Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԷԼ Է ԸՆԿՆՈՒՄ

Փետրվար 22,2003 00:00

ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԷԼ Է ԸՆԿՆՈՒՄ Ու չեղած տեղը կաղամբը միրգ չէ Դեռ 2002 թվի սկզբից էր սկսվել 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը: Եվ ոչ միայն նախագահական, այլեւ պատգամավորական՝ կառավարության նոր կազմի ձեւավորման հեռանկարով: Քաղաքականության մասին դատողություններ անող բոլոր ժամանակների մտածող-չմտածող մարդիկ ասում են, թե քաղաքականությունը հնագույն մասնագիտություններից մեկն է, եւ որ քաղաքականության մեջ մտնելով՝ պարզապես անհնար է մաքուր մնալ: Ասել, թե աշխարհում կա մի երկիր, թեկուզ՝ ամենաքաղաքակիրթ ու ամենադեմոկրատական, ուր քաղաքական որեւէ ընտրապայքար բացարձակ արդար է ընթանում, ճիշտ չէ: Խաղի մեջ, բնականաբար, ամեն մեկն իր հաշվարկն ունի: Ի՞նչ է Հայաստանի քաղաքական գործչի կամ որեւէ պաշտոնյայի համար 10-40 հազար ԱՄՆ դոլարը /Երեւանի կենտրոնում մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով/, որպեսզի չկարողանա այսօր ծախսել՝ ապահովելու իր վաղվա օրվա պատգամավորական կամ չինովնիկական որեւէ աթոռը: Ո՞վ էր երբեւէ լսել կամ տեսել ՀՀ նախագահի ներկայիս թեկնածուներից ոմանց: Սակայն մի կրակոցով քանի նապաստակ խփեցին. իրենց ճանաչեցրին, սեփական կենսագրությունները եւս մեկ փուչ տողով ավելացրին, վաղը պատգամավոր էլ կդառնան, մի բան էլ ավելի: Ինչ հոգ, թե երկրի նախագահի ինստիտուտը վարկաբեկվեց այնքան, որ ամեն մեկի մտքով, թաքուն թե բացահայտ անցնում է, թե ինքն էլ կարող է Հայաստանի նախագահ դառնալ, առավել եւս՝ պատգամավոր: Չենք ասում՝ թե արդար ընտրություններ եղան, թե խախտումներ չկային: Եղավ՝ ինչպես միշտ: Ցանկացած թեկնածուի անցնելու դեպքում, խախտումների քանակը՝ անկախ այն բանից, թե որ թեկնածուի կողմնակիցներն են արել, արտաքին քաղաքականության ասպարեզում մեծ տերությունների կողմից Հայաստանը բավական խնդիրների ու պարտավորությունների առջեւ կկանգնի: Այդպիսի օրինակ եղել է, բոլորիս աչքի առջեւ: Սանկցիաներ կկիրառվեն՝ սկսած ֆինանսական հարցերից, մինչեւ ղարաբաղյան հարցի կարգավորում: Այլ խոսքով՝ Հայաստանի ղեկավարը կդառնա մեծ տերությունների ձեռքին խամաճիկ, որին կարող են ցանկացած պահի սպառնալիքներով ղեկավարել: Իսկ մեր թեկնածուներից ոմանք քարոզարշավի ժամանակ նույնիսկ խորհուրդ էին տալիս ժողովրդին, թե «իշխանությունները փող կառաջարկեն, վերցրե՛ք, էդ ա քյար մնալու»: Ինչ խոսք, դժվար էր ՀՀ նախագահի թեկնածուների այս «աստղաբույլում» որեւէ թեկնածուի ընտրելը: Շատերն, այդ պատճառով, ընտրեցին քվեաթերթիկների «բոլորին դեմ» տողը: Սակայն սա էլ լուծում չէ, ինչպես եւ մոլեռանդ այն միտքը, թե «Ով ուզում է լինի, միայն թե ոչ Քոչարյանը»: Կարծես ինքներս մեզ փորձարարական ճագարների տեղ դնենք, Հայաստանը՝ փորձադաշտի. ուրեմն միեւնույն է, թե ով կլինի նախագահը, ուրեմն ինչի՞ համար է ողջ պայքարը, ընդամենը ինչ-որ մի անձի դե՞մ ուղղված պայքար է: Կա մի ստվար զանգված, որ ողջ քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի՝ Ստեփան Դեմիրճյանի մասին, իբրեւ առավելություն մյուսների նկատմամբ, միայն ասում է՝ «Պտուղը ծառից այն կողմ չի ընկնում»: Ինչպե՞ս թե չի ընկնում: Ինչո՞ւ նաեւ չենք հիշում, որ «Բնությունը սերունդների վրա հանգստանում է»: Ու բացի այդ փաստարկից, Ստեփան Դեմիրճյանի մասին ոչինչ չի ասվում, օրինակ, իբր խելացի է, իբր լավ մտքեր է արտահայտում, որ իբր տնտեսությունը իր մտավոր կարողություններով կամ փորձով կարող է զարգացնել, իբր մեծ քաղաքագետ է, իբր մեծ ճանապարհ անցած է, ինչպես ասում են Արտաշես Գեղամյանի մասին: Գոնե զուտ որպես հաճոյախոսություն, որովհետեւ մի գործարան հազիվ է աշխատեցրել: Նմանակելով տնտեսություն չի բարգավաճի, երկիր չի զարգանա, Ղարաբաղի հարց չի լուծվի: Հայաստանի քաղաքական-ընտրական ֆոնի վրա նաեւ զարմացնում են այս անբացատրելի փոխակերպումները. ռամկավարները դաշնակների հետ են միանում՝ միասնական թեկնածուով, նախկին դիսիդենտ Պարույր Հայրիկյանը, որ հայհոյում էր կոմունիստական կարգերը, այժմ միանում է կոմունիզմի կարկառուն ներկայացուցիչներին, որոնց զոհն էր ինքը՝ հայտնվելով «սոցլագերում»: Հոգով կոմունիստ Գեղամյանն ու Վլադիմիր Դարբինյանը հանկարծ դարձան ընդդիմություն… Բնականաբար Քոչարյանը ժողովրդի ամենասիրելի թեկնածուն չէ՝ իր գործունեությամբ, իր կառավարությամբ հանդերձ: Ներկայիս իշխանությունների վերից վար կոռումպացված պատկերը բոլորին է հայտնի: Կառավարության այն թեկնածուներով, որոնք Սեւանա լճի ջրի մակարդակը մտադիր էին բարձրացնել լճի շուրջը ավազ լցնելով, կամ պատգամավորներով, որոնք կոշիկի թայ են բաժանում՝ խոստանալով մյուս թայը տալ ընտրողին՝ իրենց ձայն տալուց հետո, կամ չինովնիկներով, որոնք պաշտոն ստանալուց դեռ մեկ տարի չանցած՝ հսկա դղյակներ են կառուցում: Սակայն մի՞թե այս թեկնածուներից որեւէ մեկի գալուստը նույնը չի խոստանում: Առավել եւս, «ընդդիմության» մոլեռանդ պաշտպանների մի մասը այս ընտրություններին մասնակցում է ամբողջ եռանդով, որպես իշխանության գալու վերջին շանս: Եվս հինգ տարի, եւ այլեւս ոչ ոք չի հիշի նրանց, բայց լավ ապրել բոլորն են ուզում: Այն տատիկ-պապիկներն էլ, որոնք այժմ դատարկ տեքստեր լսելով, ականջներում դեռ նախկին սիրելի առաջնորդի ձայնն են հիշում ու տեսքը նմանեցնելով միտինգներում շշնջում են. «ոնց որ հերը լինի»: Իշխանության գալով նրանք կմոռանան ե՛ւ այդ պապիկ-տատիկներին, ե՛ւ ծնողազուրկներին ու անապահով-խեղճ ժողովրդին, ե՛ւ հաշմանդամ ազատամարտիկներին, ե՛ւ… Նրանք սովոր են խաբել ժողովրդին սին խոսքերով. հիշենք, թե ՀՀ նախագահի բազմակի թեկնածու Վ. Մանուկյանը 1996 թվին ինչպես վարվեց սիրելի ժողովրդի հետ նախագահական նստավայրի մոտ, ասելով՝ «Եթե 20 րոպեից չգամ, եկեք իմ հետեւից»: Արդյունքում ձերբակալվեցին սովորական մարդիկ եւ ոչ թե Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, որի ձայնից շատերը ֆիզիկապես վատ են զգում: Բոլոր թեկնածուները նույնն են ու նույն կերպ են վարվելու այս ժողովրդի հետ: Ոչ ոքի թիմը մյուսից լավը չէ: Պտուղը ծառից այն կողմ էլ է ընկնում, ու չեղած տեղը կաղամբը միրգ չէ: Այնպես որ, սովորական ժողովրդին պետք չէ օգտագործել սեփական նկրտումների համար, ամբոխ արթնացնել ու չուղեկցել, տեր չկանգնել: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել