Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 25,2003 00:00

ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան եւ Կանանց կազմակերպությունների անկախ ֆորումը (այսուհետ՝ Կանանց ասոցիացիա) խիստ անհանգստացած են քաղաքական վերջին իրադարձություններից եւ գտնում են, որ երկրի նախագահ պետք է դառնա ժողովրդի ընտրյալը՝ լինի ճիշտ, թե սխալ: «Թե ում կընտրի ժողովուրդը, դա իր գործն է, կարեւորն այն է, որ խախտումներ չլինեն: Մենք ժողովրդի ընտրության կողմնակիցն ենք»,- նշեց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Սակայն լրագրողների հետ հանդիպման բուն նպատակը փետրվարի 19-ի ընտրություններում նրանց իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները հրապարակելն էր: Նախ, ընտրություններից առաջ կազմակերպությունը հարցում է անցկացրել հավասար թվով կանանց եւ տղամարդկանց (500-ական հոգու) շրջանում՝ ի դեպ, բարձրագույն կրթությամբ, որոնք «հասարակության ազդեցիկ շերտն են»: Եվ պարզվել է, որ նրանց 76 տոկոսը ակտիվորեն հետաքրքրվում է քաղաքականությամբ, 78 տոկոսը լուրջ է վերաբերվում ընտրություններին, սակայն 68-ը՝ չի հավատում ընտրությունների ազատ-արդար անցկացմանը: Թափանցիկ ընտրություն ապահովելու համար Կանանց ասոցիացիան պարտադիր է համարում, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների մասին տեղեկատվությունը ամփոփումից հետո հաղորդեն ԿԸՀ-ին, նաեւ՝ մամուլին: Կանանց ասոցիացիան կարծում է, որ 1991-ի ընտրություններին հաջորդող 2 ընտրությունները սկիզբ դրեցին անարդարությանը, որ մինչ այժմ կանխել չենք կարողանում: Քվեարկության նախօրեին եւ նույն օրը կանանց ասոցիացիան դիտորդական առաքելություն է իրականացրել հանրապետության ընտրատարածքների 8 տոկոսում: Եզրակացության հենց սկզբում նշվում է, որ այս ընտրություններում նկատվել է քաղաքացիական ակտիվության զգալի աճ, ինչը պայմանավորված է նախընտրական փուլում թեկնածուների ակտիվությամբ, բնակչության սոցիալական չափազանց մեծ սպասումներով ու պահանջներով: Կանանց ասոցիացիան հարկադրված նշում է, որ ընտրությունների ընթացքում գրանցվել են լուրջ խախտումներ, մասնավորապես՝ կապված ընտրացուցակների՝ որպես ընտրական կարեւորագույն փաստաթղթի կազմման հետ, ինչը տեղական ինքնակառավարման մարմինները ցանկության դեպքում կարող էին շտկել ՏԻՄ ընտրություններում: «Տարակուսանք է առաջացնում այն ոչ օրինաչափ հանգամանքը, որ մեծ թվով տեղամասերից ստացված հաղորդումների համաձայն, ժամը 19-ից հետո նկատվել է ընտրողների մասնակցության տեմպի կտրուկ աճ, այն էլ այդ օրվա բնակլիմայական դժվարին պայմանների դեպքում»: Աշտարակ քաղաքում, ըստ Ջ. Հասրաթյանի, ինչ-որ հաղթանդամ մարդիկ երեկոյան ժամի մտել են ու խրձով քվեաթերթիկ գցել տուփի մեջ. պատկերացնո՞ւմ եք հանձնաժողովում աշխատող կանանց անզորության աստիճանը: Կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից Ասոցիացիան մատնանշեց նաեւ այն հանգամանքը, որ շուրջ 20-24 ժամ կանայք ստիպված են աշխատել չջեռուցվող ընտրատեղամասերում, այն դեպքում, երբ հարեւան ջեռուցվող շենքում տեղակայված է ինչ-որ ԱԺ պատգամավորի թեկնածուի շտաբ: Կանանց ասոցիացիան կոպիտ խախտում է համարում նաեւ այն, որ առանձին տեղամասային հանձնաժողովներ զինվորականներին թույլ են տվել քվեարկությանը մասնակցել ընտրությունների օրը ներկայացված ցուցակներով: Խախտվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ կետը. «Մոտակա բնակավայրից առնվազն 50 կմ հեռու տեղակայված զինվորական մասերի ընտրողների ցուցակները կազմում են զինվորական մասերի ղեկավարները եւ քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովին»: Այս խախտումը թույլ է տալիս մտածել, որ միեւնույն զինվորականը նման պարագայում կարող է ընտրել մի քանի տեղամասերում: Ինչպես տեսանք, Ասոցիացիան խախտումները մատնանշելիս կոնկրետ անուններ չի տալիս: Պատճառը թերեւս հասկանալի է. նրանք դեռ երկրորդ փուլում էլ իրականացնելիք առաքելություն ունեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել