Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԱ ՊԱՐՏՎԵԼ Է»

Փետրվար 26,2003 00:00

«ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԱ ՊԱՐՏՎԵԼ Է» Հանրային հեռուստատեսությունն օրեր շարունակ ցուցադրում է կադրեր, ըստ որոնց, իբր, փետրվարի 20-ի հանրահավաքից հետո խաղաղ երթով դեպի ԿԸՀ ուղեւորվող մարդիկ պատռել են նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի նկարները եւ հարվածել են ձնագնդիկով։ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ սրան եւ հայտնեց. «Այդ ո՞նց ստացվեց, որ մեկը պլակատ պոկեց, նկարողը տեղում էր եւ անմիջապես նկարեց ու շարունակ ցույց են տալիս։ Դա իշխանությունն է կազմակերպել, դա սադրանք է։ Իրենք արել են, իրենք էլ՝ նկարել։ Հարյուր հազար մարդու մեջ էդ ինչպե՞ս գտան, որ հաստատ այս մասում լինելու է այդ դեպքը, եւ Հանրայինը եկավ այդ պահին ու նկարեց։ Էդ ո՞նց հասկանանք»։ Գրիգոր Հարությունյանը երկու կարեւոր հայտարարություն արեց. նախ նա հայտարարեց, որ պատրաստ է բանավեճի գնալ շտաբի պետ Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ Ստեփան Դեմիրճյանին բանավեճի հրավիրողներին հետեւյալ պատասխանը տվեց. «Ստեփան Դեմիրճյանը որեւէ բանավեճից չի վախենում, թող վախենա Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ հարցեր կան, որոնց պիտի պատասխանի։ Պիտի պատասխանի, թե ինչո՞ւ չի ընթանում «27»-ի դատավարությունը, թե ինչո՞ւ են նման պայմաններ ստեղծվել նախագահական ընտրություններում։ Նա նաեւ գործող նախագահ է եւ երաշխավորն է արդար ընտրությունների։ Արտակ Սահրադյանի հետ (ԿԸՀ նախագահ) նա պիտի պատասխան տա այս ամենի համար։ Ինչո՞ւ չեն հրապարակվում ընտրությունների իրական արդյունքները, ինչո՞ւ ընթացք չի տրվում տասնյակ բողոքներին։ Փաստորեն, օրենք է խախտվել, ո՞վ է դրա երաշխավորը, ո՞վ է Արդարադատության խորհրդի նախագահը։ Ստեփան Դեմիրճյանը բանավեճից չի խուսափում, բայց մինչ այդ պիտի տրվի ընտրությունների գնահատականը, պետք է ազատ արձակվեն բոլոր տղաները։ Երկրապահների մեծ մասը ՀԺԿ անդամներ են, շտաբի պետեր են, վստահված անձինք, ԱԺՄ հանձնաժողովի անդամ են ձերբակալել Եղեգնաձորում»։ «16»-ի միավորման միասնական շտաբի պետ Վաղարշակ Հարությունյանը եւս անդրադարձավ ձերբակալությունների խնդրին եւ ասաց, որ ձերբակալությունները որեւէ կապ չունեն հանրահավաքի հետ. «Ձերբակալվում են շտաբի պետերը եւ այն շտաբների պետերը, որտեղ չի հաջողվել կեղծիքներ անել»։ Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ ձերբակալությունների հրահանգը տրվել է Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի կողմից։ Վերջինս պահանջել է այն անձանց ցուցակը, ովքեր խոչընդոտել են կեղծիքներին. «այդ ցուցակով իրավապահ մարմինները կատարում են ձերբակալություններ։ Եվ նպատակը պարզ է՝ որպեսզի 2-րդ փուլում կեղծիքները կատարվեն ավելի հանգիստ։ Սա բերում է այն եզրակացության, որ Ռ. Քոչարյանի շտաբը, ոստիկանությունը եւ դատախազությունը միասնաբար մշակել են ծրագիր, որով փորձում են ապահովել 2-րդ փուլի կեղծիքները։ Ո՞վ է այս ամենը ղեկավարում. Ռ. Քոչարյանը։ Նա շատ լավ տեղյակ է, շատ լավ հասկանում է, թե ինչ է անում, ու երբ հայտարարում է, թե կպահպանի կայունությունը, մի խնդիր է լուծում՝ փորձում է հանգիստ գնալ երկրորդ փուլ։ Ու եթե հիմա ընդունենք՝ լցրել է 3 հարյուր հազար, մյուս անգամ կփորձի լցնել 6 հարյուր հազար։ Ինքը դա է մեզ առաջարկում՝ դուք հանգիստ նստեք, ես իմ գործը անեմ ու մնամ նախագահ։ Նույն ոճը եղել է «27»-ից հետո։ Ինքը մեղավոր էր, որ «27»-ը եղավ, նա չապահովեց անվտանգությունը եւ դրանից հետո՝ ի՞նչ, կայունություն ապահովե՞ր»։ Ստ. Դեմիրճյանի նախընտրական շտաբի մամուլի հարցերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հայտարարեց, որ այս ամենը «կարելի է որակել որպես ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, որովհետեւ այս երկու օրվա ընթացքում ձերբակալվել են ոչ միայն շտաբի պետեր, վստահված անձինք, այլեւ կանայք եւ երեխաներ։ Երեկ միայն դիտորդների միջամտության շնորհիվ է հնարավոր եղել ձերբակալված մի հիվանդ կնոջ ազատ արձակել։ Ձերբակալվածների մեջ կան երեխաներ, հաշմանդամներ։ Այս խավին ձերբակալելով, ահաբեկելու միջոցով փորձում են վախի մթնոլորտ հաստատել ամբողջ հանրապետությունում»։ Տիկին Խաչատրյանը եւս հարկ համարեց անդրադառնալ թեկնածուների բանավեճի թեմային եւ ասաց. «Ո՛չ Հ1-ը, ո՛չ էլ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբն իրավունք չունեն թելադրել բանավեճի թեմաները։ Պաշտոնապես հայտարարում ենք՝ բանավեճերի առաջին թեման կարող է լինել նախագահական ընտրությունը եւ նրան հաջորդած գործընթացները։ Հաջորդ թեման լեգիտիմ իշխանության թեման է՝ ի՞նչ է դա նշանակում, եւ ինչպիսի՞ն է իշխանությունը Հայաստանում։ Մյուս թեմաները կարող են առաջարկել։ Կարող են օրը 10 բանավեճ անել։ Բոլոր բանավեճերում, ինչպես եւ բոլոր ընտրություններում Ռ. Քոչարյանը պարտվելու է»։ Որպես լրացում՝ Վաղարշակ Հարությունյանն ավելացրեց. «Բանավեճերում նա չի կարող հաղթել, որովհետեւ իրական քաղաքականության մեջ նա պարտվել է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել