ Ս. Դեմիրճյանի կողմից արված նախկին առաջարկը փորձ էր պարզապես կանխելու մեր թեկնածուի բանավեճը Քոչարյանի հետ, ասել, որ դրանով ցանկանում էին խոչընդոտել մեր թեկնածուին այդ հնարավորության ընձեռումը, որին պատրաստ էր մեր թեկնածուն եւ շատ լուրջ ասելիք ուներ»: Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, նման բանավեճը չափազանց կարեւոր է՝ անկախ նրանից Ս. Դեմիրճյանը մասնակցելո՞ւ է երկրորդ փուլին, թե՞ ոչ: «Գոնե Ս. Դեմիրճյանը պետք է ընդդիմության տեսակետները ներկայացնի՝ հիմնավորելու ընդդիմության այլընտրանքային մոտեցումները՝ թեկուզ Ա. Գեղամյանի հակաճգնաժամային ծրագրից բխող մոտեցումներով: Քանի որ գործող վարչակազմը կասկածի տակ է վերցնում ընդդիմության ծրագրային հենքի վրա գործելու փաստը: Մենք ունենք ծրագիր եւ եթե այդ առումով դժվարություններ ունեն մյուս ընդդիմադիրները, մենք պատրաստ ենք նրանց օգնել»,- Ս. Դեմիրճյանին առաջարկեց Հ. Հովհաննիսյանը: Այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ Ս. Դեմիրճյանը չի կարող բանավիճել Քոչարյանի հետ, այդ իսկ պատճառով է հրաժարվում բաց քննարկումներից, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Անկեղծորեն ցանկանում եմ, որ Ս. Դեմիրճյանը եւ նրա քաղաքական թիմը կարողանա փարատել այդ կասկածները եւ ապացուցել հասարակությանը, որ իրենք ունակ են ընդդիմության դիրքերը պաշտպանել ժողովրդավարական բաց բանավեճում»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել