Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ՄԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Փետրվար 22,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ՄԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ANA գործակալության պատվերով փետրվարի 7-9-ին Քաղաքական տեխնոլոգիաների «Լոգոս» հայկական կենտրոնը Երեւանում 600 հարցվողների շրջանում իրականացրել էր սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներից մի քանի տվյալ «Երեւանցիները կարծես թե հակված են քվեարկելու նաեւ երկրորդ փուլում» վերնագրված հրապարակմամբ փետրվարի 11-ին ներկայացվել էին «Առավոտում»։ Ընտրություններից 6 ամիս առաջ եւ 10 օր առաջ Երեւանում կատարված մեր համադրելի հետազոտությունների արդյունքների եւ փետրվարի 19-ի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների համեմատությունը բերում է հետեւյալ օրինաչափությունների արձանագրման։ 1. Ընտրարշավին փաստացի մեկնարկին՝ 2002 թ. սեպտեմբերի սկզբին կատարված հետազոտության արդյունքներով թեկնածուների օգտին տրված ձայների շուրջ մեկ երրորդը ստացող թեկնածուների՝ Ր. Հովհաննիսյան, Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Հովհաննիսյան, Ա. Բաղդասարյան, Վ. Դարբինյան եւ այլք, չառաջադրվելու պայմաներում նրանց ընտրազանգվածները հիմնական ընդդիմադիր կողմնորոշում են դրսեւորել եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտրաթիմին չի հաջողվել չառաջադրված գործիչների ընտրազանգվածների գոնե մի մասին վերակողմնորոշել իր օգտին։ 2. Ավելին՝ ըստ էության՝ Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավային քարոզչությունը էական հաջողություն չի արձանագրել, քանի որ նրա վարկանիշը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբից գրեթե առաջընթաց չի արձանագրել (եթե սեպտեմբերի սկզբին, ըստ «Լոգոս» կենտրոնի հարցման, նրան պատրաստ էր իր ձայնը տալ թեկնածուների օգտին կողմնորոշված երեւանյան ընտրողների 39.25%-ը, ապա ընտրություններից 10 օր առաջ՝ քարոզարշավի հիմնական փուլի արդյունքով այդ թիվը աճել էր միայն 3.5%-ով, իսկ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներով Երեւանում ի վերջո արձանագրվեց 40.22 տոկոս)։ Ի դեպ, սեպտեմբերին կայացած հարցման համեմատությամբ փետրվարի 9-ին իրականացված հարցումը ցույց տվեց, որ նրանց միջեւ ընկած շուրջ 6-ամսյա շրջանում գործող նախագահի վարկանիշը եթե բացարձակ թվի մեջ աճել է՝ ապա հիմնականում ի հաշիվ նախագահական ընտրարշավում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի կողմից իրականացված քարոզչության արդյունքում հասարակության գերքաղաքականացման եւ որպես վերջինիս հետեւանք՝ նախկինում չկողմնորոշվող կամ նախագահի նախընտրելի թեկնածու չտեսնողների զանգվածի մի նշանակալից մասի կողմից որեւէ թեկնածության պաշտպանության։ Այդ առումով պետք է հստակ արձանագրել, որ տոկոսային առումով Ռոբերտ Քոչարյանի էլեկտորալ վարկանիշը չի աճել։ Այսինքն՝ նրա ընտրական ստրատեգիան եւ դրանից բխող նախընտրական քարոզչությունը դժվար է հաջողված համարել։ Թեպետեւ, պետք է նշել նաեւ, որ այն նրան նաեւ չի վնասել, ինչը շատ անհաջող լինելու դեպքում անպատճառ կհետեւեր։ Այդ առումով, ըստ էության, Երեւանում գործող նախագահը ստացել է հասարակության այն մասի ձայները, որոնք շարունակաբար պաշտպանել են նրա գործունեությունը առնվազն վերջին 6 ամիսներին։ Այսինքն՝ Երեւանում Ռ. Քոչարյանի ստացած ձայները ուղղակիորեն արտացոլում են մայրաքաղաքի հասարակության շրջանում նրա սոցիալական, քաղաքական եւ տնտեսական քաղաքականության կուրսի պաշտպանության մակարդակը։ Սակայն այդ հանգամանքը բնավ չի ենթադրում, թե մայրաքաղաքի հասարակության մյուս՝ իր տեսակարար կշռով փոքր-ինչ գերակշիռ զանգվածը մերժում է այդ կուրսը կամ, որ էլ ավելի հիմնազուրկ է մտածել, երկրորդ փուլում միակամորեն քվեարկելու է այդ կուրսի դեմ ու Ստեփան Դեմիրճյանի օգտին։ 3. Ինչեւէ։ Վերադառնալով ընտրություններից 6 ամիս առաջ եւ 10 օր առաջ Երեւանում կատարված մեր համադրելի հետազոտությունների արդյունքների եւ փետրվարի 19-ի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների համեմատությունը, արձանագրենք դրանց դիտարկումից բխող երկրորդ հետեւությունը։ Ողջ ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր էլեկտորատի շրջանում ընթանում էին թեկնածությունների նախընտրելիությունների պարբերական վերադասավորումներ։ Ընդ որում, մրցակցությունը, մինչեւ վերջին տասնօրյակը շատ անզիջում էր եւ ընդդիմադիր ընտրազանգվածի ֆավորիտի համար պայքարը փոփոխական հաջողությամբ ընթանում էր Ս. Դեմիրճյանի եւ Ա. Գեղամյանի միջեւ։ Եթե շուրջ 6 ամիս առաջ՝ փաստացի նախընտրական մեկնարկի պահին Ա. Գեղամյանը եւ Ս. Դեմիրճյանը գրեթե հավասար ձայների ակնկալիք ունեին Երեւանում եւ շատ տեւական ժամանակահատվածում այդ հավասարությունը թեթեւակի տատանումներով պահպանվում էր, ապա հունվարի վերջին ստեղծվեց մի իրավիճակ, երբ մի շարք գործոնների ազդեցության տակ (Ր.Հովհաննիսյանի դուրս գալը մրցապայքարից եւ կողմնորոշումը հօգուտ Ս. Դեմիրճյանի, Արամ Զ. Սարգսյանի ենթադրյալ նույնատիպ կողմնորոշման հնարավորությունը, Վ. Մանուկյանի ու Ա. Կարապետյանի հետ Ս. Դեմիրճյանի կողմից միասնական թեկնածուի վերաբերյալ տարվող բանակցությունների մասին լուրերը եւ այլն) ստեղծեցին այդ մրցակցության մեջ ՀԺԿ առաջնորդի առնվազն հոգեբանական այնպիսի առավելության իրավիճակ, երբ մինչ այդ անզիջում Ա. Գեղամյանի շտաբից անգամ սկսեցին հնչեցվել Գեղամյանի կողմից եւս հօգուտ Ս. Դեմիրճյանի թեկնածությունը հանելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններ։ Սակայն փետրվարի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ «Օրակարգ» ծրագրի «Օրակարգից դուրս» հավելվածում Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Ս.Սարգսյանի եւ Ա.Գեղամյանի միջեւ կայացած հեռուստաբանավեճից հետո առնվազն Երեւանում Ա.Գեղամյանը հերթական անգամ վարկանիշային վերելք արձանագրեց եւ հարցման պահին՝ շնորհիվ հիմնականում հենց այդ հեռուստաբանավեճի, նույնիսկ գերազանցում էր ՀԺԿ ղեկավարին։ 4. Նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ փետրվարի սկզբին կայացված Գեղամյանի համար շատ հաջող այդ քարոզչական ակցիայի թողած տպավորությունը չէր կարող տեւական ժամանակահատված՝ շուրջ 20 օր լարված ընտրարշավի վերջնամասի հարափոփոխ իրավիճակներում, երբ յուրաքանչյուր օր իր հետ բերում է ընտրողի էլեկտորալ տրամադրությունների վրա ազդելու ունակ ինֆորմացիայի մեծ քանակություն, շարունակել իր ազդեցությունը եւ փետրվարի 19-ին արձանագրվեց, որ ընդդիմադիր տրամադրություններ կրող հասարարկության նախընտրելի թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն է։ 5. Այդ առումով հարկ է նկատել, որ վերը նշված հարցման անցկացումից արդեն հետո միայն հասարակությանը լիովին տեղեկացվեց այն մասին, որ Ստեփան Դեմիրճյանը պաշտպանվում է մի ամբողջ շարք ընդդիմադիր կուսակցություների կողմից։ Որ նրա օգտին իրենց թեկնածությունը արդեն հանել կամ պատրաստվում են հանել նախագահության մի շարք թեկնածուներ։ Եվ ամենակարեւորը՝ միայն փետրվարի 10-ից սկսած՝ այսինքն մեր հարցումն անցկացնելու պահից հետո Ստեփան Դեմիրճյանի քարոզարշավում սկսեց օգտագործվել նրան որպես «ընդդիմության միասնական թեկնածու» ներկայացնող քարոզչական կլիշեն։ Այսինքն՝ փետրվարի 10-ից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ Ստեփան Դեմիրճյանը ակնհայտորեն շահում է Արտաշես Գեղամյանի հետ երկրորդ տեղի եւ հնարավոր ընտրությունների երկրորդ փուլի մասնակցի համար տարվող մրցակցությունը։ 6. Ի դեպ, այն, որ հավասար մրցակցային իրավիճակում (երբ նրանցից որեւէ մեկի օգտին կողմնորոշող ազդեցիկ ինֆորմացիա բացակայում է այդ պահին) Ստեփան Դեմիրճյանը ընտրությունների վերջնագծում նկատելիորեն գերազանցում է Արտաշես Գեղամյանին, տեսանելի էր արդեն նաեւ փետրվարի 9-ին ավարտված մեր հետազոտության հետեւյալ արդյունքներում, որոնք արդեն մի անգամ «Երեւանցիները կարծես թե հակված են քվեարկելու նաեւ երկրորդ փուլում» վերնագրով հրապարակվել են «Առավոտ» օրաթերթի փետրվարի 11-ի համարում։ Մեջբերում եմ այդ օրվա «Առավոտի» մեր հրապարակումից. «Այդ առումով կարեւոր է ընդգծել, որ հեռուստաբանավեճի արդյունքում Արտաշես Գեղամյանին հաջողվել է հավելյալ ձայներ տանել Ստեփան Դեմիրճյանից։ Ավելորդ չէ նշել, որ Ստեփան Դեմիրճյանը իրեն հատկապես ուժեղ է զգում այն ընտրազանգվածում, որը ոչինչ չգիտի Գեղամյան-Սարգսյան հեռուստաբանավեճի մասին»։ Այժմ՝ մի փոքր ավելի մանրամասն այս մասին. Ըստ էության, Արտաշես Գեղամյան-Սերժ Սարգսյան հեռուստաբանավեճի մասին հարցման անցկացման պահին՝ փետրվարի 7-9-ին տեղեկություն չունեցողները հենց այն ընտրազանգվածն է, որը տվյալ պահին զրկված էր պահի քաղաքական կոնյունկտուրայի մեջ Գեղամյանի նկատմամբ լրացուցիչ նախընտրելիություն ապահովող ինֆորմացիայի կրողը լինելուց, եւ որի գնահատականները կարելի է առավել մեծ վստահությամբ ընդունել որպես ընդհանրության մեջ ընդդիմադիր հասարակության տրամադրությունների առկայություն: Նկատի ունենալով, որ փետրվարի 7-9-ին ANA-ի պատվերով «Լոգոս» կենտրոնի իրականացված հարցմանը հաջորդած շրջանում տեղի են ունեցել վերեւում արդեն նշված բազմաթիվ իրադարձություններ, որոնք Ստեփան Դեմիրճյանի օգտին քարոզչական առումով առնվազն հակակշռել են ընտրազանգվածի վրա Գեղամյանի համար բարենպաստ ընթացք ունեցած հեռուստաբանավեճի ազդեցությունը, որպես ընտրությունների օրվա քարոզչական ֆոնին առավելագույնս մոտ ինֆորմացիոն միջավայրում գտնվող ֆոկուս խումբ՝ այս աղյուսյակից այժմ պետք է դիտարկենք երեւանյան ընտրազանգվածի այն խմբին, որը Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի հեռուստաբանավեճը չէր տեսել եւ այդ մասին ոչինչ չգիտեր, հետեւաբար՝ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան-Արտաշես Գեղամյան թեկնածուների միջեւ իր ընտրությունը կատարում էր առանց այդ հեռուստաբանավեճի թողած քարոզչական էֆեկտների, որոնք, սակայն, ընտրության օրը արդեն մոռացված կամ հակակշռված էին։ Եվ մոռացված ու հակակշռված էին ոչ միայն Ստեփան Դեմիրճյանի, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար հարցման պահին ունեցած բացասական դրսեւորման առումով։ Քանզի ինչպես նախագահ Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցները միակերպ մատուցեցին այդ իրողությունը, ըստ որի Սերժ Սարգսյանը լուրջ հեռահար հաշվարկով միտումնավոր թույլ տվեց, որ այդ բանավեճում Գեղամյանն իր անփաստարկ պոպուլիզմի մեջ անպատասխան մնա։ Եվ այդ առումով՝ այդ հեռուստաբանավեճը մի առանձնակի բացասական ազդեցություն գործող նախագահի վարկանիշի վրա չունեցավ։ Ինչեւէ։ Վերադառնալով նախագահության թեկնածուների նկատմամբ վերաբերմունքի կախումը այդ բանավեճի մասին տեղեկացվածության մակարդակից պատկերող վերոնշյալ խաչաձեւ խմբավորման աղյուսյակին, նկատենք, որ Սերժ Սարգսյան-Արտաշես Գեղամյան հեռուստաբանավեճը չդիտածների խմբում եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պահպանել հարցման ընդհանուր արդյունքներում իր արձանագրած վարկանիշը, ապա Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի վարկանիշներում էական տարբերություններ են նկատվում նույն հարցման ընդհանուր արդյունքներում իրենց իսկ արձանագրած թվերից։ Մասնավորապես, եթե Արտաշես Գեղամյանը հարցման ընդհանուր արդյունքներում ստանում էր 18.50 %՝ ավելի քան 4 %-ով գերազանցելով Ստեփան Դեմիրճյանի ստացած արդյունքը, ինչը թեկնածուների օգտին տրված ձայներից կազմում էր համապատասխանաբար 24.18%-18.74%, ապա ինֆորմացիոն հավասար միջավայրում գտնվողների զանգվածում այդ հարաբերակցությունն արդեն մեծ կտրվածքով Ստեփան Դեմիրճյանի օգտին է՝ որն ընդդիմադիր դաշտում իր հիմնական մրցակցին հարցման արդյունքներով գերազանցում էր շուրջ 2.5 անգամ։ Սարգսյան-Գեղամյան հեռուստաբանավեճի մասին տեղեկություն չունեցողների զանգվածում Ս. Դեմիրճյանը դեռ փետրվարի 9-ին ստանում էր 20.79 %, ինչը թեկնածուների օգտին տված ձայներից կազմում էր 30.44 %։ Մինչդեռ Արտաշես Գեղամյանը հարցման ընդհանուր արդյունքներում իր արձանագրած 18.50 տոկոսի դեպքում կարողանում էր այդ զանգվածից ստանալ միայն 8.91 տոկոս, ինչը այդ զանգվածում թեկնածուների օգտին տրված ձայներից կազմել է միայն 13 տոկոս։ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել