Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԱՆԱԿԻ»

Փետրվար 22,2003 00:00

«ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԱՆԱԿԻ» Ստեփան Դեմիրճյանի կարգախոսը Մի առիթով խոստովանել եմ, որ թվեր չեմ սիրում, այսօր էլ թվեր չեմ ասի, պարզապես առաջարկում եմ հաշվել, թե Մատենադարանի հարթակից մինչեւ Մաշտոցի պողոտայի եւ Մ. Խորենացու փողոցների հատման կետ ընկած տարածության մեջ որքան մարդ կտեղավորվի։ Իսկ որ պողոտան լեփ-լեցուն էր, երեկ տեսավ ամբողջ Երեւանը, նույնիսկ այն չինովնիկները, ովքեր հետո իրար հետ վախեցած խոսելով կփորձեն ասել, թե մարդ չկար։ Մատենադարանի մոտ երեկ տեղի ունեցավ համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցում էին ըստ ժլատների՝ 60-70, ըստ շռայլների՝ 200-250 հազար մարդ (իսկ իրականությունը, ըստ մեզ, ինչ-որ տեղ սրանց մեջտեղում էր։ Նրանք, ովքեր հիշում են 88-ի հանրահավաքները, ժողովրդի զարթոնքը, կփաստեն, որ երեկվա հանրահավաքը շատ նման էր շարժման օրերի հանրահավաքներին, միայն շեփորն էր պակասում։ Հավաքված ժողովրդի պահանջն էր՝ ճանաչել նախագահի ընտրության իրական արդյունքները, եւ ՀՀ նախագահ հայտարարել Ստեփան Դեմիրճյանին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին ԿԸՀ-ի եւ այնուհետեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունները խիստ շտապողական էին, քանի որ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման ժամկետը՝ 72 ժամը լրանում է այսօր, ժամը 20-ին։ Չենք ուզում «բայղուշություն» անել, բայց եւ չենք բացառում, որ իշխանություններն այս իրավիճակում կփորձեն «նկարել» 52 տոկոս։ Հանրահավաքին երեկ մասնակցում էր ամբողջ ընդդիմադիր դաշտը, միայն Արտաշես Գեղամյանն էր բացակա, որի շտաբի անունից Մանուկ Գասպարյանը հայտարարեց. «Ես լիազորված եմ Գեղամյանի անունից հայտարարելու. այն հերյուրանքները, որ տարածվում են Գեղամյանի հասցեին, իբր նա ժողովրդի հետ չէ, ճիշտ չէ։ Գեղամյանը ժողովրդի հետ է, Գեղամյանը վերջնական արդյունքով այս իշխանափոխությանը 100 տոկոսով կողմնակից է, ժողովրդի հետ կապված՝ ինքն առաջիկա 2-3 օրում հանդես կգա հեռուստատեսությամբ»։ Այս խոսքերից, իհարկե, այնքան էլ պարզ չէր, թե որտե՞ղ է, ի վերջո, Ա. Գեղամյանը, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ նա չէր եկել հանրահավաքին, որովհետեւ ասել էր, թե առաջինը լինելու բարդույթ ունի։ Ի վերջո, Ա. Գեղամյանի անձը հետաքրքիր է այնքանով, որ եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը որոշի արժանապատիվ հեռանալ եւ հրաժարական տալ որպես թեկնածու, երկրորդ փուլում Ստեփան Դեմիրճյանի մրցակիցը լինելու է հենց Ա. Գեղամյանը։ Հանրահավաքի մասնակիցներին երեկ միացան նաեւ Վազգեն Մանուկյանն ու Ռուբեն Ավագյանը։ Վազգեն Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ տեղի ունեցավ այն, ինչ իրենք ուզում էին՝ ժողովուրդն ընտրեց միասնական թեկնածուին. «Երկրորդ փուլում մեր կուսակցությունը որոշել է սատարել Ստ. Դեմիրճյանին, բայց առաջ տանելով մեր սկզբունքները։ Միայն անձն անձով փոխարինելը մեզ չի բավարարում»։ Հաղթանակի հասնելու ճանապարհներ, ըստ Վ. Մանուկյանի, շատ կան. «նախորդ տարիներին մշակված քայլեր կան, որոնք միշտ էլ կարելի է բազմապատկել»։ Պրն Մանուկյանն ասաց, որ Ռ. Քոչարյանի ամենաճիշտ քայլը կլինի հեռանալը, եւ դա կլինի ամենաբարի գործը, որ նա կանի ժողովրդի համար։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը ժողովրդին ներկայացրեց հետեւյալը. «Ռ. Քոչարյանի կենտրոնական շտաբը, որը տեղավորվել է ԱԱ-ում, վերածվել է հանցագործների որջի։ Ակադեմիան այն հաստատությունը չէ, որտեղ այդ մարդիկ պետք է հավաքվեն։ Մենք պահանջում ենք մաքրել մեր գիտության տաճարն այդ մարդկանցից»։ Ժողովուրդը բուռն արձագանքում էր նման ելույթներին եւ միասնական էր հարթակի հետ։ Ա. Բազեյանն ասաց, որ ԿԸՀ-ից մի բան են պահանջում՝ հայտարարել նախագահական ընտրությունների իրական արդյունքները՝ «իսկ այդ արդյունքներով միանշանակ է, որ ՀՀ նախագահ է ընտրվել Ստեփան Դեմիրճյանը»։ Այս խոսքերից հետո ժողովուրդը պարզապես չէր հանդարտվում եւ օվացիաներով էր արձագանքում։ Հանրահավաքի մասնակիցներին տեղեկատվություն էր տրվում ընտրակեղծիքների մասին։ Ստ. Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը ներկայացրեց հետեւյալը. «Տեղամասային ընտրական հանձնաժողովներն այս երկու օրը ակտիվ են գործում՝ քվեաթերթիկներ են փոխում, դռները փակել են եւ ներսում աշխատում են մասնավորապես 6, 4, 3, 10, Արտաշատի ընտրատարածքային հանձնաժողովները գիշեր-ցերեկ աշխատելով ցանկանում են քվեաթերթիկները համապատասխանեցնել իրենց հրապարակած թվերին, բայց չեն հասցնում, 700 հազար քվեաթերթիկ ուղղելը (մոտ այդքան են Ռ. Քոչարյանի հավաքած ձայները ըստ ԿԸՀ-ի.- Մ. Ե.) սարսափելի դժվար է»։ Պրն Հարությունյանը հայտնեց, որ դպրոցահասակ երեխաներն իրենց շտաբին են հանձնել Ստ. Դեմիրճյանի անվամբ քվեարկած թերթիկներ, որոնք թիվ 320 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները պատուհանից դուրս էին գցել։ Պրն Հարությունյանն ասաց, որ շուրջ ինը դեպքի համար գլխավոր դատախազին է ներկայացված դիմում-բողոք, որտեղ մանրամասն ներկայացված են այս եւ նմանատիպ այլ հանցագործություններ։ Շավարշ Քոչարյանը շնորհավորեց ժողովրդի հերթական հաղթանակը. «այն պարտադրանքի կամքը, որ դուք դրսեւորեցիք, ստիպեց ռեժիմին եւ ԿԸՀ-ին նահանջել իրենց ծրագրված քայլից։ Երեկ փորձում էին նկարած թվերով հայտարարել, որ նախագահն իբր Ռ. Քոչարյանն է (ժողովուրդն այստեղ սուլեց.- Մ. Ե.), սա դեռ նախնական հաղթանակն է, մենք դեռ պայքարի մեջ ենք եւ պետք է հասնենք վերջնական հաղթանակի»։ Իսկ վերջնական հաղթանակն այն է, ըստ Շ. Քոչարյանի, որ ԿԸՀ-ն պետք է երկրի նախագահ հռչակի այն անձին, ում ընտրել է ժողովուրդը՝ Ստեփան Դեմիրճյանին (ժողովուրդն այս անունը լսելիս հերթական օվացիան էր օդ նետում)։ Շավարշ Քոչարյանն առաջարկեց, որ դատախազությունն անմիջապես քրեական գործ հարուցի ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ռեժիմի թաղման վերջին ժամկետը մարտի 5-ն է։ Հանրահավաքի մասնակիցներին շարունակ միանում էին այլ բնակավայրերի ներկայացուցիչներ։ Արմավիրի եւ Էջմիածնի ներկայացուցիչները ոտքով էին եկել ու միացել հանրահավաքին։ Արամ Զավենի Սարգսյանի ելույթը, ինչպես միշտ, ամենաէմոցիոնալն էր, բայց նույնիսկ էմոցիաների մեջ Արամ Սարգսյանը կարողանում է պարզ ու հասկանալի ասել կատարելիք քայլերը եւ ամեն մեկին իր տեղը դնել. «Հիմա քննարկվում է՝ մնա ինքը որպես թեկնածու, որպես նախագահ հրաժարական տա, թե հրաժարական տա որպես թեկնածու, մնա նախագահ մինչեւ ընտրությունների վերջը։ Մենք որեւէ տարբերակի համաձայն չենք։ Ինքը պետք է հրաժարական տա թե՛ որպես նախագահ, թե՛ որպես թեկնածու, որովհետեւ այդ թեկնածուն ինքն է իր շտաբով խախտել ընտրությունները։ Դա ապացուցեցին արտասահմանյան դիտորդների հրապարակումները։ Խախտումներ արած թեկնածուն իրավունք չունի մասնակցել որեւէ ընտրության»։ Արամ Սարգսյանն անդրադարձավ Ռ. Քոչարյանի «թիմի մոլորյալներին», ասելով, որ նրանք բոլոր մոլորյալներին ներելու են. գործարարներին, շատերին, որոնք ստիպված են եղել սատարել Քոչարյանին. «տղերք, դուք մեր մոտ տեղ ունեք, դուք Հայաստանում եք ապրելու եւ ձեր բիզնեսն ընդլայնելու եք, որովհետեւ էս երկրի քաղաքացին եք, ունեք էստեղ հարազատների գերեզմաններ, ուշ չի, հետ կանգնեք եւ միացեք մեզ»։ «Կոպիտ խախտումներ կատարածները» չեն ներվելու. «որովհետեւ իրենք անցան չափը»։ Ա. Սարգսյանը խորհուրդ տվեց «Արթուրիկ Բաղդասարյանին». «տղա ջան, դու քո բնավորության գծերին մի դավաճանիր, արդեն ժամանակն է, ըստ քո էության՝ դու պիտի արդեն հայտարարած լինեիր, որ պաշտպանում ես Ստ. Դեմիրճյանին, եւ բոցաշունչ ելույթ ունենայիր»։ Դաշնակցության վերնախավին եւս բաժին հասավ. «Շարքային դաշնակցականներն իրենց ձայնը տվել են Ստ. Դեմիրճյանին»։ Հանրապետական շարքայիններին եւս խորին շնորհակալություն հայտնվեց, որովհետեւ իրենք, անկախ վերնախավից, քվեարկել են Ստ. Դեմիրճյանի օգտին, եւ «խորհուրդ կտայի ղեկավարությանը՝ միանալ շարքերին»։ Սերժ Սարգսյանին ամենաշատը բաժին հասավ. «Ինքը հայտարարեց, որ ամեն ինչ արել է Վազգեն Սարգսյանի հետ միասին։ Նախ ասեմ, որ ցանկացած մարդ ամեն ինչ չէ, որ ընկերոջ հետ է անում, բաներ կան, որ միայնակ են անում։ Երկրորդը հետեւյալն է՝ Վազգեն Սարգսյանը ֆուտբոլ էր սիրում, իսկ ինքը՝ թղթախաղ, եւ կարող է Աբովյան քաղաքի դոտացիաների չափով գումար պարտվել։ Այդ կարգի մարդիկ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն եւ Վազգենի հետ համեմատվելու իրավունք՝ առավել եւս։ Իրենց անունը պատմության էջերում կարող է գրվել միայն մի կերպ (եթե իրենց կարգին պահեն)՝ Վազգեն Սարգսյանի ժամանակակից, իրեն իրավունք չի տրված համեմատվել Վազգեն Սարգսյանի հետ, ինքն այդ արժանիքները չունի»։ Ստեփան Դեմիրճյանի խոսքը հավասարակշիռ էր ու սթափ. «Այսօր մենք ականատեսն ենք մեր ժողովրդի զարթոնքին, տեսնում ենք, որ ժողովուրդն ունի հավաքական կամք, որը հաղթանակել է։ Այսօր մենք ականատեսն ենք քաղաքական ուժերի համախմբման։ Այն լիցքն ու ներուժը, որ բերում է այս համախմբումը, մենք ուղղելու ենք մեր երկրի բարգավաճմանը, շենացմանը, կառուցմանը։ Մեզ դժվարին ճանապարհ է սպասվում, բայց միասին մենք հաղթանակելու ենք»։ Հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթով ուղեւորվեցին դեպի Գլխավոր դատախազություն։ Ամբողջ Մաշտոցի պողոտայում չգտնվեց Ռ. Քոչարյանի ոչ մի գովազդային պաստառ՝ խանութների տերերն իրենք էին պաստառները մաքրել։ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ երկրում այլեւս չկա գործող նախագահ. «Ռ. Քոչարյանից մենք պահանջներ չունենք, մենք պահանջ ունենք երկրի դատախազությունից։ Մենք պահանջելու ենք գործ հարուցել մեր երկրի Սահմանադրությունը ոտնահարած, մեր ժողովրդի ազատ կամքի իրավունքի վրա բռնացած իշխանության նկատմամբ։ Մենք ներկայացնելու ենք բոլոր այն փաստերը, որ կատարվել են այս երկու օրերի ընթացքում, եւ դատախազությունից պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։ Երթը «Դե՛-մի՛ր-ճյա՛ն, նա՛- խա՛-գա՛հ» կոչերով հասավ դատախազության շենքի մոտ, քաղաքը խաղաղ-հեղափոխական տրամադրություն ուներ։ Եթե այսօր մինչեւ ժամը 20-ը ԿԸՀ-ն չհրապարակի ընտրությունների իրական արդյունքները եւ Ստեփան Դեմիրճյանին չհայտարարի ընտրված նախագահ, կիրակի օրը ժամը 14-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա հանրահավաք, որը կուղեւորվի դեպի նախագահական՝ իշխանությունը վերցնելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հանրահավաքին մասնակցում էին արտասահմանյան դիտորդներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել