ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՀԱՐԲԵՑՈ՞Ղ ԱՊՀ միջազգային դիտորդները երեկ Երեւանում հրապարակել են hայտարարություն, որում փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները որակել են «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական, արդար եւ օրինական»: «Մենք ի հայտ բերեցինք ընտրական հանձնաժողովների, որոշ կուսակցությունների եւ դաշինքների կողմից թույլ տրված գործող օրենսդրության որոշ խախտումներ՝ նախընտրական քարոզարշավի, քվեարկության եւ դրա արդյունքների հաշվարկի ընթացքում»,- ասված է Հայտարարությունում: «Սակայն,- նշել են դիտորդները,- այդ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ ընտրողների ազատ ընտրության վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանի նախագահի չորս ընդդիմադիր թեկնածուների` ընտրությունների ընթացքում «զանգվածային խախտումների» մասին հայտարարությունը «քաղաքական է եւ ապացույցներ չունի»: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ հայտարարությունները, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ դա ուղղակի միջամտություն է անկախ երկրի քաղաքականությանը: «Զանազան հարբեցողներ, որոնք ուզում են համեմատել մեր ընտրությունները Թուրքմենստանի կամ Կոսովոյի ընտրությունների հետ, պատկերացում չունեն, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ ավելի լավ, թող իրենց առաքելությունը կատարեն սեփական երկրում»,- նշեց պրն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ուղղակի տվյալներ ունի, որ այդ դիտորդներն օգտվում են Հայաստանի իշխանությունների ծառայություններից: Քաղաքագետը կոչ արեց այդ դիտորդներին՝ չդառնալ իշխանությունների դրածոն եւ սկզբունքայնություն դրսեւորել: Պրն Գրիգորյանը նաեւ գտնում է, որ ԱՊՀ դիտորդների այդ վարքը վարկաբեկում է ԱՊՀ երկրների միջեւ համագործակցությունը: