Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չդարձնենք ընտրությունները թշնամանքի թատերաբեմ

Փետրվար 22,2003 00:00

Չդարձնենք ընտրությունները թշնամանքի թատերաբեմ Երեկ թերթերից մեկում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի՝ տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը փետրվարի 18-ին իրեն անպատեհ արտահայտություններ է թույլ տվել Վազգեն Սարգսյանի հասցեին: «Առավոտի» խնդրանքով պրն Մանուկյանը մեկնաբանեց այդ լուրը. «Այս ընտրություններում ես պաշտպանում եմ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը եւ վստահ եմ, որ նա անպայման կհաղթի: Դա իմ՝ որպես քաղաքացու իրավունքն է, ինչպես մնացած քաղաքացիների իրավունքն է՝ պաշտպանել ցանկացած թեկնածուի: Բայց ձեր հիշատակած լուրն ինձ վիրավորեց այն պատճառով, որ զուտ քաղաքական բանավեճից բացի, կան տարրական բարոյական եւ մարդկային սկզբունքներ, որոնք բոլորս պարտավոր ենք հարգել: Թող իմ խոսքը չափից դուրս պաթոսային չհնչի, բայց ես խորհուրդ եմ տալիս նման լուրեր տարածողներին փոքր-ինչ ավելի աստվածավախ լինել: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ ես «27»-ի զոհերից մեկն եմ՝ ահաբեկիչների գնդակներից բառիս բուն իմաստով գնացել եմ այն աշխարհ եւ հետ եկել: Ինչպե՞ս կարող է որեւէ մեկի լեզուն պտտվել՝ ասելու, որ ես կարող եմ անհարգալից խոսքեր արտասանել «27»-ի մեկ այլ զոհի՝ Վազգեն Սարգսյանի մասին: Դա պարզապես սրբապղծություն է: Ինչպես սրբապղծություն է իմ շուրթերով կամ որեւէ մեկի շուրթերով զոհված Սպարապետի հասցեին որեւէ անպատեհ բան ասելը: Թե «27»-ից առաջ, թե հետո խոսել եմ Վազգեն Սարգսյանի մասին սիրով ու ակնածանքով: Նույնը՝ երկրապահների մասին, որոնցից շատերի հետ ունեմ ջերմ բարեկամական հարաբերություններ: Հիշյալ տեղեկատվության մեջ նշված է նաեւ, իբր ես բռնության եւ հաշվեհարդարի կոչեր եմ արել: Ասեմ, որ եւ փետրվարի 18-ին, եւ այսօր արել եւ անում եմ տրամագծորեն հակառակ կոչեր՝ հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի: Պետք չէ դարձնել ընտրությունները մարդկային թշնամանքի եւ ատելության թատերաբեմ: Եվս մի հանգամանքի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը դարձնել: Օվսաննա Սուրենի Մաթեւոսյանը, որին վկայակոչում են լուրի հեղինակները, 1978-ից հաշվառման մեջ է Երեւանի նյարդահոգեբանական դիսպանսերում՝ «դանդաղ ընթացող շիզոֆրենիա» ախտորոշմամբ /տեղեկանքին կարող են ծանոթանալ բոլոր ցանկացողները/: Կարծում եմ, կոռեկտ չէ անմեղսունակ մարդկանց դիտել որպես լրատվության աղբյուր»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել