Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ միջազգային հանրությանը

Փետրվար 26,2003 00:00

Կոչ միջազգային հանրությանը Սույն թվականի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները, որոնք մեկ անգամ եւս ապացուցեցին իշխող վարչակարգի ողջ հակաժողովրդավարական էությունը։ Ընտրությունների ամբողջ ընթացքը, սկսած նախընտրական քարոզարշավից, վերջացրած ձայների հաշվարկով, անցնում էր ՀՀ Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության եւ Հայաստանի կողմից ստորագրված Մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի կոպիտ խախտումներով: Այդ ամենը կատարվում էր միջազգային դիտորդների ներկայությամբ, որոնք արդեն փետրվարի 20-ին տվեցին կատարվածի իրենց ոչ այնքան դրական գնահատականր։ Չնայած այս ամենին, վարչակարգը շարունակում է իր բռնակալական քաղաքականությունը, որի նպատակն է իշխանության պահպանումը։ Դրա հետեւանքով հարյուր-հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու կամքի ազատ արտահայտման իրենց իրավունքը։ Սակայն իշխանությունները, սեփական ժողովրդի նկատմամբ կիրառելով ահաբեկչության քաղաքականություն, քաղաք մտցրին ոստիկանության զորքերը եւ սկսեցին ընդդիմադիր թեկնածուների շտաբների ղեկավարների եւ վստահված անձանց մասսայական ձերբակալությունները՝ ներկայացնելով «չարտոնված երթին մասնակցելու» անօրինական մեղադրանքներ, սակայն հետո նրանց դատելով «մանր խուլիգանության» համար։ Ձերբակալվածների նկատմամբ դատավարություններն անցնում էին դռնփակ, շենքի մուտքը շրջապատված էր լինում ոստիկաններով, իսկ մեղադրյալներին մերժում էին պաշտպանվելու իրավունքը։ Հելսինկյան ընկերակցությունը կոչ է անում միջազգային հանրությանը հանրապետության իշխանություններից պահանջել ինչպես Եվրախորհրդին անդամակցվելիս վերցված, այնպես էլ Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերում ամրագրված պարտավորությունների կատարումը: Ժողովրդավարական նորմերի Հայաստանի իշխանությունների կողմից չկատարման դեպքում՝ Հելսինկյան ընկերակցությունը գտնում է, որ գործող վարչակարգի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել սանկցիաներ, ընդհուպ մինչեւ երկրի հեռացումը Եվրախորհրդից եւ ցուցաբերվող ֆինանսական աջակցության չափերի վերանայումը։ Հելսինկյան ընկերակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել