Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՓՆԹԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Փետրվար 22,2003 00:00

ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՓՆԹԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ Միքայել Մանգասարյանը Արմավիր քաղաքի բնակիչ է։ 70-ամյա այս մարդը շուրջ 10 տարի է, որ տեղական իշխանությունների «քմահաճույքների» պատճառով քաշքշուկների մեջ է։ Իսկ նրա խնդիրները սկսվել են այն օրից, երբ ինքը, հանապազօրյա հացը վաստակելու համար, 1995-ին դիմել է Արմավիրի քաղաքապետարան՝ շուկայամերձ տարածքում տաղավար տեղադրելու խնդրանքով։ Մ. Մանգասարյանի հավաստմամբ, երկու տարի շարունակ, մինչեւ 97թ. ստիպված է եղել դիմումները պարբերաբար թարմացնել, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներին էլ հիշեցնել դրանց գոյության մասին։ Քանի որ «դիմումս կամ չէր գրանցվում, կամ էլ քաղաքապետարանի համապատասխան բաժին հասնելու ճանապարհին կորչում էր»։ Երկար ձգձգումներից հետո, ըստ բնակչի, վերջապես 1997-ին Արմավիրի քաղաքապետի թիվ 326 որոշմամբ, «Սունկ» կոոպերատիվի հարեւանությամբ Մ. Մանգասարյանին հատկացվել է տարածք՝ ժամանակավոր տաղավար տեղադրելու համար. «Դեռ այն ժամանակվանից սկսած, մեր տաղավարը տեղադրելուն փորձում էր խոչընդոտել «Սունկ» կոոպերատիվի տերը՝ Մակար Ալեքսանյանը, որը պետավտոտեսչության նախկին աշխատակից է։ Այնուամենայնիվ, տաղավարը տեղադրեցինք»,- պատմում է Մ. Մանգասարյանի կինը։ Այն ժամանակահատվածում, երբ Մանգասարյան ամուսինները քաղաքապետարանում դիմումներ էին թարմացնում, 96-ին «Սունկ» կոոպերատիվին քաղխորհրդի գործկոմի թիվ 11 որոշմամբ թույլատրվել է իր ժամանակավոր տաղավարի փոխարեն, նույն տարածքում կառուցել ֆիրմային խանութ։ Սակայն, ըստ ամուսինների, կոոպերատիվի տերը խանութի հիմքը փորել է ոչ թե իր տաղավարի տեղում, այլ մի քանի մետր այն կողմ, որը հետագայում նույնպես սեփականացվել է։ Իսկ «Սնկի» ժամանակավոր տաղավարը չի հանվում։ Մինչ Լիդա եւ Միքայել ամուսինները «տաղավարամուտ» կտոնեին, նրանց խոսքերով, քաղաքապետարանն իրենց մատուցել է նոր անակնկալ։ Քաղաքապետ Ն. Մնոյանի նոր որոշման համաձայն, վերջիններից պահանջվել է, որպեսզի տաղավարը հանեն։ Իսկ որոշումը քաղաքապետը հիմնավորում է, թե «Սունկ» կոոպերատիվը դիմել է իրենց, նշելով, որ ֆիրմային խանութի շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի տեղափոխմանը խոչընդոտում է Մ. Մանգասարյանի տաղավարը։ Այս որոշման հաջորդ կետերից տեղեկանում ենք նաեւ, որ հարցն անմիջապես քննարկվում է քաղաքաշինական խորհրդում եւ «հաշվի առնելով խորհրդի առաջարկությունը, քաղաքապետը որոշում է ուժը կորցրած համարել իր իսկ կողմից ստորագրված 30.12.97թ. թիվ 326 որոշումը»։ Նոր որոշման համաձայն, «Սունկ» կոոպերատիվի շինարարությունը իրականացնելու եւ դեպի շինհրապարակ մուտք ապահովելու համար Մ. Մանգասարյանին ժամանակավոր հատկացված տարածքը տրվել է «Սունկ» կոոպերատիվին։ Հարցի լուծման համար Մանգասարյան ամուսինները կրկին ընկնում են քաշքշուկի մեջ։ Մարզպետից ստացված պատասխանում քաղաքապետ Ն. Մնոյանին առաջարկվում է Մանգասարյանների կողմից տեղադրված ժամանակավոր տաղավարը թողնել շահագործելու մինչեւ «Սունկ» կոոպերատիվի առեւտրի սրահի շինարարության ավարտը։ Իսկ «սրահի մուտքը Չարենցի փողոցից ապահովելու համար՝ քանդել «Սունկ» կոոպերատիվի կողմից տեղադրված ժամանակավոր տաղավարը»,- նշվում է առաջարկությունում։ Նույնիսկ մարզպետի այս առաջարկությունից հետո էլ, ըստ Լիդա Մանգասարյանի, ոչ քաղաքապետը, ոչ էլ ՆԳ բաժնի աշխատակիցները, «չեն բարեհաճում իրենց ձեռքով տեղահան արած տաղավարը հետ տեղադրել»։ Վերատեղադրման աշխատանքներն ավարտելով, Մ. Մանգասարյանը բազմիցս դիմել է տարբեր ատյաններ՝ իր տաղավարը «Սունկ» կոոպերատիվի տիրոջ՝ Մակար Ալեքսանյանի ժամանակավոր տաղավարի տեղը տեղափոխելու խնդրանքով (որը դեռեւս մարզպետի պահանջով պետք է հանված լիներ)։ Սակայն այս անգամ էլ ամուսիններն իմանում են, որ նշյալ տաղավարն արդեն վերագրանցված է Մ. Ալեքսանյանի կնոջ անունով։ Օրերս եղանք Արմավիր քաղաքում։ Չնայած «Սունկ» կոոպերատիվի խանութ-սրահի շինաշխատանքները դեռեւս ավարտված չէին, սակայն Մ. Մանգասարյանի տաղավարը փակ էր, չէր գործում։ Իսկ կոոպերատիվի խանութը շահագործվելուց հետո ոչ միայն Մանգասարյանների տաղավարը պետք է հանվեր, այլեւ երկու այլ տաղավարներ եւս, որոնց տերերը, իրենց բնորոշմամբ, «շիվարել-մնացել են»։ Անհատ ձեռներեց Հովհաննես Հովհաննիսյանի տաղավարն էլ շուտով արժանանալու էր նույն ճակատագրին։ Տաղավարատիրոջ խոսքերով, ինքը ժամանակին դիմել է քաղաքապետարան, իր տաղավարի հարեւանությամբ (որտեղ այժմ Մ. Ալեքսանյանի խանութ-սրահն է) տարածք տրամադրելու համար. «Բայց ինձ մերժել են՝ ասելով, որ այդտեղ չի կարելի որեւէ բան կառուցել։ Ժամանակին գոնե զգուշացնեին, որ մենք էլ մեր գլխի ճարը տեսնեինք»,- բողոքում էր Հ. Հովհաննիսյանը։ Տարբեր ատյաններ բողոքներ հղելուց հետո, Արմավիրի քաղաքապետարանը, Մ. Մանգասարյանի հավաստմամբ, քաղաքի մեկ այլ հատվածում իրենց տարածք է առաջարկել։ Սակայն ամուսինները պնդում են, որ այդ տեղը բոլորովին նպատակահարմար չէ առեւտրի համար։ Մանգասարյան ամուսինների դեպքը եզակի չէ։ Թե գյուղաբնակները, թե քաղաքաբնակներս գրեթե ամեն օր բախվում ենք տեղական իշխանությունների կողմից ստեղծված արհեստական խոչընդոտներին։ Պետք է ենթադրել, որ վերջիններս, իշխանության անցնելով, օժտվում են մարդկանց ստորացնելու բացառիկ տաղանդով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Մակար Ալեքսանյանին գտնելու մեր ջանքերն ապարդյուն անցան։ Պատրաստ ենք լսել նաեւ նրա պարզաբանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել