Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարապի լիճը»՝ «պատասխանատու» եթերում

Փետրվար 22,2003 00:00

«Կարապի լիճը»՝ «պատասխանատու» եթերում Ինչո՞ւ էին ՀՀ քաղաքացիները /մասնավորապես, երեւանցիները/ այդքան ակտիվորեն քվեարկել գործող իշխանության դեմ: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը /անշուշտ, ոչ ամենակարեւորը/ անցած տարվա ապրիլին Ռ. Քոչարյանի կողմից «Ա1+» միակ անկախ հեռուստաընկերության փակումն էր, որն առաջացրեց մեր հազարավոր հեռուստադիտողների բուռն վրդովմունքը: Այս ամիսների ընթացքում մեզ՝ «Ա1+»-ի աշխատակիցներիս, մոտեցել էին հարյուրավոր մարդիկ՝ միեւնույն հարցով. «Ե՞րբ են նրանք հեռանալու, որ մենք կարողանանք դիտել ձեր ալիքը» /հասկանալի պատճառներով փափկացնում եմ հարցի ձեւակերպումը/: Այսինքն՝ մեր հեռուստադիտողներն ուղիղ պատճառահետեւանքային կապ են տեսնում այս իշխանությունների գոյության եւ «Ա1+»-ի եթերի միջեւ: Նրանք ԵԱՀԿ դիտորդներ չեն, որոնց կարելի է խաբել ինչ-որ «մրցույթի» եւ ինչ-որ Ամալյանի մասին հեքիաթներով: Հազարավոր հեռուստադիտողներ շատ լավ գիտեն, որ «Ա1+»-ը զրկվել է եթերից անձամբ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով: Պետք չէր, երեւի, նման լպիրշ ձեւով նեղացնել մեր հեռուստադիտողներին՝ մեծ հաշվով դա սխալ էր: Բայց հասկանալի է նաեւ, թե ինչի համար էր փակվել «Ա1+»-ը: Որպեսզի եթերը մնա բացառապես «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերություններին, որոնք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն իրենց հաղորդումներում ներկայացրին իբրեւ ժողովրդավարության փառատոն: Որոնք լուրջ ձեւով չարձագանքեցին ընտրակեղծիքների մասին հարյուրավոր ահազանգերին: Որոնք ընտրությունների օրվա ընթացքում իրենց հեռուստադիտողներին փաստորեն չտվեցին որեւէ ոչ պաշտոնական օպերատիվ լրատվություն: Իսկ հաջորդ օրը, երբ դեռեւս անորոշ էր՝ արդյոք իշխանությունն իր համար կնկարի 49 թե 52 տոկոսը, «պատասխանատու» հեռուստաընկերություններն ընդհանրապես որեւէ ինֆորմացիա չէին հաղորդում իրենց սպառողներին: Միայն թութակի պես կրկնում էին վերեւից իջեցված տեքստը հանրահավաքի ինչ-որ «թափորի» մասին: Սպասում էին ցուցումների նախագահական նստավայրից: Նախագահն էլ, հավանաբար, իր սովորության համաձայն, չէր սափրվել ու որեւէ ցուցում չէր տալիս: Խախտվել էր նույնիսկ որոշ ընկերությունների հաղորդացանցը, եւ նորությունների փոխարեն համերգներ էին հեռարձակվում: Մի խոսքով, ամեն ինչ հիշեցնում էր ԳԿՉՊ-ի «Կարապի լիճը»: … Իսկ հեռուստադիտողները սպասում են «Ա1+»-ի վերադարձին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել