Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞Ց ԿՈՒՐԱԽԱՆԱՆ ԱԶԵՐԻՆԵՐԸ

Փետրվար 26,2003 00:00

ԻՆՉԻ՞Ց ԿՈՒՐԱԽԱՆԱՆ ԱԶԵՐԻՆԵՐԸ Վերջին օրերին իշխանությունն ուզում է մեզ համոզել, իբր Ադրբեջանում շատ կուրախանան, եթե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Ռոբերտ Քոչարյանը: Մեր հարեւանների նման վերաբերմունքի ուղղակի ապացույցներ չեն բերվում: Միակ պաշտոնական տեսակետը, որը Բաքուն արտահայտել է մեր ընտրությունների վերաբերյալ, ներկայացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Վերջինս ասել է, որ իրենց համար միեւնույն է, թե ով կհաղթի հայաստանյան ընտրություններում, բայց Քոչարյանը գերադասելի է այնքանով, որքանով արդեն կա նրա հետ բանակցելու փորձը: Նորմալ բան է ասել, որն, ի դեպ, գործող նախագահի օգտին է, քանի որ նա ի պաշտոնե բոլորից լավ է տիրապետում խնդրի այսօրվա վիճակին: Բաքվի վերաբերմունքի մասին մնացած բոլոր գնահատականներն ընդամենը դատողություններ են, որոնք տեղավորվում են պաշտոնական քարոզչության հնարած անհեթեթ հեքիաթի շրջանակներում՝ «ՀՀՇ-ի ականջների» մասին: /Թե ինչու են փաստորեն գոյություն չունեցող կուսակցությանը այդպիսի ֆանտաստիկ զորություն վերագրում, հայտնի չէ՝ հավանաբար, ուզում են գովազդել/: Բայց եկեք մտածենք մի ուրիշ բանի մասին՝ թե երբ ավելի շատ կուրախանան ադրբեջանցիները: Հայաստանի նախագահից, որն ընտրված է ՀՀ քաղաքացիների կողմի՞ց, վայելում է նրանց վստահությունն ու աջակցությո՞ւնը: Թե՞ Հայաստանի նախագահից, որը երկրի ղեկավար է հռչակվել ընտրակեղծիքների եւ բռնությունների միջոցով, որը նախագահ է կարգվել ուժային կառույցների, իշխանությանը եւ պալատական օլիգարխներին պատկանող ավազակախմբերի ու խուժանի անօրինական գործունեության շնորհիվ: Ո՞վ կլինի ավելի թույլ, ավելի վերահսկելի եւ, հետեւաբար, ավելի հաճելի ադրբեջանցիների համար: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել