Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԱՂԹԻ

Փետրվար 21,2003 00:00

ԴԵՌ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԱՂԹԻ Երբ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանում է պաշտպանության նախարարը, տվյալ թեկնածուն պարզապես ստիպված է մի կերպ հասնել երկրորդ փուլ։ ԿԸՀ-ն որոշել է, որ նախագահական ընտրությունները երկրորդ փուլ են մտնում, իսկ ընտրության օրը, ճակատագրի հեգնանքով, համընկնում է Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի ծննդյան օրվան՝ մարտի 5-ին։ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի լրատվամիջոցներին հայտնի, որ ըստ ԿԸՀ-ի՝ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 49,8 տոկոս՝ 707 հազար ձայն. «Մենք գնահատում ենք սա՝ որպես վստահություն գործող նախագահի եւ նրա քաղաքական կուրսի նկատմամբ։ Այս ընտրություններին բնորոշ էր ընտրողների չափից մեծ ակտիվությունը։ Մեր գնահատմամբ՝ հնարավոր եղավ ապահովել նորմալ ընտրությունների ընթացք։ Կարծում եմ, որ այսպիսի տոկոսը մրցակիցների հետ պայքարում բավարար հիմք է՝ երկրորդ փուլում հաղթելու համար։ Անշուշտ, մենք մեր առջեւ խնդիր էինք դրել հաղթել առաջին փուլում, բայց երեւի ամբողջովին չէինք հաշվի առել եղած իրականությունը, երեւի թե մեր հակառակորդների կիրառած տեխնոլոգիաներն իրենց արտահայտությունը ցույց տվեցին, բայց, կարծում եմ, այս ամենը հաշվի առնելով, մենք երկրորդ փուլում անպայման կհաղթենք»։ Պաշտպանության նախարարն ասաց, որ երկրորդ փուլում իրենք ինտենսիվացնելու են իրենց աշխատանքը։ Սերժ Սարգսյանը, ինչպես եւ նախագահական ընտրություններից առաջ տրված ասուլիսում, երեկ հայտարարեց, թե հիմա էլ վստահ է, որ երկրորդ փուլում են հաղթելու. «Ես համոզված եմ, որ մենք երկրորդ փուլում անպայման հաղթելու ենք։ Հաղթելու ենք, որովհետեւ 707 հազար ձայնը շատ լուրջ թիվ է։ Հաղթելու ենք, որովհետեւ նախագահի ընտրազանգվածը կայուն է։ Հաղթելու ենք, որովհետեւ, ինչպես ասացի, եզրակացություններ ունենք անելու եւ անելու ենք»։ Արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ գտնում, որ առաջին փուլում չհաղթելն արդեն պարտություն է Ռոբերտ Քոչարյանի համար, եւ ի՞նչ է ձեռնարկելու, եթե Ստեփան Դեմիրճյանը հրաժարվի երկրորդ փուլից՝ օրինական ճանապարհով պահանջելով, որպեսզի սրբագրվեն առաջին փուլի իրական արդյունքները։ «Առավոտի» այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե գործելու են սահմանադրական ճանապարհով, հարցի առաջին մասը թողնելով անպատասխան։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել