ԷԼԻ ՆՈՒՅՆ ԲՈԲՈՆ Մինչ ընտրությունների 1-ին փուլը միասնական թեկնածուով հանդես գալու աննպատակահարմարությունն ընդդիմադիրները պատճառաբանում էին նաեւ այն հավանական ուժգին հակաքարոզչությամբ, որ իշխանամետները կարժանացնեին նախագահի այդ թեկնածուին: Հիմնավոր մտավախություն էր, եթե հաշվի առնենք այն, ինչ այժմ կատարվում է Ստեփան Դեմիրճյանի շուրջ: Սակայն պարզվեց նաեւ, որ իշխանամետների քարոզչական զինանոցում մնացած միջոցները սպառված են, ու դաշնակցականները, նորացված կոմունիստները, «Ազգային անվտանգության» անխոնջ մարտիկներն եւ այլք չկարողացան որեւէ նոր բան հորինել, քան հին ու մաշված «բոբոյով» վախեցնելը եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակցին ՀՀՇ-ի հետ կապելը: Վարկածը շրջանառության մեջ նետեց ինքը՝ պրն Քոչարյանը՝ նախկին իշխանության երեւացող ականջների վերաբերյալ իր դատողությամբ: Թեեւ ո՛չ նա, ո՛չ «ՀՀՇ-ն՝ մատենադարանակալած» արտահայտության հեղինակներն իրենց այդպես էլ նեղություն չտվեցին նշել գեթ մեկ օրինակ՝ ՀՀՇ-ական գործիչներից այդ ո՞ր մեկն է, որ հայտնվել է Դեմիրճյանի շրջապատում: Իսկ լրագրողներն էլ, իհարկե, զուտ բնածին ամոթխածության պատճառով չեն խնդրում հիմնավորել այդ պնդումները: Փոքր-ինչ շեղվելով թեմայից՝ նշենք, որ այդպես էր նաեւ այնժամ, երբ Քոչարյանը հայտարարեց, թե Դեմիրճյանի շուրջ համախմբվել են կաշառակերության պատճառով պաշտոնանկ արված մարդիկ. հարց չտրվեց, թե ովքե՞ր են այդ մարդիկ եւ ինչո՞ւ են նրանց կաշառակերության համար, որ «ՔՕ» ամենածանր հոդվածներից մեկն է, օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ միայն ազատել աշխատանքից: Պնդումների ապացույցներ չկան: Ուստի եւ իշխանության քարոզչական հրետանին ստիպված մեկ Րաֆֆի Հովհաննիսյանին է ներկայացնում իբրեւ ՀՀՇ-ական, մեկ Սուրեն Աբրահամյանին… Կոմպրոմատը սակավ է՝ ստիպված, ասենք, «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանին են մեղադրում Իրանին երկակի նշանակության տեխնոլոգիաների վաճառքի մեջ, մինչդեռ ԱՄՆ-ը՝ որպես այդ գործարքի հեղինակ, «թյուրիմացաբար» իր «սեւ» ցուցակում նշել էր Արմեն Սարգսյանին: Իսկ ընդհանրապես՝ ոչ մի նոր բան այս ամենում չկա: 1998-ին էլ էին Քոչարյանի կողմնակիցները պնդում, թե Կարեն Դեմիրճյանն իր ուսերին նստեցրած իշխանության է բերում Լեւոնին եւ Վանոյին: Այնպես որ՝ խիստ աղքատիկ է իշխանամետների երեւակայությունը: Ա. Ի.