ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ Այսօր սկսվում է նախագահի ընտրության երկրորդ փուլի քարոզարշավը: Առաջին փուլում նախընտրական քարոզչության խախտումների մասին զրուցեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: -Դիտորդների եզրակացության համաձայն՝ միայն Ռոբերտ Քոչարյանի քարոզչությանը հեռուստաընկերություններն այնքան ժամանակ էին հատկացրել, որքան բոլոր մնացած թեկնածուներին միասին: Արդյոք սա նախընտրական քարոզչությունը հավասար հիմունքներով անցկացնելու վերաբերյալ Ընտրական օրենսգրքի պահանջի խախտո՞ւմ չէ: – Այս խնդիրը մենք ոչ պաշտոնական ձեւաչափով քննարկել ենք նաեւ դիտարկում իրականացնող հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Խնդիրն ունի երկու կողմ՝ որքանո՞վ է իրավական եւ որքանո՞վ է իսկապես չհավասարակշռված: Մեր իրավասությունն է՝ հետեւել իրավական կողմին, այսինքն՝ թե որքանով է վարվող քարոզչությունը տեղավորվում օրենքներով սահմանված շրջանակներում: Այս իմաստով, իհարկե, կան մի շարք դժգոհություններ՝ կապված նախընտրական քարոզչական շրջանի հետ: Մի շարք հաղորդումներ որակվում են իբրեւ քարոզչական՝ բնույթով եւ բովանդակությամբ: Հանձնաժողովը երբեք չի միջամտելու որեւէ լրատվամիջոցի հաղորդումների բովանդակությանը, եթե դրանք օրենքի շրջանակում են: Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչն իրավամբ նկատեց, որ նախընտրական քարոզչական շրջանի համար նախատեսված կարգավորում ուղղակի չկա: – Եթե չեմ սխալվում՝ դիտողությունը վերաբերել էր միայն նրան, որ օրենքով սահմանված չէ՝ ինչ ասել է ընտրություններին նախորդող ժամանակաշրջան, որքան է դրա ստույգ տեւողությունը: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, այո, օգտագործվում է «նախորդող շրջան» հասկացությունը, բայց ասվում է, որ կարգավորումն իրականացվում է ըստ Ընտրական օրենսգրքի: Վերջինս նման շրջանի համար որեւէ կարգավորում ուղղակի չի նախատեսում եւ նույնիսկ չի օգտագործում այդ «նախորդող շրջան» տերմինը: Այս իմաստով՝ չեմ տեսնում իրավական որեւէ խնդիր: Գիտեք, որ այն դեպքերում, երբ եղել են խախտումներ, մեր հանձնաժողովը տուգանել է այդ հեռուստաընկերություններին: Տուգանքը սահմանվել է նվազագույն չափի, քանի որ չենք տեսել միտումնավորություն: Այժմ նոր ակնհայտ խախտումներ ենք գրանցել եւ նախատեսում էինք մոտակա նիստում անդրադառնալ դրանց: Բայց քանի որ սկսվում է երկրորդ փուլի քարոզչությունը՝ կարելի է հավաքել փաստերը եւ խնդրին հետագայում անդրադառնալ ամբողջությամբ: – Չե՞ք մանրամասնի, թե ինչ խախտումներ եք արձանագրել: – Ասենք, «Շանթ» հեռուստաընկերությամբ փետրվարի 19-ին լրագրողն ուղղակի հարց ուղղեց, թե ում է ընտրել ընտրողը, եւ վերջինս տվեց թեկնածուի անուն: Իսկ դա արգելված է Ընտրական օրենսգրքով: Նման մի խախտում էլ արել է ԱԼՄ հեռուստաընկերությունը: Եվ մեր պարտավորությունների մեջ է օրենքի հստակ ձեւակերպված դրույթների խախտումներին արձագանքելը: Դիտորդական առաքելությունների գործառույթը բոլորովին այլ է՝ նրանք ոչ թե հետեւում են, թե օրենքի շրջանակում տեղավորվում է կամ ոչ, այլ գնահատում են քարոզչության հավասարակշռվածությունը: Էապես տարբեր բաներ են: Դառնանք տարաձայնության որոշակի դեպքերին, երբ ըստ դիտորդի՝ խախտում է եղել, բայց ըստ մեզ՝ որեւէ հիմք չկա կիրառել վարչական տույժ: Օրինակ՝ նշում են, թե լրատվական թողարկումները հավասարակշռված չեն, եւ թեկնածուներից մեկի քարոզարշավը լուսաբանվել է շատ ավելի երկար, քան մյուսներինը: Սակայն, օրենքի տեսանկյունից, եթե ռեպորտաժն իրոք կրել է լրատվական բնույթ՝ հաղորդվել է ընտրողների հետ թեկնածուի հանդիպման մասին, տրվել են հատվածներ ելույթներից եւ այլն, եւ ունեցել է նույն ձեւը, ինչ մյուսների հանդիպումների վերաբերյալ լրատվությունը՝ ավելի կարճ տեւողությամբ, այստեղ ֆորմալ առումով քարոզչություն չկա. զուտ լրատվություն է: Եվ տույժեր կիրառելու մեր սանկցիաները լրատվամիջոցները հաջողությամբ կվիճարկեն դատական ատյաններում: – Սակայն գործող նախագահի հանդիպումների պարագայում այդ լրատվությունը կրել է ակնհայտ քարոզչական ուղղվածություն, քանզի զուգորդվել է նաեւ նրա բարեմասնությունները գովերգող ընտրողների հետ հարցազրույցներով, եւ չեն եղել քննադատական, բացասական գնահատականներ, որոնք առկա էին այլ թեկնածուների պարագայում: – Գնահատականների, ազդեցությունների իմաստով քննարկելու պարագայում պիտի սկսեինք դիտարկել նաեւ, թե ինչպիսին է եղել գեղարվեստական ֆիլմերի ընտրանքը, քանի որ սա եւս կարող է օգտագործվել քարոզչական իմաստով: Բայց եկեք հետեւողական լինենք՝ եթե օրենքի ակնհայտ խախտում է, որ կարող ենք ապացուցել տույժ կիրառելու դեպքում՝ անենք, իսկ հատկացված ժամանակը չափելը դիտորդների խնդիրն է: – Այնուամենայնիվ, ակնհայտ օրինախախտումները շատ ավելին են, քան գրանցել է Ազգային հանձնաժողովը: Որպես օրինակ կարող եմ նշել թեկուզ օտարերկրացիների իրականացրած քարոզչությունը: – Վարչական տույժերի մեջ առանձին հոդվածով առանձնացված չէ այդ խախտումը: Բայց որեւէ դեպքում՝ եթե դա Ընտրական օրենսգրքի խախտում է, բնականաբար. մենք կարձագանքենք: – Հանձնաժողովը չի արձագանքել նաեւ հետեւյալ խախտմանը՝ «Արմենիա» եւ մի շարք այլ հեռուստաընկերություններով հեռարձակվում էին ակնհայտ քարոզչական բնույթի հաղորդումներ՝ ասենք, Քոչարյանին գովերգող գլխավոր բժիշկների եւ գործարարների հետ հարցազրույցներ՝ առանց համապատասխան «Քաղաքական գովազդ» կամ «Նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի: – Մեծ քանակությամբ հաղորդումների վերաբերյալ կային ահազանգեր կամ բողոքներ: Բայց, կրկնում եմ, հանձնաժողովը չի ներխուժելու բովանդակային մաս եւ փորձագիտական գնահատականներ տալու՝ սա քարոզչությո՞ւն է, թե՞ ոչ, այսինքն՝ գրաքննական գործառույթներ չենք ստանձնելու, որ ինքնին վտանգավոր է: Վերջիվերջո, մեր վերահսկում ենք հեռարձակման կատարողական կողմը, եւ պետք չէ պահանջել, որ կատարենք բովանդակային դիտարկում: Եթե նման խախտումներ կան՝ թող դրանց արձագանքեն այն մարմինները, որոնք ունեն նման գնահատականներ տալու իրավասություն: Իսկ մենք անպայման կարձագանքենք, եթե չի եղել համապատասխան լուսագիր, եթե հրապարակվել են սոցհարցման արդյունքներ՝ օրենսդրությամբ արգելված ժամանակահատվածում, եթե ընտրության օրը հարցումներ են արվել, թե ում օգտին են քվեարկել եւ այլն, այսինքն՝ այն, ինչը վիճարկման առարկա չի կարող լինել, եւ դատարանում հստակ կարող ենք ապացուցել, որ այդ մասով օրենք է խախտվել: – Ի դեպ, քվեարկությունից 7 օր առաջ սոցհարցման արդյունքներ չհրապարակելու վերաբերյալ դրույթն էլ է խախտվել Հանրային ու «Կենտրոն» հեռուստաընկերությունների կողմից: Արձագանքելո՞ւ եք: – «Ապաքաղաքական գովա՞զդը» նկատի ունեք: Անպայման ենք անդրադառնալու, քանի որ ունենք նաեւ բողոք այդ կապակցությամբ: – Զարմանալի է, որ ձեր քայլերի զգուշավորությունն անընդհատ հիմնավորում եք դատարանում հայտնվելու հեռանկարով: Հանձնաժողովն իր գործունեության շնորհիվ անընդհատ է հայտնվել դատարանում, եւ այս առնչությամբ նախագահին անգամ հրապարակավ առաջարկվում էր հետեւություններ անել Ձեր նշանակման վերաբերյալ: – Մենք գործունեություն ենք վարում այնպես, որ դատարաններում հայտնվելուց հետո հիմնականում հաղթում ենք: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ