Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Փետրվար 25,2003 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ Ըստ ամենայնի՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին հույսն Արտաշես Գեղամյանն էր, երբ անգամ փետրվարի 20-ին էր պնդում, թե ընդդիմությունը հանդես չի գա միասնական թեկնածուով: Սակայն մեր այս դիտարկման առնչությամբ երեկ չկարողացանք մեկնաբանություններ ստանալ «Ազգային միաբանության» առաջնորդից, քանզի նա հեռացավ ասուլիսից՝ առանց լսելու լրագրողների հարցերը: Մինչ այդ Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Արդեն իսկ ակնհայտ է այն, որ գործող իշխանությունները գիտակցում են՝ եթե ընդդիմադիր ուժերը հաղթանակ են կրում, ապա դա հղի է իրենց համար շատ ծանր հետեւանքներով: Ուղղակիորեն իրենք գիտեն, որ գնդակահարվելու են: Բնականաբար, այդ ամենն իմանալով՝ նրանք կենաց-մահու կռիվ են տալու առաջիկա ընտրությունների ժամանակ: Պատահական չէր, որ փետրվարի 17-ի հեռուստաեթերում, դիմելով պրն Քոչարյանին, ես ասացի՝ Ձեզ համար ամենաերանելի միասնական թեկնածուն Արտաշես Գեղամյանն էր, որը կապահովեր Ձեր առոք-փառոք հեռանալը… Ամենավտանգավոր հետեւանքներով հղի ընտրություններ են սպասվում: Պատահական չէ, թե գիտակցելով, որ անօրինական է եղել առաջին փուլը, ամեն գնով ուզում են 2-րդ փուլ անցկացնել: Եթե այդ խայծը կուլ է տալիս ընդդիմադիր դաշտը՝ կնշանակի, վավերացնում են այն, որ պրն Քոչարյանի օգտին 700 հազար ձայն է տրվել առաջին փուլում: Մինչդեռ մենք գիտենք, որ դա բացարձակ կեղծիք է: Ահա սա է պատճառը, որ մենք չենք ուզում անօրինական գործընթացներին մասնակցել, այն է՝ 2-րդ փուլին»: Նաեւ հավելեց. «Ամենն արվել էր, որ ոչ մի պարագայում Արտաշես Գեղամյանը չընկնի 2-րդ փուլ, քանի որ Քոչարյանի պարտությունն անխուսափելի էր լինելու: Ամբողջ քարոզչամեքենան աշխատել է այդ նպատակով: Իրենք հիմա արդեն գլխներին են խփում, թե էս ինչ ղալաթ էինք արել: Քանի որ՝ միակ երաշխավորողը, որ Հայաստանում արյուն չի թափվի՝ Արտաշես Գեղամյանն էր»: Եվ լքեց դահլիճը: Լրագրողների հարցերին պատասխանեցին Գեղամյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսան Կարապետյանն ու ԿԸՀ-ում Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ Աղասի Արշակյանը: Վերջինս հայտնեց, թե իրենց տվյալներով՝ Գեղամյանն իրականում անցել է 2-րդ փուլ: «Ստեփան Դեմիրճյանի հետ»,- հավելեց Ալեքսան Կարապետյանը: Գեղամյանի ներկայացուցիչները ԿԸՀ-ի փետրվարի 25-ի նիստում, երբ կհայտարարվեն ընտրությունների 1-ին փուլի վերջնական արդյունքները՝ բողոքարկելու են դրանք եւ ներկայացնելու այլընտրանքային որոշման նախագիծ: Հեշտ կռահելի է, որ ընտրությունների արդյունքներն այս միջոցով անվավեր ճանաչել տալն անհնար է՝ հաշվի առնելով ԿԸՀ-ի կազմը: Ալեքսան Կարապետյանը նաեւ հայտնեց, թե նյութեր են նախապատրաստում՝ ԿԸՀ-ի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Առանձնակի խորաթափանցություն հարկավոր չէ նաեւ այս քայլի դատապարտվածությունը կանխատեսելու համար: Ու թեեւ ընդդիմության մյուս հատվածն էլ է համարում, որ ընտրությունների 1-ին փուլն անցել է էական խախտումներով՝ «ԱՄ»-ն, հայտարարելով հանդերձ, թե միանում է նման բոլոր հարցադրումներին՝ չի միանում կազմակերպվող բողոքի գործողություններին՝ աննպատակահարմար գտնելով հանրահավաքային պայքարը: Իսկ ԿԸՀ-ում «ԻՄ» ներկայացուցիչն, ըստ էության, հայտարարեց իր գործունեությունն առկախելու մասին: Ուստի այս ամենից էականը մնում է միայն այն, որ 3-րդ տեղը գրաված գործիչը, փաստորեն, չի պաշտպանում ընդդիմության առավել ձայներ ստացած թեկնածուին: Լրագրողներն ամենատարբեր ձեւակերպումներով փորձում էին երեկ պարզել նույն հարցի պատասխանը՝ արդյոք Գեղամյանը կսատարի՞ Դեմիրճյանին: Ի պատասխան ասված խուսափողական զանազան ձեւակերպումներից զատ՝ մի քանի ռեպլիկներ հնչեցին, որոնք վկայեցին «ԱՄ»-ում տիրող տրամադրությունների մասին: Ալեքսան Կարապետյանը վստահ է, որ 2-րդ փուլի գաղափարն ընդունելով՝ կփաստվի, թե Քոչարյանը 700 հազար ձայն է հավաքել. «Իսկ եթե նա այդքան ձայն ունի՝ ուրեմն, իմացեք, ոչ մեկը չի կարող նրա հետ մրցել»: «ԱՄ» փոխնախագահը հայտնեց իր տեսակետը, թե հարկավոր էր Քոչարյանին մենակ թողնել, քանի որ նման պայմաններում անցկացվող ընտրությունների պարագայում նորից խախտումներով անցնելու է Քոչարյանը. «Թող ոչ մեկը չմասնակցեր, բոլոր թեկնածուները հրաժարվեին: Շատ-շատ՝ թող մրցեր Հարությունյան Արամի հետ եւ 0,001%-ով հաղթեր: Եվ մնար ոչ լեգիտիմ»: Իսկ Աղասի Արշակյանը, ի պատասխան այն հարցի, թե «16»-ի գործընկերների հետ քննարկե՞լ են 1-ին փուլն անվավեր ճանաչելու հարցը՝ ասաց. «Հենց որ «16»-ում եւ ՀԺԿ-ում իմանան, թե իրենք ինչ են անելու… նրանք դեռ չեն որոշել, թե ինչ են անելու. մեկ ասում են՝ չեղյալ, մեկ էլ վիճակահանությանն են մասնակցում»: Մի՞թե «16»-ում համաձայնություն չկար 2-րդ փուլ անցած ընդդիմության ցանկացած թեկնածուի միասնաբար աջակցելու վերաբերյալ (նախագահի այլ թեկնածուներ, որոնց նկատմամբ նույնպես խախտումներ էին գործվել, այս համաձայնությունը վկայակոչելով՝ պաշտպանեցին Դեմիրճյանին), եւ արդյոք «ԱՄ»-ն այժմ չի՞ խախտում այդ համաձայնությունը: «Այդպիսի պայմանավորվածություն չի եղել,- մեր հարցին այսպես արձագանքեց Ալեքսան Կարապետյանը:- Այսպիսի ընտրություններով անգամ եթե ընդդիմության թեկնածուն դառնար նախագահ՝ էլի անօրինական կլիներ»: Իսկ Աղասի Արշակյանը լրացրեց, որ «16»-ի համագործակցությունն առաջին հերթին վերաբերել է արդար ընտրություններին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել