Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներդաշնակ քարոզչություն

Փետրվար 26,2003 00:00

Ներդաշնակ քարոզչություն Ինչպես հայտնի է, հարկատուների հաշվին աշխատող Հանրային հեռուստատեսությունը խիստ հավասարակշռված քաղաքականություն է տանում եւ օբյեկտիվորեն տեղեկացնում է հեռուստադիտողներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Դա արվում է մոտավորապես հետեւյալ կերպ. Հաղորդավար /կադրում/. Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններից հետո մի խումբ ծայրահեղականներ անհամաձայնություն են հայտնել ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ողջ հայ ժողովուրդը մեկ մարդու նման դատապարտում է մի խումբ բախտախնդիրների հակաժողովրդական կեցվածքը: Հրանտ Մարգարյան /կադրում/. Ես խստորեն դատապարտում եմ ահաբեկչությունը, սպանությունները եւ թմրաբիզնեսը: Միայն Ռոբերտ Քոչարյանն է, որ այս 5 տարվա ընթացքում կանխել է այդ բոլոր երեւույթները: Սերգո Երիցյան /կադրում/. Ես իմ ողջ գիտակից կյանքում պայքարել եմ ՀՀՇ-ի դեմ, որը հիմա ուզում է իշխանության գալ Ստեփան Դեմիրճյանի տեսքով: Հաղորդավար /կադրում/. Այժմ՝ միջազգային անցուդարձից: Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը հայտարարել է, որ միշտ երազել է, որ Ստեփան Դեմիրճյանը գա իշխանության, որովհետեւ դա իրականում Ստեփան Դեմիրճյանը չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը կհրաժարվի Հայ Դատից, իսկ Ղարաբաղը կզիջի թուրքերի ադրբեջանցի եղբայրներին: Հաղորդավար /կադրում/. Օրվա մյուս նորությունների մասին: Գործարանի տնօրեն /կադրում/. Այս 5 տարվա ընթացքում մեր գործարանն ամեն տարի գերակատարել է պլանը 206 տոկոսով, իսկ հնգամյակը մենք ավարտել ենք 4 տարում: Բայց եթե հանկարծ Դեմիրճյանն ընտրվի նախագահ, գործարանը կփակվի, չեն գործելու նաեւ մյուս բոլոր արտադրական ձեռնարկությունները, քանի որ մեզ հետ ոչ ոք պայմանագիր չի կնքի: Ծննդատան գլխավոր բժիշկ /կադրում/. Վերջին երկու շաբաթում Հայաստանում կտրուկ ընկել է ծնելիությունը: Գիտականորեն դա բացատրվում է նրանով, որ 9 ամիս առաջ ամուսնական զույգերը՝ իմանալով, որ փետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ երկրում կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, չեն դիմել համապատասխան գործողությունների՝ վախեցել են իրենց երեխաների ապագայի համար: Այս դեմոգրաֆիկ ճգնաժամից դուրս գալու ելքը մեկն է՝ ընտրել Ռոբերտ Քոչարյանին՝ մեր կայունության եւ ծնելիության միակ երաշխավորին: Հաղորդավար /կադրում/. Մեր մշակութային անդրադարձը: Հայտնի երգիչ /կադրում/. Վերջին տարիներին Ռոբերտ Քոչարյանի իմաստուն ղեկավարությամբ իմ ձայնային տվյալները աննախադեպ աճ են ապրել՝ ես հեշտությամբ վերցնում էի երկրորդ օկտավայի «ֆա-դիեզը»: Հիմա մի խումբ ծայրահեղականների պատճառով «ռե»-ից բարձր չեմ քաշում: Սիրելի հայրենակիցներ, եթե դուք անտարբեր չեք մեր մշակույթի ճակատագրի նկատմամբ, թույլ մի տվեք, որ մենք հրաժարվենք մեր նվաճումներից: Հաղորդավար /կադրում/. Այժմ մեկ լուր սպորտային թեմաներով: Հայտնի ծանրորդ /կադրում/. Որ իմացա՝ Դեմիրճյանի տղեն ա ուզում պրեզիդենտ դառնա, էլ պարապելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ հավես: Կառոչե, ես էս շտանգեն չեմ կարա հելցնեմ, եթե Քոչարյանը նախագահ չըլնի: Հաղորդավար /կադրում/. Հետեւեք իրադարձությունների զարգացմանը «Հայլուր» լրատվական ծրագրով: Մոտավոր սցենարը կազմեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել