Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհուն հիշում են առիթից առիթ

Փետրվար 22,2003 00:00

Երգչուհուն հիշում են առիթից առիթ Վերջերս, երբ Յուրի Լուժկովի հետ Հայաստան էին ժամանել ռուսական էստրադայի աստղերը, ՀՀ մշակույթի նախարարությունը հարմար էր գտել միայն Ռաիսա Մկրտչյանին եւ Ռուբեն Մաթեւոսյանին հրավիրել ռուս կոլեգաների հետ հանդիպման, այն դեպքում, երբ նույն նախարարությունը հաճախ «դժվարանում է» աջակցել դեռեւս Հայաստանում մնացած հատուկենտ քիչ թե շատ ճանաչված երգիչ-երգչուհիների համերգներին։ Ինչեւէ, Ռաիսա Մկրտչյանն իրեն համարում է բախտավոր մարդ, որ թեկուզ ուշացումով, բայց ժամանակ առ ժամանակ գոնե սկսել են հիշել իրեն՝ ի տարբերություն վերջին տարիների։ ՀՀ վաստակավոր արտիստուհին գտնում է, որ արտերկրում ավելի դյուրին է մենահամերգներ տալը, քան Երեւանում։ Երգչուհու կարծիքով, «երեւանյան մենահամերգը կապված է հսկայական ծախսերի հետ, ինչ ես չեմ կարող թույլ տալ, չեմ կարող նաեւ որեւէ մեկից այդ նպատակով գումար խնդրել»։ Երգչուհին նույն պատճառով է բացատրում նաեւ նոր տեսահոլովակ չունենալը, իսկ նախկինում «ամիսը գոնե մեկ երգ պարտավոր էիր ձայնագրել»։ Ճիշտ է, նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչում, սակայն, ըստ Ռ. Մկրտչյանի, կոչումը չէ, որ խոսում է արվեստագետի տաղանդի ու վաստակի մասին։ Կարծես երեկ լիներ, երբ 1967 թվականին Երիտասարդական երգի փառատոնի դափնեկրի կոչում ստացավ եւ շահեց ոսկե մեդալ, 1969-ին Ռ. Ամիրխանյանի երգերի շարքով (գրված Ա. Կիրակոսյանի բառերով) Մոսկվայի «Մայակ» ռադիոկայանը Ռաիսա Մկրտչյանին հայտարարեց տարվա լավագույն երգչուհի։ 1971-ին էլ Մոսկվայի «Երիտասարդություն» ռադիոկայանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչվեց «Սիրեցի յարս տարան» երգով։ Վերջին տասը տարիներին, սակայն, երգչուհու կատարումները գրեթե չեն հնչել հայաստանյան հեռուստաալիքներով, չնայած Ռ. Մկրտչյանը այս ընթացքում բազմաթիվ համերգներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Կիպրոսում, Ռուսաստանում, Լիբանանում, Սիրիայում եւ այլուր։ Այսօր նա հրաժարվում է մի շարք հայաստանյան համերգներից, երբ իմանում է, որ մասնակիցներից շատերը «իր մակարդակին չեն»։ Ռ. Մկրտչյանը ներկայումս համագործակցում է Գյումրիի «Գոհար» մշակութային կենտրոնի հետ, որի հիմնադիրն է բեյրութցի մեր հայրենակից Հարություն Խաչատրյանը։ Վերոհիշյալ կենտրոնի հետ երգչուհին համերգներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ նրա սահմաններից դուրս։ Մի բարեգործ, որի անունը Ռ. Մկրտչյանը չնշեց, խոստացել է աշնանը Երեւանում կազմակերպել երգչուհու բենեֆիսը, քանի որ այս տարի լրանում է նրա բեմական գործունեության 35-ամյակը։ Մինչեւ տարեվերջ կթողարկվի նաեւ ալբոմ, որտեղ կընդգրկվեն նրա լավագույն երգերը։ Այս առումով Ռ. Մկրտչյանը կանգնած է մեծ ընտրության առջեւ, քանի որ ունի մի քանի հարյուրից ավելի երգ, որոնցից շատերը ընդգրկվել են ոսկե ֆոնդում. «Չեմ կարողանում կողմնորոշվել, թե 400 երգից որը զետեղեմ թողարկվելիք ալբոմում»։ Երգչուհին խորհուրդ է տալիս այսօրվա իր կոլեգաներին. «չաղավաղել արտասահմանյան երանգներով, չպղծել ժողովրդական երգը»։ Այնուհետեւ ավելացնում է. «Երգիչներն էլ մեղավոր չեն, նրանց համար լավ երգեր գրողներ չկան»։ Ռաիսան գտնում է, որ վերջապես սկսել ենք հիշել, թե «ով ենք մենք, փորձում ենք վերադառնալ մեր արմատներին, անապական հայ երգին»։ Ինչ վերաբերում է տարաբնույթ բամբասանքներին, որ երգչուհին դժվարությամբ է համաձայնել դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, նա պարզաբանեց. «Պատճառը ժամանակի սղությունն էր»։ Չնայած ամեն ինչին, նա իրեն համարում է հարգված արվեստագետ եւ երջանիկ մարդ։ Ռ. Մկրտչյանը համարում է, որ երգն էլ յուրատեսակ աղոթք է, որից առաջ միշտ սիրտդ թրթռում է։ Հետաքրքիր է, որ նա հազվադեպ է համաձայնում հարցազրույցներ տալ, որովհետեւ համոզված է, որ դրանից, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, հենց թեկուզ այն առումով, որ դժվար հայտնվի մեկը, որ համաձայնի հովանավորել իրեն։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել