Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազատ, արդար եւ թափանցիկ» բռնություններ

Փետրվար 22,2003 00:00

«Ազատ, արդար եւ թափանցիկ» բռնություններ Նաեւ այն մասին, թե ինչ եղավ հետո, երբ 2-րդ համարին ընտրած մի տատիկ «բացահայտվեց» Մինչ ԿԸՀ-ն փետրվարի 19-ի ողջ օրվա ընթացքում հաղորդում էր, որ նախագահական ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, նախընտրական շտաբներից եւ այլ աղբյուրներից ստացված տվյալները հակառակն են ապացուցում։ Ամենալուրջ միջադեպը, թերեւս, կարելի է համարել Վանաձորի «Տարոն» թաղամասի թիվ 33 մանկապարտեզում տեղակայված 10/33 տեղամասում գեղամյանականների, սիմականների եւ զինվորականների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկը։ Ինչպես պատմեցին ՍԻՄ-ի Լոռվա կառույցի ղեկավար Յուրա Թորոսյանը եւ Գեղամյանի վստահված անձ Անդրանիկ Ղուկասյանը (ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար), զինվորականները շարասյունով մտել են տեղամաս։ Այդ ամենը նկարահանած (համապատասխան թույլտվությամբ) ընդդիմադիրներից ավտոտեսուչները խլել են տեսախցիկը, տեսաերիզը։ միջադեպն ուղեկցվել է հայհոյանքներով (ֆիքսվել է օտարերկրյա դիտորդի կողմից)։ Համընդհանուր քաշքշուկի արդյունքում մի զինվորական սպա՝ կոչումով կապիտան, փորձել է պատռել դեպքի ականատես, Արամ Կարապետյանի վստահված անձ Սամվել Ղարաղաշյանի վկայականը։ ՍԻՄ-ից նաեւ տեղեկացրին, որ 35-10/29 տեղամասում, որն ավտոխանութ է «Ղշլաղ» թաղամասում, ահաբեկել են հանձնաժողովի անդամներին։ Քվեարկության արդյունքներն ամփոփելիս տեղամասում ներկա է գտնվել իշխանություններին մոտ կանգնած մի անձնավորություն, որն իրավունք չուներ այդտեղ գտնվելու։ 10/63 տեղամասում հայտնաբերվել են 10/64-ի քվեաթերթիկներ, իսկ «Ավտոմատիկա» ԳՀԻ-ում տեղակայված տեղամասում «քվեարկել» են հանգուցյալները։ Թիվ 23 մանկապարտեզում տեղակայված տեղամասում քաղաքացուհի Տաթեւ Հակոբյանը հայտնաբերել է, որ իր՝ քաղաքից բացակայող եղբոր փոխարեն ստորագրում են, աղմուկ է բարձրացրել, բայց արդյունքի չի հասել։ Կան տեղեկություններ՝ այլ աղբյուրներից։ 38 ընտրատարածքի 10/83 տեղամասում նույնպես զինվորներին շարքով բերել են տեղամաս։ Պետք է քվեարկեր 50-ը, բայց քվեարկել են 150-ը։ Նրանք քվեարկել են առանձին ցուցակով։ Թիվ 5 դպրոցում տեղակայված տեղամասում ժամը 19:30-ին Գեղամյանի վստահված անձ քաղաքացուհուն տարել են մոտակա ՆԳ բաժին (մեղադրելով քարոզչության մեջ), սակայն իրավական հիմքերի բացակայության պատճառով ժամը 20-ին ազատ են արձակել՝ թույլ տալով վերադառնալ տեղամաս եւ մասնակցել ձայներ հաշվելու արարողությանը։ Ինչպես տեղեկացանք, վստահված անձի՝ վստահություն չներշնչելու պատճառը եղել է այն, որ քվեարկած մի տատիկ, դուրս գալով խցիկից, ասել է. «2-րդ համարին եմ ընտրել»։ Գեղամյանի վստահված անձն էլ պատասխանել է. «Լավ ես արել»։ «Դրան բռնեք»,- իրավապահներին հանձնարարություն է տվել այդտեղ գտնվող մի դաշնակցական։ …Եվ վերջում ներկայացնենք մի դիտարկում։ Թերեւս լավագույն քաղաքական անեկդոտ կարելի է համարել այն, ինչ Վանաձորի «Ինտերկապ» ՀՍ-ն փետրվարի 19-ի ուշ երեկոյան փոխանցեց «Շանթ» ՀՍ-ին։ Պարզվում է, Վանաձորի քննչական մեկուսարանում պահվող 54 «անազատներ» իրենց «կիսաձայները» (ընդգծումը մերն է- Գ. Հ.) տվել են գործող նախագահին։ Ակամա հարց է ծագում. մի՞թե այդ պայմաններում գտնվող մարդիկ կարող էին երախտագիտության զգացում ունենալ իշխանությունների նկատմամբ ընդհանրապես։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել