«Պարտությունն էլ տղամարդու նման ընդունեք» Խորհուրդ է տալիս Խորեն Սարգսյանը Կնքված, Ռոբերտ Քոչարյանի անվան դիմաց քվեարկած թվով 18 քվեաթերթիկներ, որոնցով պետք է քվեարկեին Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Գեղհովիտ, Ծովինար եւ Վարդենիկ գյուղի բնակիչները, ոստիկանները, որոնց «հրահանգված» է եղել արդեն քվեարկած վիճակում լցնել քվեատուփերը, տվել են ԱԺ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանին՝ չհասցնելով գցել քվեատուփի մեջ: Այժմ այդ քվեաթերթիկները գտնվում են նրա մոտ: «Այս եւ բազմաթիվ լրացված այլ քվեաթերթիկներ, որոնք պետք է գտնվեին ընտրատարածքներում, «հայտնվել» էին ԱԺ պատգամավոր, Արփա-Սեւանի կառավարիչ Հակոբ Հակոբյանի ավտոմեքենայի մեջ, որտեղից յուրայինների միջոցով սկսել են լցնելու գործընթացը: Դա եղել է Վարդենիկ գյուղում: Նույն Հակոբ Հակոբյանն ու նույն գյուղում գտնվող Քոչարյանի շտաբի պետ՝ կաթի գործարանի տնօրեն Ափրոյանը մարդկանց խմեցնում էին, որ նրանք տանեն ու այդ քվեաթերթիկները լցնեն քվեատուփերի մեջ»,- պատմում է Խորեն Սարգսյանը: Պատգամավորի հավաստմամբ, այդքան կեղծ քվեաթերթիկներ լցնելուց հետո անգամ, քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ վերոնշյալ ընտրատեղամասում հաղթանակած է «դուրս եկել» Ստեփան Դեմիրճյանը: «Մեզ մոտ շտաբում կա այդ ընտրահանձնաժողովների քվեարկության տվյալների ամբողջական փաստաթուղթը: Ես դրա պատճենը մեծ դժվարությամբ, որքան էլ զարմանալի է, ձեռք եմ բերել ոչ թե հանձնաժողովից, այլ գյուղապետից: Բայց մեզ մոտ գտնվող փաստաթուղթը, որտեղ արձանագրված են միեւնույն ընտրատարածքի ընտրողների տվյալները, ուրիշ է, ԿԸՀ-ինն՝ ուրիշ: Ավելին, ԿԸՀ ուղարկված փաթեթներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը՝ քվեարկության թերթիկները, քանակը, ձայները, ոչինչ իրար հետ չի համընկնում»,- ասաց Խորեն Սարգսյանը: Իրենց մոտ գտնվող փաստաթղթում եղած տվյալներով, ինչպես նշեց Խորեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ձայների մեծամասնությամբ՝ 1003, առաջին տեղում Արտաշես Գեղամյանն է, երկրորդ տեղում՝ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն ընտրությունների օրը երեկոյան հեռուստատեսությամբ հաղորդեցին, թե Գեղհովիտ գյուղում Քոչարյան Ռոբերտը ստացել է 1200 ձայն: Էս ձեւի ամո՞թ, էս ձեւի խայտառակությո՞ւն: Էլ ինչի՞ էին ընտրություն անում, եթե այդպես էր, թող վեր կենային, հեռուստատեսությամբ միանգամից ասեին, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է: Էլ էս խայտառակությունն ո՞ւմ էր պետք»,- ասաց Խորեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ՝ միեւնույն է, «ուզեն, թե չուզեն» ընտրվել է Ռոբերտ Քոչարյանը: «Ինձ մնում է ՀՀ նախագահին խորհուրդ տալ, որ իր պարտությունն ընդունի եւ ձեռք սեղմի այդ մարդուն, որպեսզի Հայաստանում ուրիշ բան չկատարվի: Փետրվարի 20-ի հանրահավաքից ես շատ-շատ սարսափեցի, այն հղի է ամեն տեսակի վտանգով: Իսկ դրա մեղքն ընկնելու է իշխանությունների վրա»,- հայտարարեց Խորեն Սարգսյանը: Նա անդրադարձավ նաեւ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե՝ «Մենք հաղթելու ենք»: «Հարգարժան նախարար, ո՞ւմ նկատի ունեք: Այսքան ժամանակ ես ոչ մի անգամ չեմ օգտագործել, բայց այսօր ստիպված եմ ասել՝ ղարաբաղյան կլանի դե՞մ խաղ չկա, թե՞ ժողովրդի: Ի սեր Աստծո, այս ժողովրդին արյան մի տարեք: Բարի եղեք, պարտվել եք, պարտությունն էլ տղամարդու նման ընդունեք,- խորհուրդ տվեց Խորեն Սարգսյանը՝ հավելելով:- Գոնե Քոչարյանը երկրորդ տեղում լիներ, էլի ջհանդամ, բայց երկրորդ տեղում Գեղամյանն է: Քոչարյանը երրորդ տեղում է»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ