Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիրիքով» վճիռներ

Փետրվար 26,2003 00:00

«Բիրիքով» վճիռներ «Ես սկզբից եւեթ եղել եմ դատարանի մուտքի մոտ։ Դեռ որեւիցե դատ չէր եղել։ Փորձել եմ բարձրանալ դատարան եւ ներկա գտնվել դռնբաց դատական նիստին։ Սակայն շենքի մուտքի մոտ ոստիկանները փակել էին դատարան բարձրանալու ճանապարհը եւ ոչ ոքի չէին թողնում»։ «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի խոսքը վերաբերում էր ընդդիմության ցույցերին ձերբակալված մասնակիցների ու ակտիվիստների իրավունքների պաշտպանությանը։ Ա. Զեյնալյանի ներկայացմամբ, ինքը այնտեղ նույնիսկ բացատրել է դատարան բարձրանալու պատճառը, միջնորդի միջոցով հարց է ուղարկել դատավորին, որ վերջինս թույլ տա բարձրանալ եւ պաշտպանել մարդկանց իրավունքները։ «Դա էլ արգելվեց»։ Երեկ Երիտասարդ լիբերալի ակումբի հյուրն էր նաեւ նույն հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը, որն էլ մասսայական ապօրինի ձերբակալումների շուրջ անհրաժեշտ տեղեկություններ եւ իրավական հիմնավորումներ տվեց։ Ըստ Ա. Բլեյանի, իրենց տեղեկագրում արձանագրվել են փաստեր՝ 2003թ. փետրվարի 22-ին, 23-ին, 24-ին մի քանի տասնյակ քաղաքացիների՝ Հայաստանի առաջին ատյանի դատարանների կողմից վարչական կալանքի ու վարչական տուգանքի ենթարկվելու մասին։ Տեղեկագրի համաձայն, վարչական պատիժ ստացած քաղաքացիները ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք են, «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ տարածքային կառույցների ղեկավարներ, Ս. Դեմիրճյանի տարածքային շտաբների անդամներ։ Ա. Բլեյանի հավաստմամբ, Արմավիր մարզի բնակիչ Գրիգոր Բարսեղյանը (2-րդ կարգի հաշմանդամ) ենթարկվել է 15-օրյա ՀՀ օրենքով արգելված (հոդված 31) կալանքի. «Վարչական տույժ նշանակելիս դատարանները չեն ղեկավարվել ՀՀ օրենքով, անտեսել են վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները»։ Սույն տեղեկագրին կից կար վարչական կալանքի ենթարկված 33 անձի ճշտված ցուցակ։ Բանախոսների խոսքերով, իրենց ձեռքի տակ կա նաեւ ավելի մեծ ցուցակ, որտեղ ընդգրկված անձինք վարչական տույժի են ենթարկվել տուգանքի ձեւով։ Վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածը, Ա. Բլեյանի խոսքերով, դատավորները կայացրել են ակնհայտ ապօրինի որոշումներ, կատարել են քրեական հանցագործություններ։ Ա. Զեյնալյանն անդրադառնալով ձերբակալվածներին, նաեւ նշեց. «Երբ պատժվողների քանակն ավելացավ, մարդիկ արդեն ներկա չէին գտնվում իրենց դատական նիստին։ Ավտոմեքենան գալիս, կանգնում էր դատարանի մուտքի մոտ եւ վերեւից իջեցնում էին նրանց անունով տպված ազատազրկման որոշումները, վճիռները։ Մարդիկ միանգամից տեղափոխվում էին ազատազրկման վայրեր»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել