Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդատյացությունը բումերանգ է»

Փետրվար 26,2003 00:00

«Մարդատյացությունը բումերանգ է» Ասում է հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի տիկինը՝ Անահիտ Բախշյանը նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն է։ Հետեւելով ընտրությունների ընթացքին եւ դրան հաջորդող օրերի գործողություններին, տիկին Բախշյանը հետեւյալ գնահատականները տվեց. «Ինչ-որ այսօր կատարվում է մեր պետության մեջ՝ բռնատիրություն է, մարդկանց ազատ կամքի դրսեւորման, ընտրելու իրավունքի, կարծիք հայտնելու եւ այլ իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Ես կարծում եմ, որ սա մի դեպքում է լինում, երբ իշխանությունները ոչ մի կերպ չեն հաշտվում այն մտքին, որ իրենք ազատ ընտրության ճանապարհով պետք է հանձնեն իշխանությունը։ Հարյուր-հազարավոր մարդիկ ոտքի են ելել իրենց քվեն պաշտպանելու, իրենց ձայնի իրավունքը պաշտպանելու եւ իշխանական թեւը այս մարդկանց կոչում է ամբոխ։ Անհարիր որակավորում։ Մարդ ինչքա՜ն պիտի չսիրի իր ժողովրդին, ինչպիսի՜ ատելություն, սեւ ուժ պիտի ունենա իր մեջ այս իշխանությունը, որ այդ գաղափարակիր հարյուր-հազարավոր մարդկանց կոչի ամբոխ»։ Տիկին Բախշյանը հակադարձելով այն մեղադրանքները, թե իբր Ս. Դեմիրճյանի կողմնակիցները եւս ընտրախախտումներ են կատարել, ասաց. «Ինչպե՞ս կարող էին Ս. Դեմիրճյանի կողմնակիցները խախտումներ կատարել, երբ պարզ թվաբանությամբ բոլոր հանձնաժողովների բոլոր անդամները Ռ. Քոչարյանի մարդիկ էին, այդ հանձնաժողովների դեմ իրոք խաղ չկա։ Բայց, ուրեմն ինչքան հզոր է ժողովրդի կամքը, ցանկությունը, որ նույնիսկ այս պայմաններում Ստեփան Դեմիրճյանը այնքան ձայն հավաքեց, որ ԿԸՀ-ն պարզապես չգիտի, թե ինչպե՞ս այդ ձայների տակից դուրս գա»։ Նախագահական քարոզարշավի օրերից առաջ եւ բուն ընտրությունների ընթացքում շարունակվում է առկախված մնալ «27»-ի գործով դատավարությունը։ Այս մասին տիկին Բախշյանը հետեւյալն ասաց. «Ես շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սրտանց, կաթոգին սիրով քվեարկում են Ռ. Քոչարյանի օգտին, որովհետեւ այդ մարդիկ մտածում են, թե ինչ որ կատարվեց այս հինգ տարվա մեջ մեր երկրում՝ սպանություններ, «Հոկտեմբերի 27» եւ այլն, դա իրենց չի վերաբերում, դա իրենց կողքով կանցնի եւ չի կարող այնպես լինել, որ իրենց ընկերը, իրենց բարեկամը, իրենց որդին գնա «Պապլավոկ» եւ անզգույշ քաշքշուկի» հետեւանքով սպանվի։ Ես շնորհավորում եմ, որ իրենք այդքան կարճատես են, չեն մտածում հաջորդ քայլը եւ վերընտրում են այդպիսի նախագահի։ Ռ. Քոչարյանի դեմ առաջին փաստարկը սպանություններն են, «Հոկտեմբերի 27»-ն է, այս ամենը խոսում է իշխանությունների անգործության մասին։ Ես ասել եւ ասում եմ, որ մեղադրում եմ իշխանություններին անգործության համար, այն բանի համար, որ թույլ տվեցին կատարվի նման սարսափելի ահաբեկչություն։ Նման բաները պատահաբար չեն լինում։ Այսօր ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչ է կատարվել (եւ դրանում ինձ օգնեց «27»-ի գործով դատավարությունը), շատ-շատ հարցեր պարզվում են, օրինակ այն, որ ոստիկաններից ոմանք գիտեին, որ նման բան պիտի լինի, անվտանգությունը գիտեր, բազմաթիվ մարդիկ գիտեին, բայց իշխանությունները ոչ մի միջոց չձեռնարկեցին կանխելու համար։ Ուրեմն՝ չպիտի՞ գա այն օրը, երբ այսօրվա իշխանությունները պատասխան կտան այս ամենի համար»։ Դատավարության ընդմիջումը, ըստ տիկին Բախշյանի, գուցե եւ դրական միտում ունի՝ հասարակությանը ավելորդ լարվածությունից զերծ պահելու համար. «Բայց չափն անցավ, որովհետեւ դատավարության ընդհատման փաստն աղաղակող է եւ միայն իրենց դեմ է խոսում։ Խոսում է այն մասին, որ 27 թվից վախենում են, ինչպես չգիտեմ ինչից։ Ընդհանրապես, ձեռքներին ճար լիներ, օրացույցից կջնջեին այդ օրը»։ Նախագահական ընտրություններին մասնակցել են նաեւ ամբաստանյալներ, եւ որքան հայտնի է, 16-ից 7-ը քվեարկել են հօգուտ Ռ. Քոչարյանի, ըստ Անահիտ Բախշյանի՝ Ռ. Քոչարյանի օգտին քվեարկածները «27»-ի գործով ամբաստանյալներն են։ Այս կապակցությամբ տիկին Բախշյանն ասաց, որ իր տեղամասում բազմաթիվ հաշմանդամ եւ հիվանդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին. «Պարզվում է, կալանավորը, մարդասպանը ավելի շատ իրավունք ունի այս երկրում, քան հաշմանդամ քաղաքացին։ Ինչպիսի՞ երկիր ենք կառուցում, ինչքա՞ն կարելի է մարդատյացության վրա իշխանություն պահել։ Այդ մարդատյացությունը բումերանգ է, շուռ կգա, էնպես կտա, չեն իմանա գլուխներն ուր պահեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել