Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

Փետրվար 22,2003 00:00

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական հայտնաբերությունների եւ եզրակացությունների, նախագահական ընտրությունները հիմնականում ընթացել են հանգիստ եւ կազմակերպված, սակայն հաշվարկման գործընթացը, ինչպես նշված է զեկույցում, թերի էր եւ նախընտրական գործընթացը կարեւոր առումներով չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: Նման եզրակացության համար հիմք են հանդիսացել հետեւյալ թերությունները. 1. Նախընտրական շրջանը մթագնած էր սպառնալիքներով եւ քարոզարշավների խափանման դեպքերով՝ ներառյալ բռնության լուրջ միջադեպով: 2. Առկա էին նախընտրական մանիպուլյացիայի փաստեր, ինչպիսիք էին ընտրողների փոխարեն քվեարկելը եւ քվեներ ապահովելու համար դրդումները: 3. Հանրային ռեսուրսները չափազանց օգտագործվում էին գործող նախագահի օգտին, ինչը վկայում էր պետական մարմինների կողմից թեկնածուների նկատմամբ անհավասար վերաբերմունքի մասին: 4. Հանրային հեռուստատեսությունը չկատարեց իր օրինական պարտականությունը, այն է՝ ապահովել հավասարակշռված եւ անկողմնակալ տեղեկատվություն թեկնածուների մասին, խախտելով բոլոր թեկնածուներին հավասար մատչելիություն տրամադրելու սկզբունքը: Չնայած սրան, դիտորդները ընտրական գործընթացը հիմնականում գնահատում են դրական, նման գնահատականի է արժանացել ընտրատեղամասերի 90 տոկոսը: Իսկ հաշվարկման գործընթացում դիտորդների այցելած տեղամասերից բացասական գնահատականի է արժանացել միայն 20 տոկոսը: ԵԱՀԿ դիտորդների զեկույցում մի շարք ակնհայտ հակասություններ կան: Նրանք միաժամանակ ընտրությունների ընթացքը գնահատում են կազմակերպված ու նաեւ հայտարարում, որ տեղի են ունեցել լուրջ խախտումներ՝ ընդհուպ քվեատուփերի լցոնման դեպքեր, որոնց որոշ դեպքերի ականատես են եղել նաեւ իրենք: Բացի տեղամասերում լցոնման փաստերի արձանագրումից, դիտորդները նշում են, որ դրանք շարունակվել են նաեւ քվեաթերթիկների հաշվառման ընթացքում, իսկ որոշ տեղամասերից ստացված նախնական արդյունքները ցույց են տվել աչքի ընկնող տարբերություններ: Հաշվետվության մեջ մեծ տեղ է հատկացված ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչների դեմ կազմակերպված մի շարք խոչընդոտների. «Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբը վանդալիզմի էր ենթարկվել Աբովյան քաղաքում եւ ակնհայտորեն հրդեհվել էր ընտրարշավի խոշոր պաստառ: Ընդդիմության քարոզարշավի հետ կապ ունեցող մի քանի անձինք ազատվել էին աշխատանքից, եւ մի քանիսին սպառնացել էին ազատել աշխատանքից: Մի շարք խանութների տերերի սպառնացել են, որ նրանք չփակցնեն ընդդիմության քարոզարշավների պաստառները: Տեղ էր գտել մեղադրանքների նկատելի կրկնվող շարան, գյուղապետերի եւ այլ անձանց կողմից սպառնալիքներ՝ սատարել գործող նախագահին»,- նշված է զեկույցում: Նախնական հաշվետվության մեջ նշված է, որ որոշ տեղական պաշտոնյաներ ամբողջովին ներգրավված էին գործող նախագահի քարոզարշավում՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում, կամ շարունակում էին կատարել իրենց պաշտոնեական գործունեությունը ընտրական շտաբներում: «Այն դեպքում, երբ պետական մարմինները տարածք էին տրամադրել ընդդիմության կուսակցություններին, ընդհանուր առմամբ այդ տարածքների որակը նույնիսկ մոտավորապես չէր կարող համեմատվել այն տարածքների հետ, որոնք մատչելի էին գործող նախագահին՝ քարոզարշավի նպատակների համար»,- ասված է զեկույցում: Դիտորդները ստացել ու վավերացրել են մի շարք մեղադրանքներ նաեւ այն մասին, որ հանրային սեկտորի աշխատակիցները, գործարանների բանվորները, ուսանողները եւ այլ անձինք հրահանգ էին ստացել ներկա գտնվել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին: Դիտորդները Լոռիում, Գեղարքունիքում եւ Երեւանում կայացած Քոչարյանի հանրահավաքներում անձամբ զրուցել են նման հրահանգ ստացած քաղաքացիների հետ: «Մի քանի մարզերում, ներառյալ Շիրակը, Լոռին եւ Գեղարքունիքը, փակվել էին դպրոցները, իսկ ուսուցիչներին ու աշակերտներին պահանջել էին ներկա գտնվել գործող նախագահի քարոզչական հանրահավաքներին»,- ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ դիտորդական պատվիրակության ղեկավար Պիտեր Այքերը: Ասուլիսում լրագրողների հարցերին Պիտեր Այքերի ու Ռասել Ջոնսթոնի պատասխաններն ավելի շատ խուսափողական էին: Հարցին, թե կարո՞ղ են արդյոք վերոնշյալ ընտրախախտումները ազդել ընտրությունների արդյունքների վրա, Ռասել Ջոնսթոնը պատասխանեց. «Հնարավոր չէ այդ հարցին պատասխանել: Կարծում եմ, որ նմանատիպ խախտումների քանակն այնքան էլ մեծ չէ»: Իսկ Պիտեր Այքերն էլ նկատեց, թե հիմա դեռեւս վաղաժամ է դրա վերաբերյալ կարծիք հայտնելը: Իսկ մեր հարցին, թե առաջադիմություն նկատվո՞ւմ է այս ընտրությունների եւ 1998թ. ընտրությունների միջեւ, Պ. Այքերը պատասխանեց. «Ինչպես 1998թ. այնպես էլ այս ընտրություններին, նույն պրոբլեմներն ունեինք: Մենք մեր հայտարարությունն անում ենք մինչեւ գործընթացի ավարտը: 1998թ. ընտրությունների հաջորդ օրը մենք դրական հայտարարություն արեցինք ընտրությունների վերաբերյալ, սակայն ավելի մանրամասն վերլուծելուց հետո հայտարարեցինք, որ լուրջ խնդիրներ կան եւ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Սակայն ես չէի ցանկանա այս ընտրությունները համեմատել 1998-ի կամ մեկ այլ ընտրության հետ, քանի որ մենք այստեղ ենք ուսումնասիրելու համար ընտրական գործընթացը եւ ոչ թե համեմատելու»,- ասաց Պիտեր Այքերը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել