Կեսարը «ավտարիտետ» չի Նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը երեկ «Ազդակ» ակումբում հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ասաց, որ իր կանխատեսումները, թե կլինեն ժողովրդավարական եւ ազատ ընտրություններ, ցավոք, անցան ընտրակեղծիքներով։ Նրա կարծիքով, 2000 մարդ ավելի զորեղ գտնվեց, քան ժողովրդի քվեն։ Իր տպավորությամբ, որ ստացել է դիտորդներից, հանձնաժողովի անդամներից եւ վստահված անձանցից, իր քվեի ձայնը 10-12%-ով իջեցվել է։ Ա. Կարապետյանը վստահ էր, որ ընտրություններում երկրորդ փուլ կլինի եւ «եզրափակիչում» էլ կհանդիպեն Ստեփան Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Մի այլ տպավորություն էլ էր ստացել նախագահի թեկնածուն։ Շատ քվեներ, ինչպես 96-ին, «նկարվել» էին։ Եվ, բնականաբար, մեր հարցը հետեւյալն էր. «96-ին անվավեր ճանաչվեցին այն քվեաթերթիկները, որտեղ, մասնավորապես, գրառումներ, ցանկություններ էին կատարել ընտրողները։ Անվավեր ճանաչված ձեր քվեաթերթիկներում եղե՞լ են գրառումներ եւ ինչպիսի՞ն են դրանք»։ Ա. Կարապետյանը պատասխանեց, որ գրառումներ չեն եղել, «ցանկություններ»՝ նույնպես, եւ անվավեր են ճանաչվել այն քվեաթերթիկները, երբ ընտրողը «դուրս է եկել» նախատեսված քառակուսուց անգամ միլիմետր կամ եղել են թանաքի կետեր (դժվար թե հանձնաժողովի որեւէ անդամ առավոտվա ժամը 8-20-ը գրիչ պահելով իր ձեռքում, քվեաթերթիկ տրամադրելով ընտրողին, որեւէ հետք չթողներ)։ Ա. Կարապետյանն ասաց, որ անվավեր են ճանաչվել հիմնականում մայրաքաղաքի, Լոռու, Սյունիքի, Արարատի մարզերի իր քվեաթերթիկները։ Ուշագրավ կարծիք հայտնեց նա կապված թե՛ ԱՊՀ եւ թե՛ ԵԱՀԿ դիտորդների մասին։ Նրա կարծիքով, կա հին իներցիան, եւ ըստ այդ իներցիայի էլ, ԱՊՀ դիտորդները ընտրությունները գնահատում են արդար եւ թափանցիկ։ ԵԱՀԿ դիտորդների տեսակետը կտրուկ է տարբերվում եւ նրանք «մի քիչ անաչառ են»։ Մեզ հետաքրքրեց նաեւ, թե Վարդենիկի, Արարատի, Արագածոտնի տեղամասերում Ա. Կարապետյանի վստահված անձանց նկատմամբ իրականացված «բռնություններից» հետո որեւէ քրեական գործ հարուցվե՞լ է, իրենք որեւէ տեղեկություն ունե՞ն այդ կապակցությամբ, նախագահի գլխավոր հավակնորդը պատասխանեց, որ որեւէ քրգործ, իր տեղեկությամբ, չի հարուցվել։ Համեմատելով տեղական նշանակության հեղինակություններին Հուլիոս Կեսարի հետ, Ա. Կարապետյանն ասաց. «Տեղերում հեղինակությունները, մարզպետները ավելի կեսարյան են եղել, քան ինքը՝ Կեսարը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ