Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիմերոնը» հուսով է, որ դեռ կաշխատի

Փետրվար 21,2003 00:00

«Սիմերոնը» հուսով է, որ դեռ կաշխատի Երեւանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿԱԳՀԻ) հիմնադրվել է 60-ականներին եւ մինչ ապապետականացումը խնդիր չի ունեցել: Իսկ այսօր վերջինս իր ֆինանսական խնդիրներն, ըստ տնօրենի, «լուծում է կանոնադիր կապիտալի նվազեցման հաշվին»: ԵրԿԱԳՀԻ172ի եւ Ռուսաստանի «ՎՆԻԻԿՊ» (Համառուսաստանյան կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ) ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 1997-ին ստեղծվել է «ԱրՆԻԻԿՊ» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը, որում հայկական կողմի ներդրումները կազմում են 49%: Ռուսական կողմը, որպես վերահսկիչ փաթեթի տեր (բաժնեմասերի 51%) պետք է կատարեր $102 հազարի ներդրում՝ դրամական միջոցների կամ սարքավորումների տեսքով եւ նոու-հաուներ: Հայկական կողմը պարտավոր էր հիմնադիր կապիտալը համալրել $100 հազարով՝ ի հաշիվ շենք-շինությունների, հիմնական միջոցների եւ գիտական մտքի ներդրման: Ըստ «Բիզնես Կոնսալտ» ընկերության աուդիտի, հայկական կողմը կատարել է իր պարտավորությունները։ Նույնը հաստատում է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին: Նա գրում է. «ԵրԿԱԳՀԻ»-ն կատարել է կանոնադիր կապիտալի մասով իր ներդրումները եւ $100 հազարի փոխարեն կատարել է 101 հազարի ներդրում, իսկ ռուսական կողմը ներդրել է $60 հազարի արժողությամբ տեխնոլոգիական սարքավորումներ եւ 42 հազար դոլարի հայտնագործություններ (գնահատումը կատարել է ռուսական կողմը): Կ. Ճշմարիտյանի եզրակացությամբ, «կողմերի ներդրումների իրական համամասնությունների գնահատման հարցում եւ անցած տարիների տնտեսական ցուցանիշների վերլուծության տեսակետից կարիք կա մասնագիտական ստուգման եւ վերլուծության»։ «ԱրՆԻԻԿՊ» ՀՁ ներդրած տեխնոլոգիական սարքավորումների տեխնիկական վիճակը գնահատող ակտում նշված է, որ 1997-ին սեփականատեր դարձած ռուսները որպես ներդրում Հայաստան են ներկրել իրենց գործարաններից դուրս գրած 1968-69թթ. արտադրության սարքավորումներ, որոնք արտադրություն կազմակերպելու համար ընդհանրապես պիտանի չեն, սակայն վերջիններիս արժեքը $60 հազար է գնահատվել: Իրականում, համաձայն ակտի, այդ սարքավորումների շուկայական գինը ուռճացվել է «ՎՆԻԻԿՊ»-ի կողմից: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ որպես ներդրում ներկայացված մի մեքենա էլ ընդհանրապես չի բերվել Հայաստան, իսկ «ԱրՆԻԻԿՊ»-ում բացակայում է մեքենայի անգամ տեխնիկական անձնագիրը: Նախարարի գրությունից տեղեկանում ենք նաեւ, որ հայկական կողմը ներդրել է (հիմնադիր պայմանագրով չնախատեսված) 5.7 մլն դրամ արժեքով հումք եւ նյութեր, որի շնորհիվ էլ 1998-2001-ին համատեղ ձեռնարկությունը կարողացել է գործունեություն իրականացնել: «ԱրՆԻԻԿՊ»-ի թեման այսօր հրատապ է դարձել, քանզի մեր կառավարությունը որոշել է 100% պետական բաժնեմասը վաճառել «ԵրԿԱԳՀԻ»-ն, որի համարյա ամբողջ ունեցվածքը 49% բաժնեմասով ներդրված է «ԱրՆԻԻԿՊ»-ում: Սրանով էլ պայմանավորված՝ ՀՁ-ում ռուսական կողմ ներկայացնող տնօրեն Գրիշա Ղազանչյանի մտավախությունները, որ հայտնել է մամուլում։ Համաձայն հրապարակման, Գ. Ղազանչյանը հայտնել է, թե կառավարությունը, առանց աշխատողների շահերը հաշվի առնելու «ԱրՆԻԻԿՊ»-ի պետական բաժնեմասերը վաճառում է ինչ-որ «Սիմերոն» կազմակերպության (որը տեղական կազմակերպություն է): Սակայն երբ հանդիպեցինք հայկական կողմի կոլեկտիվին (այն բաղկացած է երեք հոգուց), պարզվեց, որ վերջիններս ոչ միայն համաձայն են, այլ մի շարք գրություններ են հղել իրենց վերադաս գերատեսչությանը, որ պետական բաժնեմասը վաճառվի, ինչը կապահովի նոր ներդրումային ծրագիր՝ արդեն մասնավորի կողմից: «Ի վերջո, Ռուսաստանն այս ձեռնարկությունում գրեթե ներդրում չի արել, թեպետ բաժնետոմսերի գերակշիռ փաթեթը վերջինիս է հանձնվել չնչին գնով: Չմոռանանք նշել, որ ռուսները տրամադրել էին երեք հայտնագործություն եւ դրանք գնահատել իբրեւ 42 հազար դոլարի ներդրում, սակայն մարդկությունը թերեւս գալիք դարում հնարավորություն ունենա իրագործել այդ նոու-հաու-ները»,- հայտնեց մեր աղբյուրը, չցանկանալով, որ իր անունը նշվի: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել