ԴԱՍԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ Կամ թե ինչպես է Ա. Կարապետյանի օգտինը համընկել Ռ. Քոչարյանի օգտի հետ ու վնասել Ս. Դեմիրճյանին Մեր հավաստի աղբյուրի տրամադրած տեղեկությունների վերլուծությունից պարզվում է, որ ընտրախախտումները տեղի են ունեցել խիստ համակարգված, իսկ ընտրախախտումների մեխանիզմները մշակելու համար գործադրված են եղել նաեւ ինտելեկտուալ ռեսուրսներ ու կարողություններ։ Մեր աղբյուրին չվտանգելու համար, ցավոք, չենք կարող նշել ոչ նրա անունը, ոչ էլ զբաղեցրած դիրքը։ Միայն ասենք, որ տեղեկատվության աղբյուրը հավաստի է։ Տվյալ պարագայում առավել հավաստի տեսականորեն եւ գործնականում պարզապես չի լինում։ Այսպիսով, ընտրախախտումների մասին ստացված մեր տեղեկություններից դատելով, արդեն «դասական» դարձած «կարուսելի», «մեռած հոգիների», «քվեատուփերը տրցակով լցոնելու» ընտրակեղծիքների շարքը համալրվել է նորերով, որոնցից մեկն, օրինակ, կատարվում է ձայների հաշվման ընթացքում։ Սա ընտրակեղծիքի այն տեսակն է, որը հօգուտ գործող նախագահի է աշխատում ոչ ուղղակիորեն։ Օրինակ, նույն աղբյուրի խոսքերով, Արամ Կարապետյանն իզուր է ասում, թե իր ձայները կիսվել են (այսինքն, կիսով չափ պակասեցվել են)։ Իրականում, մեր աղբյուրի խոստովանությամբ, Արամ Կարապետյանի ձայները շատացել են, երբեմն նույնիսկ բազմապատկվել։ Ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանինը։ Առաջին եւ հաջորդ տեղերն զբաղեցրած թեկնածուների «հաշիվների» միջեւ եղած տարբերությունը մեծացնելու նպատակով պակասեցվել են երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած թեկնածուների ձայները։ Բայց դրանք, որպես կանոն, չեն գրանցվել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, չնայած, արդյունքում, էլի ինքն է շահել։ Դա արվում է ձայները հաշվելու ժամանակ, հետեւյալ մեխանիզմով. երբ հանվում է Ռ. Քոչարյանի օգտին քվեարկած թերթիկը, ցույց է տրվում բոլորին, որովհետեւ նաեւ թեկնածուների վստահված անձինք են ցանկանում համոզվել, որ, իրոք, գործող նախագահի վերընտրության հարցում խիստ շահագրգռված հանձնաժողովի նախագահը ճիշտ է ներկայացնում տվյալը։ Վստահված անձինք նույն կասկածները չեն դրսեւորում նաեւ ընդդիմադիր թեկնածուների օգտին «հայտնաբերված» քվեաթերթիկների դեպքում։ Այդ ժամանակ, մեր աղբյուրի ներկայացմամբ, հարկ չկա, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները նույնպես ցույց տա բոլորին, որովհետեւ ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք գիտեն, որ հանձնաժողովի իշխանամետ նախագահը Ռ. Քոչարյանի ձայները ուրիշ թեկնածուի հաստատ չի տալու։ Բայց նրանց մտքներով էլ չի անցնում հետեւել, որ ամեն մեկի ձայնը հասցեատիրոջը հասնի։ Վստահված անձանց այս անուշադրությունից օգտվելով է, որ հանձնաժողովի նախագահը Ստեփան Դեմիրճյանի, իսկ հազարից մեկ նաեւ Արտաշես Գեղամյանի ձայներն ուղղակի նվիրում է 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղ զբաղեցրած թեկնածուներին՝ շարելով վերջիններիս օգտին քվեարկված թերթիկների վրա։ Այսպիսով, մեծանում է առաջին եւ հաջորդ տեղերն զբաղեցրածների հաշվի տարբերությունը եւ տվյալ պարագայում շահում է Ռոբերտ Քոչարյանը։ Կարող է նշվածի վերաբերյալ տարակուսանք առաջանալ, թե ինչո՞ւ հանձնաժողովի անդամները չեն կանխում սա։ Սակայն, եթե նկատի ունենանք մեր աղբյուրի հայտնած մյուս տվյալը, թե «պատահում է, որ հանձնաժողովի անդամներից մեկին չի հաջողվում առնել», ավելի շուտ հակառակ հարցը կծագի. ինչո՞ւ պիտի կանխեն։ Չէ՞ որ լռելու կամ օգնելու համար վարձատրվել են։ Մեր աղբյուրին դուր չի եկել այն հանգամանքը, որ հիմնականում գրվում ու խոսվում է Ռ. Քոչարյանի օգտին կատարված ընտրակեղծիքների մասին։ Նրա տեղեկություններով, թաղային հեղինակություններից մեկը (անունը չենք նշում) ընտրակաշառքի եւ ահաբեկելու միջոցով Կոնդի ողջ բնակիչներին ստիպել է քվեարկել Ստեփան Դեմիրճյանի օգտին. «Դրանով ենք բացատրում կոնդեցիների աննախադեպ մասնակցությունը ընտրություններին։ Մարդիկ նույնիսկ գյուղերից իրենց գերդաստանի անդամներին էին բերում քվեարկության»։ Մարզերից մեկում էլ (չասաց, թե որտեղ) Քոչարյանի կողմնակիցները մի հնարք են մշակել, որից տուժել են։ Ըստ պայմանավորվածության, ցուցակներում չընդգրկված մի քանի մարդկանց անձնագրերում որոշակի պայմանանշանի առկայության պարագայում հանձնաժողովի անդամները աչք են փակել տվյալ բնակավայրում վերջիններիս՝ գրանցում չունենալու հանգամանքի վրա։ Քանի որ իմացել են, որ նրանք մտնում են, ընդ որում՝ մի քանի անգամ, Ռ. Քոչարյանի օգտին քվեարկելու համար։ Սակայն շատ շուտով Ս. Դեմիրճյանի վստահված անձինք բացահայտել են այս «հնարքը» եւ իրենք էլ օգտվել դրանից։ Մեր աղբյուրն, իհարկե, դժգոհ է ընտրակեղծիքների ցայտուն դրսեւորումներից, ինչպես մի քանի հայտնի մականունավորների՝ քվեաթերթիկներ լցնելու փաստն է։ Հասկանալի է, որ մեր աղբյուրը խոսեց ընտրակեղծիքների միայն այն մեխանիզմների մասին, որոնք երկրորդ փուլում կրկնելու կամ մտադրություն չունեն, կամ հնարավոր չէ։ Սակայն երկրորդ փուլի համար էլ ուրիշ մեթոդներ են մտածել։ Օրինակ, ցանկալի արդյունքն ապահովելու համար նախատեսվում է կեղծել շուրջ 200 հազար ձայն։ Ընդ որում, մեխանիզմն այնպես է մշակված, որ հետագայում վերահաշվարկի ժամանակ յուրաքանչյուր ընտրատեղամասում անճշտությունների թիվը չանցնի 1%-ը, այսինքն թույլատրելի սահմանը։ Մեր աղբյուրը չհամաձայնեց, որ հաշվարկը տպագրենք։ Զգուշացնենք, որ դժվարանալու է նաեւ խախտումների արձանագրման պրոցեսը, քանի որ «արդեն 2 թեկնածու կա, հետեւաբար 2 վստահված անձ։ Իսկ արձանագրությունները կազմվում են առնվազն 2 անձի ստորագրությամբ։ Եվ որ դժվար չէ կանխատեսել, մեկը գրեթե միշտ դեմ է լինելու»։ Ա. Ֆ.