Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐԻ ԵՐԿՈՒ ՍԱՆԻԿՆԵՐԸ

Փետրվար 21,2003 00:00

ՆՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐԻ ԵՐԿՈՒ ՍԱՆԻԿՆԵՐԸ Երեւանում առաջին անգամ մեկ համերգով հանդես եկավ իտալացի ջութակահար, միջազգային վեց մրցույթների դափնեկիր Գաբրիել Պյերանունզին։ Ջութակահարը, ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը համոզիչ ընդգծեցին երաժշտության լարված դրամատիզմը եւ ռոմանտիկ հուզականությունը, պահպանելով ստեղծագործությանը բնորոշ հերոսականի եւ լիրիկականի հավասարակշռությունը։ Խոսքը համաշխարհային երաժշտական գրականության ջութակի լավագույն կոնցերտներից՝ Յան Սիբելիուսի Ջութակի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործության մասին է, որն ըստ երաժշտական քննադատների՝ մի սիմֆոնիա է։ Համերգի ավարտին ջութակահարի հետ զրույցից պարզ դարձավ, որ նա Հայաստանը ճանաչում է Արամ Խաչատրյանով, իսկ հայ ազգի մասին դեռ դպրոցական տարիներից տպավորվել է հատկապես այն, որ աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հայերն են ընդունել։ Այս իմացությունը համարելով ոչ բավարար, իտալացի ջութակահարը ավելացրեց. «Կարծում եմ, պատիվ է թեկուզ մեկ անձով, բայց աշխարհը ճանաչի քո ազգին։ Օրինակ, Օսեթիայի մասին իտալացին գիտի աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւով։ Կոնկրետ ինձ համար, ընդհանրապես կյանքում, կարեւորը քանակը չէ, այլ որակը։ Ի վերջո, յուրաքանչյուր կայացած արվեստագետ իր ազգի դեսպանն է, ավելին՝ քաղաքական գործիչը»։ Երաժշտի կարծիքով, երկրի քաղաքականության մեջ եղանակ ստեղծողը առաջին հերթին արվեստագետներն են, իսկ քաղաքական գործիչները հռետորներ են։ Վերջիններս պարզապես ամեն ինչ հավաքում, ի մի են բերում։ Ըստ նրա. «Յուրաքանյուր անհատ կյանքում մեկ անգամ է ընտրում մասնագիտություն, հետեւաբար պետք է զբաղվի միայն իր գործով։ Ես էլ եկել եմ առաջին անգամ Հայաստան եւ չգիտեմ ինչ արժե իմ այս բեմելը։ Այս եւ մյուս հարցերով, որ կապ չունեն երաժշտության հետ, զբաղվում է իմ մենեջերը»։ Ըստ երեւույթին, ջութակահարը տեղեկացված էր, որ արվեստագետին այնքան անհրաժեշտ «մենեջեր» եւ «մենեջմենթ» հասկացությունները միայն վերջին տարիներին են մեզ մոտ գործնական դարձել, դրա համար հարկ համարեց այդ թեմայով կարճ «դասախոսություն» կարդալ. «Մենեջերը պետք է ունենա «բիզնեսային հոտառություն», լինի դիվանագետ։ Պետք է ունենա հմայք, նաեւ լինի պերճախոս»։ Այսուհանդերձ, նա չցանկացավ հրապարակել իր «հմայիչ» ու «պերճախոս» մենեջերի անունը, միայն ասաց, որ վերջինիս է «պատկանում» նաեւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Այսինքն, ստացվում է, որ ե՛ւ Գաբրիել Պյերանունզին, ե՛ւ Կարեն Դուրգարյանը ունեցել են ընդհանուր մենեջեր։ Իտալացի ջութակահարը բավականին բարձր կարծիքի էր դիրիժոր Կ. Դուրգարյանի մասին, չնայած նրանց ծանոթության առաջին վայրը եղել է օդանավակայանը. «Կարենին ծանոթացա միայն Երեւանի օդակայանում»։ Ինչեւէ, երբ երաժշտական քաղաքականության մեջ ես արդեն, երբ արվեստի մագնիսական դաշտ ես մտել, այստեղ պետք է հաղթահարվեն բոլոր տեսակի բարձր լարումները, այլապես, թեկուզ եւ բարձրակարգ արվեստագետը կհայտնվի նրա ուժագծից դուրս։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել