Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Փետրվար 25,2003 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ Քոչարյանը մտադիր է իր իշխանությունը բռնի ուժով պահել Փետրվարի 21-ի հանրահավաքից հետո նույն գիշերն ու հաջորդ օրը Հանրապետության ողջ տարածքում սկսվել եւ շարունակվում են ՀՀ քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները: Դրանց թիվն այսօր անցնում է 100-ը: «Մարզերում ժողովուրդը խիստ վրդովված է եւ, մեր ունեցած տեղեկություններով, պատրաստվում են տեղերում հանրահավաքներ անցկացնել»,- ասաց Ռ. Խաչատրյանը: Նրա ասելով, ի պատասխան ընդդիմության իրավական պահանջների ու քայլերի, իշխանությունները սկսել են բռնությունների դիմել, որովհետեւ այլ կերպ վարվել չեն կարող. «Նրանք էությամբ «վոիններ» են, եւ անցած հինգ տարիներին երկրում փաստորեն խրամատային մթնոլորտ են ստեղծել»: Փետրվարի 22-ին ահազանգ ստացվեց մասնավորապես Արարատի մարզից: Միայն այստեղ ձերբակալվածների թիվը հասնում էր շուրջ 60-ի: Ժողովուրդը բորբոքված էր մասնավորապես Արտաշատ քաղաքում, որտեղ եւ մենք եղանք: Մի մեծ բազմություն հավաքվել էր Ստ.Դեմիրճյանի նախընտրական ենթաշտաբի դիմաց եւ պատրաստվում էր գնալ մարզպետարան՝ պահանջելու նախ ազատ արձակել ձերբակալվածներին: Ի դեպ, նրանց թվում կային վարորդներ, ովքեր նախորդ օրը մարզից մարդիկ էին տեղափոխել Երեւան՝ կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար: Մարդիկ մարզպետից պահանջում էին նաեւ չահաբեկել եւ չխոչընդոտել իրենց հաջորդ՝ կիրակի օրը, Երեւան գնալու ու հանրահավաքի մասնակցելու համար: Ահա այս պահանջներով շուրջ 100-200 հոգի, որոնք եկել էին նաեւ Բաղրամյան, Արեւշատ, Վերին Դվին եւ այլ գյուղերից, երթով գնացին դեպի մարզպետարան: Իսկ այստեղ վարչական շենքի մուտքն արդեն հսկում էին ոստիկաններն ու մարզպետարանի աշխատակիցները՝ աշխատակազմի ղեկավար ու միաժամանակ թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանի գլխավորությամբ: Վերջինս, Ստ.Դեմիրճյանի Արարատի մարզի նախընտրական ենթաշտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի մատուցմամբ, մարզում տեղի ունեցած ընտրությունների ամենամեծ կեղծարարներից մեկն է: Ահա այս Մարգարյան Արմենը փորձում էր արգելել Արտաշատ մեկնած լրագրողներին՝ Ա.Բարսեղյանի հետ միասին բարձրանալ մարզպետ Ալիկ Սարգսյանի մոտ, որին պետք է ներկայացվեին վերոհիշյալ պահանջները: Երկար բանավեճից հետո Ա.Մարգարյանը հայտարարեց, որ մարզպետը լրագրողներին առանձին կընդունի: Իսկ մինչ մենք սպասում էին պրն Բարսեղյանի ու մարզպետի առանձնազրույցի ավարտին, նույն ինքը՝ Ա.Մարգարյանը, մի կողմ քաշեց «Ա1+»-ի օպերատորին ու պահանջում էր տեսագրությունն իրեն ցույց տալ: Միայն լրագրողների միջամտությունից հետո լկտիորեն ինքնավստահ կեցվածք ընդունած Ա.Մարգարյանը տեղի տվեց: Իսկ մարզպետ Ալ.Սարգսյանը մեզ ասաց այն, ինչ ասել էր ԱԺ պատգամավոր Ա.Բարսեղյանին. ինքը չէ, որ մարդկանց ձերբակալելու հրահանգ է տալիս: Դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք եւ իրավական գնահատական են տալիս ձերբակալվածների արարքին: Պարզվեց, որ մարզպետը միայն շաբաթ ցերեկը ստացած ահազանգերից է տեղեկացել իր մարզում կատարվող ռեպրեսիաների մասին: «Զարմանալին այն է, որ մարզում տեղի ունեցող դեպքերին մեր մարզպետը կամ միշտ ուշ է տեղեկանում, կամ՝ ընդհանրապես տեղյակ չի լինում: Ինչպե՞ս կարելի է. մի ողջ տարածաշրջանում գիշերը մարդաորս են անում, ու մարզպետը տեղյակ չի»,- նկատեց Ստ.Դեմիրճյանի վստահված անձ Գոհար Մարտիրոսյանը, որ Ոստանի գյուղապետարանի մշակույթի բաժնում 25 տարի աշխատելուց հետո հիմա գործազուրկ է: Նրան ազատել են աշխատանքից, որովհետեւ ընդդիմադիր է ու իր գյուղապետին չի ընտրել: Իհարկե, մարզպետարանի մուտքի մոտ հավաքված բազմությանը վերջինիս պատասխանը չբավարարեց, բայց Ա.Բարսեղյանը նրանց հորդորեց գնալ տուն, իսկ կիրակի մասնակցել Երեւանում կայանալիք հանրահավաքին: Իսկ մարդիկ, իրոք, բորբոքված էին ու պարզապես «պաշարել» էին լրագրողներին՝ «Ինձ էլ նկարի, ես էլ բան ունեմ ասելու»: Ահավասիկ ինչ էին ասում Արարատի մարզի բնակիչները. Տիկին Անահիտ. «Մենք պահանջում ենք ազատել ձերբակալվածներին: Կերան էս ժողովրդին: Մարդկանց հինգհազարական դրամ, քրջեր ու որդնած ապրանք են բաժանել, որ Քոչարյանին ընտրեն: Բայց ինձ էդ ձեռք չի տալիս: Ինձ իրա փողը պետք չի, չնայած ես վատ եմ ապրում: Ավելի լավ է հիմնարկ-ձեռնարկություն լինի՝ մենք աշխատենք: Էդ բաժանած փողն 2 օր էլ կուտենք, բա էն 5 տարին ի՞նչ ենք անելու: Բա ժողովուրդը մեղք չի՞»: Գագիկ Մկրտչյան, Արեւշատ. «Առավոտը թաղայինը «քրեականի» աշխատողների հետ եկել տղայիս՝ Հուսիկ Մկրտչյանին, տարել է քաղմաս, թե միլպետն ուզում է հետը զրուցի: Մինչեւ հիմա ոչ մի տեղեկություն չեն տալիս, չգիտենք՝ որտե՞ղ է, ի՞նչ են ուզում: Էդ ի՞նչ զրույց է, որ արդեն 10 ժամ է տեւում»: Մեկ ուրիշն էլ պատմեց, որ ոստիկանությունը փորձել է իրեն էլ ձերբակալել, բայց մինչ ինքը դուրս կգար, թաղի կանայք ոստիկաններին քշել էին: Արտաշատում մեր այն հարցին, թե վախեցե՞լ են, պատասխանեցին՝ «Թող իշխանություններն իրենց մասին մտածեն, մենք վախենալու բան չունենք: Մինչեւ վերջ գնալու ենք: Ոչ մեկս էլ ոչ կոտրվել ենք, ոչ վախեցել: Մենք արդարություն ենք պահանջում եւ մինչեւ վերջ դրա համար պայքարելու ենք»: Աղվան Սիսակյան. «Ստ.Դեմիրճյանն առաջին փուլով է անցել: Ոչ մի երկրորդ փուլ»: Քաջիկ Մաթեւոսյան, Բաղրամյան. «Ես ոչ մեկից ո՛չ վախենում եմ, ո՛չ էլ ահ ունեմ: Սա ընտրություններ չի: Ժողովրդին ստիպում են, որ մտնի կուլիկը: Էս տեսակ արդարություն չի լինում: Ոչ մի հատ արդար, ազատ, թափանցիկ ընտրություն չկա: Մեր թեկնածուն ընտրվել է: Քոչարյանը թող իմանա, որ իրա տված ֆարշ՝ 50 կիլոյանոց ալյուրները 20 կիլո են եղել: Էդ էլ խաբեցին»: Ազնիվ Խաչատրյան, Արեւշատ. «Ես շատ մարդ գիտեմ, ում փոխարեն էդ «9-րդ ձեւ» կոչվածով ընտրել են, իսկ էդ մարդիկ իրենց անձնագրերը կորցրել էին ու ընտրությունների էլ չեն գնացել: Առավոտը շուտ ոստիկանները եկել էին, որ մեր գյուղից Ստ.Դեմիրճյանի վստահված անձին տանեն: Ամբողջ փողոցը պայքարեց, որ չտանեն: Ինչի՞ համար: Սա արդարություն է՞: Մենք ազատ, անկախ Հայաստանում ե՞նք ապրում»: Նաիրա Կարապետյան, Արտաշատ. «Եթե Քոչարյանը համոզված է, որ ընտրվելու արժանիքներ ունի, որ ժողովուրդն իրեն կընտրի, ինչի՞ է էս բաներն անում, ինչի՞ է բռնում ժողովրդին: Բա թող էս տեսակ դիմադրություն ցույց չտա: Նշանակում է՝ ճիշտ են ասում, որ էս իշխանությունները հոգեվարքի մեջ են»: Միխայիլ Յակովլեւ, Վերին Դվին. «Ազգս ասորի է: Մեր գյուղում 20 տարի առաջ քրդեր էին ապրում: Հիմա նրանք Ռուսաստան են գնացել, բայց ընտրացուցակներում կան, ու իրենց փոխարեն ընտրել են: Եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ եկեք, նայեք»: Ահա այսպիսի տրամադրություններ են տիրում հասարակության մի ստվար հատվածում, ովքեր մայրաքաղաքում հանրահավաք անող հարյուր-հազարավորների նման արդարություն են պահանջում: Իսկ հայրենի իշխանությունները մտադիր են այդ պահանջները սվիններով ու ավտոմատներով լռեցնել: Չի՛ ստացվի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել