Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում 100 տոննա ժամկետանց դեղ կա

Փետրվար 25,2003 00:00

Հայաստանում 100 տոննա ժամկետանց դեղ կա Սկիզբը՝ նախորդ համարում: Առողջապահության նախարարության հետ համատեղ 1999թ. հաշվառվել է այդ պահին առկա դեղորայքը, որը պահվել է պահեստներում, հիվանդանոցներում, դեղատներում, ԱՆ, ՊՆ եւ մաքսային պահեստներում: Այն կազմում է մոտ 100 տոննա: Հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում մեկ տոննա դեղորայքը ոչնչացնելու համար անհրաժեշտ է հազար դոլար: Ինչպես նշված է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, դեղերի ոչնչացման հետ կապված բոլոր ծախսերը պետք է հոգա դեղերը տնօրինող կազմակերպությունը: Ինչպե՞ս են վարվում ժամկետանց դեղերի հետ դեղատներում: Ներկայացնում ենք մայրաքաղաքի մի շարք դեղատներում անցկացրած մեր հարցումների պատասխանները: «Յունիֆարմ» – Ժամկետանց դեղերը մենք պահում ենք, քանի որ գոյություն չունի ոչնչացման կարգ: «Արնիկա» – Քանի որ պետությունը ոչ մի կարգ չի մշակել դեղերի ոչնչացման համար, մենք մեր դեղերը արդեն երեք տարի է՝ պահում ենք պահեստնեում: Եթե պետք լինի, կարող ենք դեռ 30 տարի էլ պահել: «Ֆարմեստ» – Դուրս ենք գրում եւ մեր գումարներով ոչնչացնում: Դեղերի մի մասը այրվում է, մյուսը՝ թաղվում: Այդ գործով զբաղվում է Ֆարմինսպեկցիան: «Ֆարմ Դոն» – Գցում ենք աղբարկղը: Դրանք պահելը ավելորդ գլխացավանք է: «Աստերիա» – Պահեստավորում ենք եւ պահում: Մեկ տարվա ընթացքում արդեն հինգ արկղ դեղ ենք կուտակել: «Ֆարգաֆարմ» – Դեղերի ժամկետը լրանալուն պես տանում եւ նետում ենք աղբարկղը: Արդեն 15-25 տուփ դեղ ենք թափել: «Սավ» – Պահում ենք պահեստներում: Կան հայկական դեղեր, որոնք ժամկետը չանցած՝ փչանում են: ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն էլ մեր զրույցի ժամանակ հավաստիացնում էր, որ թույլատրում են ներմուծել առնվազն մեկ տարվա ժամկետ ունեցող դեղեր: Բացառություն է կազմում մարդասիրական օգնության ճանապարհով ներկրվող դեղորայքը, որի ժամկետը կարող է լինել մինչեւ վեց ամիս: Առողջապահության նախարարությունը հրահանգ է տվել ՀՀ բոլոր բուժհաստատություններին ներկայացնել պիտանելիության ժանկետն անցած դեղերի անվանացանկը եւ քանակը՝ կգ-ով: «Հավանաբար պահանջվող խոշոր ֆինանսնե՞րն են պատճառը, որ Բնապահպանության նախարարությունը չի շտապում կուտակված ժամկետանց դեղորայքի ոչնչացմամբ զբաղվել» մեր հարցին փոխնախարարը պատասխանեց. «Կան դեղերի ոչնչացման ավելի էժան, մատչելի մեթոդներ: Երբ կարգը պաշտոնապես ընդունվի, կմտածենք, թե որ մեթոդը կիրառենք»: Իսկ առայժմ 100 տոննա ժամկետանց դեղերը՝ խիստ վտանգավոր թափոնները, պահեստավորված են Հայաստանի տարբեր բնակավայրերում, եւ հայտնի չէ՝ երբ եւ ինչպես են դրանք ոչնչացվելու: ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել