Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջին ծանրության» հիվանդ էր, բայց մահացա՞վ

Փետրվար 22,2003 00:00

«Միջին ծանրության» հիվանդ էր, բայց մահացա՞վ Նախկին զինվոր Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննության (Վանաձորի Սպայի տան դահլիճում կայացող) ընթացքում վկա, հոսպիտալի բուժծառայության պետ Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց. «Ինձ մոտեցավ ընդունարանի պետ, բժիշկ Շահումյանը, ասաց, որ հիվանդ է բերել»։ «Երբ դուք իջաք, կա՞ր ախտորոշում»,- հարցրեց դատավոր Աղասի Մկոյանը։ «Իհարկե»,- պատասխանեց վկան, նշելով, որ հիվանդը, ի պատասխան իր կողմից տրված հարցերի, գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտխառնուքից, փորի ցավից։ Տուժողի իրավահաջորդ Ռաֆիկ Սարգսյանը հարցրեց, թե ընդունարանի պետը պարտավո՞ր էր զննել հիվանդներին ամբողջությամբ, մանրամասն։ «Իհարկե, եթե չէր հասկանում, պետք է մասնագետ հրավիրեր»,- պատասխանեց վկան։ Իսկ դատապաշտպան Անահիտ Ալոյանն էլ մեղադրանքի սլաքը վկային ուղղելով՝ հարցրեց. «Ինչո՞ւ ժամանակ առ ժամանակ հիվանդին չեք նայել»։ «Ես նայում եմ ծանր հիվանդներին»,- պատասխանեց վկա Մարտիրոսյանը, որի կարծիքով (ինչպես նաեւ այլ բժիշկների, որոնք զննել էին հիվանդին) հիվանդը ծանր չի եղել. հիշեցնենք, որ Արտյոմի վիճակը ախտորոշվել էր «միջին ծանրության»։ Գ. Մարտիրոսյանը ժխտեց վկա, հոսպիտալի բուժքույր Գայանե Մկոյանի այն ցուցմունքը՝ դատարանում տրված, թե նա, մոտենալով իրեն եւ հոսպիտալի պետին, հայտնել է, որ Արտյոմի վիճակը վատ է եւ համապատասխան դեղորայք է խնդրել։ (Ի դեպ, այդ վկայությունը չընդունեց նաեւ հոսպիտալի՝ այժմ արդեն նախկին պետ, վկա Սամվել Մանուկյանը)։ «Ինձնից դեղ ուզել է կաբինետում, ես մատակարարել եմ»,- նշեց Գ. Մարտիրոսյանը։ «Դուք իմացե՞լ եք, որ ֆւՏ-ի ՊՈՑփՌՍ-ը փչացած է եղել, չի աշխատել», Ռ. Սարգսյանի հարցին պատասխանեց, որ «մակերեսային ՊՈՑփՌՍ» չեն ունեցել։ Սոնոգրաֆի վերաբերյալ այլ հարցերի առնչությամբ էլ դժվարացավ պատասխանել, ասելով. «Նեղ մասնագիտական հարցեր եք տալիս»։ (Հիշեցնենք, որ սոնոգրաֆի մասնագետ-բժիշկը իր ցուցմունքում նշել էր, որ ապարատը չէր արտացոլում հիվանդի վիճակը, բայց դա պատճառաբանում էր հիվանդության առանձնահատկությամբ։ Իսկ հոսպիտալի նախկին պետն էլ իր ցուցմունքում միանշանակ հավաստեց, որ «դրանք աշխատում էին»։ Թե ինչո՞ւ բուժծառայության պետը հակառակն էր պնդում, հոսպիտալի նախկին պետ Սամվել Մանուկյանը պատասխանեց. «Նա մասնագետ չէ»)։ Վկա Մարտիրոսյանի ցուցմունքի ընթացքում դատապաշտպաններ Լյովա Գոգինյանը եւ Վլադիկ Յավրումյանը դատապաշտպան Կարինե Գասպարյանի հարցերի առնչությամբ հաջորդաբար դիմեցին դատավորին՝ խնդրելով «անհարկի» հարցերով չերկարաձգել դատաքննությունը։ Գասպարյանն ընդդիմացավ եւ պնդեց իր հարցադրումների նպատակայնությունը։ Տուժողի իրավահաջորդ Ռ. Սարգսյանը նշեց, որ ինքը համամիտ է Գասպարյանի հետ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել