Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուսանք, որ 96-ը չի կրկնվի

Փետրվար 25,2003 00:00

Հուսանք, որ 96-ը չի կրկնվի Ու ժողովրդի վրա գոնե այս անգամ չեն կրակի Ընտրական օրենսգրքի հոդված 63-ի համաձայն, ՀՀ ԿԸՀ-ն պետք է դեռ փետրվարի 22-ին հրապարակեր ընտրությունների վերջնական արդյունքները: Մինչ այդ արդեն տարբեր աղբյուրներից լուրեր էին ստացվում, թե տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկությունների արձանագրություններն ու քվեաթերթիկների փաթեթները ընտրատարածքային հանձնաժողովներում պահվելու փոխարեն՝ տներ են տարվել ու, իբր, նախագահի աշխատակազմի մակարդակով աշխատում են դրանց վրա՝ փորձելով վերջնական արդյունքում հայտարարել, թե նախագահ Քոչարյանը հավաքել է 50+8%, կամ նվազագույնը հետաձգել վերջնական արդյունքի ամփոփումը՝ մինչեւ…: Իսկ ընտրությունների առավել եւս 2-րդ փուլում Ռ.Քոչարյանի ընտրվելու շանսերը կտրուկ նվազում են, ու դրանով պետք է բացատրել նաեւ իշխանությունների ջղաձգումները, այդ թվում՝ բռնությունների, նաեւ երկրի սահմանների պաշտպանությանը կոչված բանակը Քոչարյանին պաշտպանելու համար ոտքի կանգնեցնելու փաստը: Քոչարյանն իր իշխանությունը կարող է պահել միայն զենքի ուժով: Իսկ շաբաթ օրը ԿԸՀ-ն նախընտրեց ընտրությունների վերջնական արդյունքը հրապարակելու փոխարեն՝ քննարկել ավելի անմեղ հարց՝ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակացույցը: Ընտրությունների վերջնական արդյունքի ամփոփումը հետաձգելու համար օրինական հիմքեր կային՝ «… դատարաններում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ ոչ ուշ, քան 6 օր հետո, կազմվում է ընտրությունների ամփոփիչ արձանագրություն…» եւ այլն: Այլ է, որ օրենքի այս դրույթը ԿԸՀ-ն օգտագործում է միայն ընտրությունների վերջնական արդյունքի հրապարակումը հետաձգելու, այլ ոչ թե ընտրությունների իրական պատկերը վեր հանելու համար: Իշխանությունները նախընտրում են ընտրության իրական պատկերն ի ցույց դնելու փոխարեն՝ ի դեմս Քոչարյանի եւ այլոց, մատ թափ տալ Քոչարյանին չընտրած քաղաքացիների վրա՝ ահաբեկելով ապօրինի ձերբակալություններով կամ ժողովրդի դեմ բանակ դուրս բերելու սպառնալիքներով: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին ու մասնավորապես Արտակ Սահրադյանին, ապա՝ մասնավորապես վերջիններիս ապօրինի գործողությունների մասին խոսելն այլեւս անիմաստ է թվում, որովհետեւ դեռ 2002-ի դեկտեմբերի 6-ից ի վեր ԿԸՀ-ն այնքան օրինախախտումներ է թույլ տվել, որ որեւէ նորմալ երկրում դրա համար մարդիկ կարող էին դատվել առնվազն պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Բայց դե, սա ընդամենը Հայաստան է: Վերադառնալով ընտրակեղծիքներին ու դրանց ստուգման գործընթացին, նկատենք, որ քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում անխուսափելիորեն կարող է ավելանալ տեղ գտած կեղծիքների, ուստիեւ՝ անճշտությունների թիվը, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել կա՛մ ընտրություններն անվավեր հայտարարելու, կա՛մ Ստ.Դեմիրճյանին ընտրված նախագահ ճանաչելու: Թերեւս այդ է պատճառը, որ ԿԸՀ-ն հերթական անգամ օրինախախտման գնով ընտրությունների նախնական ամփոփիչ արձանագրության մեջ խուսափել էր նշել անճշտությունների չափը, ինչը ԸՕ հոդ. 63-ի 1-ին կետի պարտադիր պահանջներից մեկն է: Այսօր ԿԸՀ-ն այլեւս պատճառ չունի ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու համար: Ուզում ենք հավատալ, որ այն որեւէ արտառոց անակնկալ չի մատուցի: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել