Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական անվտանգության հիմնախնդիրները

Փետրվար 22,2003 00:00

Պետական անվտանգության հիմնախնդիրները Պետությունն առանց անվտանգության համակարգի գոյություն ունենալ չի կարող, բայց եւ դրա առկայությունը դեռ բավարար երաշխիք չէ պետության անվտանգության, բնականոն եւ նորմալ կենսագործունեության ապահովման համար: Կարեւորը ոչ թե պետական անվտանգության համակարգի գոյության փաստն է, այլ այն, թե արդյոք ինչպիսի՞ անվտանգության համակարգ է ձեւավորված եւ ի՞նչ արդյունավետությամբ է այն գործում։ Ինքնիշխան ցանկացած պետություն՝ աշխարհագրական ինչպիսի դիրքում էլ որ գտնվի, անկախ զբաղեցրած տարածքից, ազգաբնակչության քանակից, տնտեսական եւ ռազմական հզորությունից, ունի իր պետական շահը եւ, ինչպես ներպետական, այնպես էլ այլ պետությունների հետ արտաքին հարաբերություններում ղեկավարվում է իր եւ ազգաբնակչության ընդհանուր շահերով։ Ուստի պետական անվտանգության համակարգերի ձեւավորման հարցերում եւս պետությունների մոտեցումները միատեսակ չեն եւ շահերի նման բազմազանության պարագայում պետությունների պետական անվտանգության համակարգերը չեն կարող տարբեր չլինել։ Այլ հարց է, թե արդյունավե՞տ են արդյոք դրանք գործում, թե՞ ոչ։ Ըստ իս՝ բացարձակ անխոցելի պետական անվտանգության համակարգեր գոյություն չունեն։ Հզոր է այն պետությունը, որն ունակ է նվազագույնի հասցնել պետական անվտանգության համակարգի խոցելիության աստիճանը եւ դիմակայել ընդդեմ պետության անվտանգությանն ուղղվող ցանկացած ոտնձգության եւ դա հնարավոր է, երբ՝ 1. պետական անվտանգության հիմնախնդիրները լուծվում են համակարգված ձեւով, պետական ծրագրային մոտեցմամբ ապահովվում է՝ ա) պետական սահմանների անձեռնմխելիությունը, բ) տրանսպորտի, կապի, արդյունաբերության ռազմավարական օբյեկտների, առաջնային նշանակության գիտական մշակումների ոլորտում անվտանգությունը, 2. անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց՝ պետության անվտանգության դեմ ուղղված հետախուզական եւ այլ գործունեությունը, ահաբեկչական գործողությունները բացահայտելու, խափանելու եւ կանխարգելելու ուղղությամբ, 3. մշակվում եւ իրականացվում են կազմակերպված հանցագործության, պետական մարմիններում կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ զենքի եւ թմրանյութերի անօրինական շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, պետական կարգը բռնությամբ տապալելու եւ փոխելու նպատակ հետապնդող առանձին անձանց, կազմավորումների եւ դրանց միավորումների դեմ պայքարի միջոցառումներ, 4. իրականացվում է կադրային պետական քաղաքականություն, 5. ձեւավորված է պետական մտածողությամբ, իրավագիտակցությամբ օժտված ազգաբնակչություն, 6. տիրում է ներքաղաքական կայունություն եւ ազգային համերաշխություն, 7. պետության զինված ուժերը եւ պետական այլ զինվորական կազմավորումները գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում եւ հագեցած են ժամանակակից ռազմական եւ այլ տեխնիկայով, 8. նյութական եւ ֆինանսական բավարար միջոցներ են տրամադրվում պետության անվտանգությունն ապահովելու համար, 9. պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք գործում են միայն օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, 10. այլ պետությունների հետ արտաքին հարաբերություններում իրականացվում է ճկուն պետական քաղաքականություն, 11. օրենսդրորեն ամրագրված են պետական անվտանգության հիմնադրույթները: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների հանրաքվեների, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց միջոցով: Ընտրական իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ արտահայտմամբ մասնակցում է ընտրությունների՝ իր վստահության ձայնը տալով այն թեկնածուի օգտին, որին ինքը նախընտրում է եւ միեւնույն ժամանակ քվեարկում իր պետության անվտանգության օգտին եւ ըստ քվեարկության արդյունքի էլ ձեւավորվում է այն անվտանգության համակարգը, որին ձգտում է ընտրողը: ԱՐԱՐԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել