Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ծախե՞ց հայրենիքը

Փետրվար 26,2003 00:00

ԿԸՀ-ն ծախե՞ց հայրենիքը Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հրապարակեց ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2.315.410, քվեարկությանը մասնակցել է 1.463.499-ը: Քվեատուփերում առկա է եղել 1.462.383 քվեաթերթիկ, այդ թվում՝ 36.160-ը անվավեր: Բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քաղաքացիների թիվը կազմել է 9.866: Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը 1.416.357 է: Անճշտությունների չափը՝ 2536: Արդյունքում՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Ռոբերտ Քոչարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Մյուս 6 թեկնածուները, որոնք Ա.Գեղամյանի նման հայտնվեցին աուտում, նույնիսկ 5 տոկոս չեն հավաքել: Վերջնական ամփոփիչ արձանագրությունը ԿԸՀ 9 անդամներից ստորագրեց 8-ը: ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը հատուկ կարծիք է ներկայացրել՝ արձանագրելով, որ վերջնական ամփոփ արձանագրությունն անգամ չի համապատասխանում ընտրությունների իրական արդյունքին: ԿԸՀ անդամ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը հրաժարվեց ընդհանրապես քվեարկել: Նա օրակարգում ներկայացրել էր որոշման երկու նախագիծ՝ առաջարկելով փետրվարի 19-ին կայացած ընտրությունները անվավեր ճանաչել եւ մարտի 6-ին նոր ընտրություններ նշանակել, նաեւ՝ ուժը կորցրած ճանաչել ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին ԿԸՀ փետրվարի 20-ի որոշումը: Դրանք մերժվեցին: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ում ստացված դիմում-բողոքներին: Դրանք՝ թվով 106, հանձնաժողովը ստացել է ընտրությունների օրվանից մինչեւ փետրվարի 24-ը ներառյալ: ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանի մատուցմամբ, դրանց մեծ մասը՝ 72, ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի, 2-ը՝ Վազգեն Մանուկյանի, 3-ը՝ Արամ Կարապետյանի, 1-ը՝ Արամ Սարգսյանի (Դեմկուս) վստահված անձինք: Դիմում-բողոքներ են ներկայացրել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիներն ու հանձնաժողովների անդամները: Բողոքներից 27-ը վերաբերել են 60 ընտրատեղամասերում քվեարկության օրը եղած օրինախախտումներին, այդ թվում՝ քվեատուփերում ավել քվեաթերթիկներ լցնելուն, այլոց փոխարեն քվեարկելուն: 16 դիմում ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Երկու դիմում վերաբերել է ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողություններին, որոնք հանձնաժողովն ուղարկել է ՀՀ Ոստիկանություն: Ներկայացված 106 դիմումներից 9-ը վերաբերում են քվեարկության հաջորդ օրը մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը՝ ժամը 14:00-ը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների փակ լինելու կամ հանձնաժողովականների բացակայության դեպքերին, ինչի պատճառով թեկնածուների վստահված անձինք չեն կարողացել ամփոփիչ արձանագրությունների վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնել ԸԸՀ-ներին: Երբ պրն Աբրահամյանը ներկայացրեց նշված ընտրախախտումների մասին բողոքների ու դրանց ստուգման վիճակագրությունը՝ հայտարարելով, թե ԿԸՀ-ն մերժել է որոշ տեղամասերի հանձնաժողովներում առկա փաստաթղթերը ստուգելու եւ ձայների վերահաշվարկ կատարելու պահանջը, որովհետեւ դրա համար, ըստ ԿԸՀ-ի, հիմքեր չեն եղել, Ստ.Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանն ընդվզեց: Նա բացի այն, որ չհամաձայնեց ԿԸՀ-ի այս եզրակացության հետ, նաեւ նշեց, որ 112 տեղամասերի վերաբերյալ իրենք ներկայացրել են 34 ամփոփ բողոք, սակայն ԿԸՀ-ն լիարժեք ուսումնասիրություններ չի կատարել: Թեկնածու Ա.Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն էլ բորբոքվեց, թե մի քանի անգամ ԿԸՀ-ի ուշադրությունը հրավիրվել է իրենց շտաբի տրամադրության տակ գտնվող բազմաթիվ ընտրախախտումների փաստերի վրա, բայց ԿԸՀ-ն դրանք «ստուգված ու իրականությանը չհամապատասխանող» է որակել: «ԿԸՀ-ն վաճառել է հայրենիքը եւ ուզում է, որ մենք ստիպված գնանք հրապարակ՝ այնտեղ շարունակենք քաղաքական պայքարը: Կգնա՛նք»,- հայտարարեց պատգամավորը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել