Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ԼԻՆԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 22,2003 00:00

 Հենց հայտնի դարձավ նախագահի ընտրության 2-րդ փուլի մասին՝ «Ա1+»-ը կանխատեսեց, որ Ազգային հանձնաժողովի դեմ 5 հեռուստաընկերությունների հայցի լուծումը, որ պիտի երեկ լիներ՝ կհետաձգվի այնքան, մինչեւ պարզ լինի՝ Քոչարյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ: Եվ «Ա1+»-ը չսխալվեց: Հիշեցնենք, որ այս հայցի քննությամբ է պայմանավորված, թե արդյոք կկայանա՞ կապուղիների ձգձգված մրցույթը, եւ «Ա1+»-ն ու «Նոյյան Տապան»-ը հնարավորություն կունենա՞ն վերադառնալ եթեր:

Երեկ Տնտեսական դատարանը մեկ շաբաթով էլ հետաձգեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ 5 հեռուստաընկերությունների հայցի լուծումը: Ըստ նախորդ դատական նիստում ընդունված որոշման՝ երեկ CNN-ը, «Երեւան-TV»-ն, «TV-5»-ը, «ԱրմենԱկոբ»-ը եւ «Դար-21»-ը փակ նիստում պիտի հրապարակեին իրենց մրցութային փաթեթները եւ ապացուցեին, որ դրանցում առկա են ներդրումային եւ ժամկետային այնպիսի պարտավորություններ, որոնք մրցույթի ձգձգման հետեւանքով անցել են, եւ հարկ է, որ Ազգային հանձնաժողովը փաթեթները վերադարձնի՝ լրամշակման համար:

Իսկ երեկ 5-յակի փաստաբանները դատարանին խնդրեցին թույլ տալ չներկայացնել փաթեթները, քանի որ դրանք պարունակում են առեւտրային գաղտնիքներ: Փոխարենը ներկայացրին հաշտության համաձայնագրի նախագիծ: Ըստ այդմ, 5-յակն առաջարկում է Ազգային հանձնաժողովին՝ մրցույթների բոլոր մասնակիցներին հնարավորություն տալ եռօրյա ժամկետում ետ վերցնել իրենց փաթեթները, իսկ 7-օրյա ժամկետում ետ ընդունել դրանք` փոփոխություններով:

Տնտեսական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ մինչեւ փետրվարի 28-ն ընդմիջեց դատը, որ կողմերը հնարավորություն ունենան բանակցել համաձայնության նախագծի շուրջ:

Մինչ այդ զրուցեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: Հաշտության համաձայնագրի վերաբերյալ հանձնաժողովը որոշում կկայացնի երկուշաբթի կայանալիք նիստում, իսկ մինչ այդ՝ պրն Ամալյանը հայտնեց իր անձնական դիրքորոշումը. «Ոչինչ չի փոխվել իմ սկզբունքային մոտեցման մեջ: Նույն դիմումի առաջին իսկ քննարկման ժամանակ հանձնաժողովի տեսակետը ձեւավորվեց երկու կարեւոր գործոնից. առաջինը՝ իրավական դաշտը մեզ թույլ չի տալիս բավարարել այդ դիմումը եւ վերադարձնել մրցութային առաջարկները: Եվ երկրորդ խնդիրն է, որ մրցույթի մասնակիցները միայն այդ 5 դիմողները չեն. մեզ համար պարզ չէ մյուս մասնակիցների տեսակետն ուղղակիորեն իրենց շահերին առնչվող այս խնդրի վերաբերյալ: Ներկա փուլում, եթե նույնիսկ դատական հաշտությամբ կարգավորվի իրավական խնդիրը եւ որոշվի վերադարձնել-չվերադարձնելու հարցը, միեւնույն է՝ հարցը բաց է մնում մյուս մասնակիցների շահերի տեսանկյունից»:

Մեր կանխատեսմանը, թե դատական նիստը անգամ փետրվարի 28-ին էլ կձգձգվի, քանի որ նախագահի ընտրության երկրորդ փուլի նախնական արդյունքները հայտնի կդառնան միայն մարտի 6-ին, պրն Ամալյանն այսպես արձագանքեց. «Ենթադրվում է, որ նման մեկնաբանություններ պիտի լինեին քաղաքական ներկա իրավիճակում: Բայց, մյուս կողմից՝ միանշանակ է, թե նոյեմբերից մինչ այսօր Ազգային հանձնաժողովը չի դրսեւորել սեփական որեւէ նախաձեռնություն, որ որեւէ փուլում ձգձգվի կամ առկախվի այս գործընթացը: Արդեն տեւական դարձած այս գործընթացը պարզապես ժամանակագրորեն է զուգադիպել քաղաքական գործընթացներին՝ առիթ տալով նման դատողությունների: Կարծում եմ, որ պիտի ճիշտ գնահատվի եւ հստակ հասկացվի, թե համենայն դեպս՝ պետական մարմինների կողմից չեն արվել քայլեր, որոնք արհեստական կամ անհարկի կձգձգեին գործընթացը»:

Առարկեցինք՝ նկատելով, թե Ազգային հանձնաժողովն է ակնհայտ հակաօրինական քայլերով սադրում, որ իր որոշումները վիճարկվեն դատարանում՝ առիթ տալով մրցույթի ձգձգման: Այդպես եղավ, ասենք, «ՆՏ»-ի դիմումը չընդունելու պարագայում, որի լիազորությունը չուներ հանձնաժողովը: «Հասկանում եմ, որ այսօր այդ տեսակետն ավելի բարձրաձայն կարող է հնչել՝ ունենալով դատական վճիռները, ըստ որոնց՝ հանձնաժողովի գործողություններն օրինական չեն եղել,- ի պատասխան ասաց պրն Ամալյանը:- Բայց բողոքարկելով վճիռը՝ հստակ ձեւակերպել էինք մեր տեսակետը, թե չէր կարող մրցույթի կարգ կիրառվել՝ չհայտարարված մրցույթի դեպքի պարագայում: Սակայն հանձնաժողովը մեղադրվեց, թե դիմումը չենք վերցրել, ստացական չենք տվել եւ այլն: Բնականաբար՝ չունենք հետագա բողոքարկման հնարավորություն, եւ չեմ ցանկանում անդրադառնալ այդ դատավճիռներին: Բայց մինչ այսօր մնում եմ նույն տեսակետին»:

Մեր համոզմամբ՝ Ազգային հանձնաժողովը շահագրգռված է, որ այս ընթացքում չլինի մրցույթ, եւ այս համոզման հիմքը, մասնավորապես, «Պրոմեթեւս» հեռուստաընկերության կապուղու առնչությամբ ամիսներ առաջ Գրիգոր Ամալյանի հայտնած դիտարկումն է, թե նախընտրական շրջանում նպատակահարմար չէ արտոնագրման մրցույթի անցկացումը: «Ընդհանուր առմամբ՝ մոտ միտք եք արտահայտում,- մեր հիշեցմանն այսպես արձագանքեց նա:- Ժամանակին, այո՛, «Պրոմեթեւսի» առնչությամբ ես բերել էի երկու փաստարկ, եւ դրանցից մեկն էր, որ կան համատեղություններ այդ նույն կապուղուց օգտվող մի շարք այլ մասնավոր հեռուստաընկերությունների հետ եւ, եթե հրատապ, այս պահին, առանց հաճախությունների համապատասխան ռեզերվներ ու ռեսուրսներ ունենալու անցկացնենք այդ մրցույթը, եւ այսպես թե այնպես՝ դրսում հայտնվեն հեռուստաընկերություններ՝ անպայման կտա քաղաքական շահարկումների առիթ: Անկախ մրցույթի ուղղվածությունից՝ շրջանառության մեջ կդրվեր, թե այս կամ այն հեռուստաընկերությունը ընտրությունների հետեւանքով կորցրեց աշխատելու հնարավորությունը»:

Անկեղծ ասած, չենք հիշում, թե հանձնաժողովին երբեւէ մտահոգեին իր գործողություններին հետեւած քաղաքական մեկնաբանությունները. այլապես՝ առավել զգույշ կլինեին «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին առնչվող զարգացումներում:

Ազգային հանձնաժողովի նախագահին խնդրեցինք նաեւ իր տեսակետը հայտնել հետեւյալ խնդրի առնչությամբ՝ արդյոք այժմ դատարան դիմած հեռուստաընկերությունների 5-յակը հրահանգավորվա՞ծ չի դիմել այդ քայլին, քանի որ բացառությամբ «Երեւանի» եւ «ԱրմենԱկոբի»՝ մնացածը նախապես հրապարակավ հայտնել էին, թե չունեն ՀՌԱՀ-ի որոշումը դատարանում վիճարկելու մտադրություն: «Նրանց նախնական տեսակետներին ծանոթացել եմ մամուլից,- պատասխանեց Գրիգոր Ամալյանը:- Թե հեռուստաընկերություններն ինչ քայլեր են նախապատրաստում բողոքարկելու կամ չբողոքարկելու առնչությամբ՝ տեղյակ չեմ եղել»:

Դարձյալ կանխատեսենք՝ Տնտեսական դատարանը թերեւս չբավարարի 5-յակի հայցը, նրանք կդիմեն Վճռաբեկ դատարան: Եվ այսպես՝ մրցույթը կձգվի մինչեւ ապրի՞լ: «Հանձնաժողովը որեւէ պարագայում չի նախաձեռնի գործողություններ գործընթացը երկարաձգելու համար,- խոստացավ պրն Ամալյանը:- Հիշեցնեմ, որ նախորդ անգամ հանձնաժողովը հնարավորինս կարճ ժամկետներում գումարեց նիստ եւ նշանակեց օրերը, երբ պիտի հրապարակվեին առաջարկները եւ ճանաչվեր լավագույն կազմակերպությունը: Այս դեպքում եւս՝ որեւէ ելքի պարագայում, հանձնաժողովն անհապաղ կգումարի նիստ եւ հնարավորինս կարճ ժամկետներում կորոշի օրերը»:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, շա՜տ մեղմ ասած, վերապահությամբ ընդունեց հավաստիացումները, թե Ազգային հանձնաժողովը շահագրգռված չէ մրցույթի ձգձգմամբ: Նա համոզված է, որ 5-յակի հայցը եւս ուղղորդված է, եւ պնդում է, թե ունեն դա հաստատող տվյալներ. «Գրիգոր Ամալյանն է հուշել, թե կարող են դատարանում բողոքարկել հանձնաժողովի որոշումը, եւ մրցույթը կհետաձգվի»:

Սակայն «Ա1+»-ը փորձում է հնարավորինս սառնասրտորեն հետեւել զանազան պատրվակներով մրցույթի ձգձգմանը: Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Ինձ չեն զարմացնում դատական գործընթացի զարգացումները: Դատարանն ինչպես եղել է նախագահի գրպանում՝ այնպես էլ շարունակում է մնալ: Պնակալեզների այս շքերթում ոչինչ չի փոխվել, եւ շքերթը շարունակվում է: Ավելի վաղ եմ ասել, որ այս ամենը կձգվի մինչեւ ապրիլ, այդ ժամանակ գուցե կայանա մրցույթը, եւ անգամ հաղթելու դեպքում չենք հասցնի լուսաբանել նաեւ խորհրդարանական ընտրությունները: Բայց ճիշտն ասած, շտապելու բան չկա: Ուրախ եմ, որ «Ա1+»-ը չի մասնակցում այն հիստերիային, որ տիրում է եթերում, եւ կողքից է դիտում հեռուստաընկերությունների պղծումն ու փչացումը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728