Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 26,2003 00:00

ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Դա ազդում է այն մթնոլորտի վրա, որում անցնում են ընտրությունները»,- կարծում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը: -Դեռ մինչեւ ընտրությունների առաջին փուլը ԿԸՀ-ն մասնավորապես ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վստահեցրել էր, թե դիտորդները ընտրությունների ընթացքը վերահսկելու լիակատար հնարավորություն կունենան: Արդյո՞ք առաջին փուլում այդ ակնկալիքներն արդարացան: – Մեր դիտորդները բավականին ազատ են եղել ընտրությունների օրը: Նրանք ազատորեն մուտք են գործել ընտրատեղամասեր եւ հնարավորություն են ունեցել տեսնել այն, ինչ որ իրենք պետք է տեսնեին: Այդ տեսակետից ես շատ գոհ եմ: Սակայն հետո մենք մեծ հիասթափություն ապրեցինք. ընտրությունների հաջորդ օրը չհրապարակվեցին ընտրությունների մանրամասն եւ աղյուսակավորված տվյալները: – Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման գործընթացը: Մասնավորապես ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն խախտել է Ընտրական օրենսգրքի հոդված 63-ի 1-ին կետը, երբ նախնական ամփոփման մեջ չի նշել պահանջվող տողը՝ անճշտությունների չափը: – Օրենքը երեւի ավելի լավ պետք է ուսումնասիրենք, քանի որ ինքս չեմ հիշում, թե այդ մասով օրենքի խախտում եղած լինի: – Հայտնի է, որ ընտրատարածքային հանձնաժողովները հրաժարվել են կոնկրետ ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկ կատարել՝ այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը հենց այդ պատճառաբանությամբ հետաձգվեց: – Ճիշտն ասած, ընտրատարածքային հանձնաժողովներում, ուր մեր դիտորդներն այցելել են, մի շարք վերահաշվարկներ տեղի են ունեցել: Ընտրությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները փետրվարի 25-ի երեկոյան պետք է հրապարկվեին, թեեւ դա պետք է արվեր դեռ մի քանի օր առաջ: – Դուք դա գնահատում եք իբրեւ Օրենսգրքի խախտո՞ւմ: – Չեմ կարծում, որ ժամանակին չհրապարակելը օրենսդրության խախտում է, սակայն, կարծում եմ, որ դա ավելացրել է ընտրությունների ոչ թափանցիկությունը եւ վստահության պակասը, որ մարդիկ ցուցաբերել են ընտրությունների արդյունքների վերաբերյալ: – Դեռ երկուշաբթի երեկոյան ընդդիմադիր մի շարք կուսակցություններ հանդես եկան հայտարարություններով, ուր դատապարտում էին իշխանությունների փորձը՝ բանակի ուժով վախեցնել սեփական ժողովրդին, ու նաեւ բանակի կոլեգիայի հայտարարությունը, որն ըստ էության նշանակում է՝ միջամտել ընտրությունների արդյունքին ու խառնվել քաղաքականությանը: Մտավախություն կա՞ արդյոք, որ 96-ը կարող է կրկնվել: – Ճիշտն ասած, դուք այդ իմաստով մեզնից մի քիչ առաջ եք ընկել, քանի որ ես ինքս ՊՆ կոլեգիայի այդ հայտարարությանը դեռ չեմ ծանոթացել: Սակայն կարող եմ ասել, որ շատ մտահոգված եմ ընդդիմությանը սատարողների ձերբակալություններով, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին: – Ըստ Ձեզ, դա կարո՞ղ է ազդել ընտրությունների ելքի վրա: – Չեմ կարող ասել՝ արդյո՞ք ընտրությունների արդյունքի վրա դա որեւէ կերպ կազդի, թե՞ ոչ, բայց կարող եմ ստույգ ասել, որ դա ազդում է այն մթնոլորտի վրա, որում անցնում են ընտրությունները: – Պրն Այքեր, Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի ներքաղաքական մթնոլորտն ընտրությունների առաջին փուլից հետո: – Կարծում եմ, որ իրավիճակը դեռ մի քիչ պետք է պարզվի: Երկրորդ փուլի համար մրցակցությունը տարբերվում է առաջին փուլից: Երկրորդ փուլի քարոզարշավը պաշտոնապես պետք է սկսվեր առաջին փուլի վերջնական արդյունքների ամփոփումից հետո՝ այսօր: Այնինչ, շատ մեծ մտահոգություն ունեմ. նախ, մենք լսել ենք որոշ հրահրիչ հայտարարություններ: – Մասնավորապես ո՞ւմ կողմից: – Օրինակ՝ ընդդիմությանը սատարող որոշ անձանցից, եւ ես շարունակում եմ նշել, որ ընտրական քարոզարշավում տեղ չկա բռնությունների կամ ոչ սահմանադրական գործողությունների համար, ընդ որում՝ ցանկացած կողմից՝ լինի դա ընդդիմություն, թե իշխանություն: Միաժամանակ, կրկնում եմ, շատ մտահոգված եմ ձերբակալություններով, որոնք տեղի են ունենում եւ մթագնում ընդհանուր մթնոլորտը: Ես մտահոգված եմ նաեւ այն փաստով, որ դեռ սպասում ենք ընտրությունների մանրամասն արդյունքներին, որոնք հրապարակվելու են փետրվարի 25-ին: – ՀՀ Հանրային հեռուստաեթերում գործող նախագահն ու նրան սատարող ուժերը հայտարարում են, թե իրենք մերժում են ընդդիմության միտինգային պայքարի ձեւը, թեեւ քաղաքակիրթ երկրներում ընդունված է, որ մարդիկ ազատորեն կարող են բողոքի ցույցեր ու հանրահավաքներ անցկացնել: – Կարծում եմ՝ խաղաղ հանրահավաքները քաղաքական գործընթացի օրինական ու օրինաչափ մաս են կազմում: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել