«ՌԵԺԻՄԸ ՄԵՌԱԾ Է, ԲԱՅՑ ԹԱՂՎԱԾ ՉԷ» Հայտարարեց Շավարշ Քոչարյանը Մատենադարանի մոտ ՀԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու, ըստ ընդդիմադիր դաշտի՝ ՀՀ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հազարավոր կողմնակիցները երեկ հավաքվել էին Մատենադարանին հարող տարածքում եւ պահանջում էին ընտրությունների իրական արդյունքի ճանաչում, գործող իշխանության հեռացում։ Հազարավոր ընտրողներ ժամերով կանգնեցին՝ պահանջելով տեր կանգնել իրենց քվեին։ Հանրահավաքի մասնակիցները հետո խաղաղ երթով ուղեւորվեցին ԿԸՀ, շրջապատելով շենքը (մինչ այդ այն արդեն շրջափակել էին իրավապահ մարմինները. սաղավարտներով եւ վահաններով, ըստ որոշ պնդումների՝ ռետինե փամփուշտներով զինված զինվորները կենդանի պատ էին ստեղծել ԿԸՀ-ի դիմաց)։ Մարդիկ այստեղ եւս վանկարկում էին՝ «Քոչարյա՛ն, հեռացի՛ր», «Սահրադյա՛ն, հեռացի՛ր» եւ այլ կոչեր, իսկ ավելի հաճախ՝ «Դե՛-մի՛ր-ճյա՛ն»։ Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները «Դե՛-մի՛ր-ճյա՛ն, նա՛-խա՛-գա՛հ» վանկարկելով երթի ելան Մաշտոցի պողոտայով եւ ուղեւորվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Հանրահավաքին մասնակցում էին «16»-ի ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերը՝ բացառությամբ Ա. Գեղամյանի եւ Վ. Մանուկյանի։ ՀԺԿ նախընտրական շտաբը, փետրվարի 20-ի ժամը 13։05-ի դրությամբ, դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքների հաշվառման ապօրինությունները վերացնելու մասին։ Հանրահավաքի մասնակիցներին խնդրեցինք գնահատել ընտրությունների ընթացքը եւ հրապարակված տեղեկատվությունն ընտրությունների արդյունքների մասին։ Նկատի ունեցեք, որ մինչ այդ դեռեւս չկար ԿԸՀ որոշումը երկրորդ փուլի մասին։ Ստեփան Դեմիրճյանի գնահատականը. «Խայտառակ ընտրություններ էին, ավելի խայտառակ, քան 98 թ. ընտրությունները։ Այս անգամ եւս Ռոբերտ Քոչարյանը պարտվել է, սակայն այս անգամ ժողովուրդը քաղաքական ուժերի հետ տեր է կանգնելու իր քվեին»։ Հանրահավաքի մասնակիցներին Ստեփան Դեմիրճյանը հավաստիացրեց, որ իր առաջին քայլը լինելու է ընտրությունների արդյունքները կեղծողներին պատժելը։ Հանրահավաքին ներկա գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը՝ մեր խնդրանքով գնահատելով ընտրությունները՝ նկատեց. «Այս կարգի անառակ, այլանդակ ընտրություններ երբեւիցե ես Հայաստանում չեմ տեսել։ Իհարկե, մենք մեր ձայներին տեր պետք է կանգնենք սահմանադրական եղանակով, օրենքի շրջանակներում, եւ իրենք էլ պետք է հասկանան, որ այս պարագայում իշխանություն ստանձնելն առնվազն հեռանկար չունեցող խաղ է»։ Արշակ Սադոյանի գնահատմամբ՝ «սա փայլուն օրինակն է ստալինյան թեզի, որ կարեւոր չէ՝ ժողովուրդը ոնց է քվեարկում, կարեւորն այն է, թե հանձնաժողովները ո՞նց են աշխատում։ Սա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, նրա ընտրելու իրավունքի ուղղակի կեղծում՝ ավելի կոպիտ ձեւերով»։ Սադոյանի ասելով՝ «հայ ժողովուրդը երբեք չի ների իր նկատմամբ այսպիսի զզվելի արհամարհանքը։ Կարծում եմ, գործընթացը նոր է սկսվել, եւ այսպիսի լկտիությանը կլինի պատասխան»։ Ըստ Սադոյանի՝ ընտրությունների արդյունքում Ստ. Դեմիրճյանն ամենաշատ ձայներն է հավաքել, Ռ. Քոչարյանը երրորդ տեղում է, եւ հենց այս պատկերը պետք է արտահայտվեր հանձնաժողովների տվյալներում, ինչը չարվեց։ Ժողովուրդն իր քայլը կատարել է եւ ընտրել է Դեմիրճյանին, սակայն այլ տեղեկատվություն է հրամցվում։ Ինչպե՞ս է ընդդիմությունը տեր կանգնելու ժողովրդի քվեին։ Արամ Զ. Սարգսյանը՝ պատասխանելով մեր այս դիտարկմանը, ասաց. «Ընտրություն անելն ու իշխանություն վերցնելը բացարձակ տարբեր բաներ են։ Իրավիճակը գնահատում եմ հրաշալի։ Ես համարում եմ, որ մենք հաղթել ենք։ Պիտի հիշեցնեմ էպոսի պատմությունը, երբ Դավթի հարվածից հետո Մսրա Մելիքը ձայն հանեց, իսկ Սասունցի Դավիթն առաջարկեց, որ նա իրեն թափ տա։ Եվ հենց որ թափ տվեց, երկու կեսի բաժանվեց։ Մոտավորապես նման իրավիճակ է երկրում, թող թափ տա իրեն (թերեւս Ռ. Քոչարյանին նկատի ունի.- Մ. Ե.), տեսնենք՝ իրենից ի՞նչ կմնա»։ Արամ Կարապետյանը եւս հաստատեց. «Ընտրությունները որպես այդպիսին ուղղակի չեն եղել։ Երկու հազար մարդ Հայաստանում՝ մոտավորապես 1 միլիոն 250 հազարի փոխարեն, հարցը լուծել են»։ Ըստ Արամ Կարապետյանի՝ ժողովրդի քվեն պետք է տեղ հասնի. «Մեկ անգամ այս երկրում պետք է ժողովրդավարությունը հաղթանակի»։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանն ասաց, որ իրենց գերխնդիրը «իշխանությունից ձերբազատվելն է՝ Ռ. Քոչարյանի դեմքով։ Եվ այսօր մենք գտնվում ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք արդարությունը»։ Գառնիկ Մարգարյանի գնահատմամբ եւս, այն, ինչ կատարվեց փետրվարի 19-ին, ընտրություն համարել չի կարելի, «բայց ընդդիմությունը «16»-ի շրջանակներում խոստացել էր, որ ընդդիմության թեկնածուն, ով կստանա ձայների մեծամասնությունը, «16»-ը նրա կողքին է լինելու։ Ժողովուրդը ձայնը տվել է ընդդիմությանը, բայց այդ ձայները կեղծվել են։ Սա նշանակում է, իշխանությունները նորից գնում են բռնազավթման, որը պետք է հաղթահարել ժողովրդի հետ միասին»։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանի կարծիքով՝ «ընտրությունների ընթացքը ոգեւորիչ էր, հասարակությունը շատ մեծ ակտիվությամբ գնաց ընտրությունների։ Եթե նման ակտիվություն է դրսեւորվում, ուրեմն հասարակությունն ակնկալում է փոփոխություններ։ Սա ոգեւորիչ է։ Արդյունքները եւս շատ դրական ենք համարում, եթե չնենգափոխվեն ընտրությունների արդյունքները։ Մենք գտնում ենք, որ Ստեփան Դեմիրճյանի ստացած քվեները բավարար են, որ նա հենց առաջին փուլով էլ դառնա ՀՀ նախագահ։ Սակայն այն, ինչ որ այսօր արձանագրվում է, ակնհայտ խեղաթյուրված է եւ չի համապատասխանում իրականությանը։ Շատ խոշորամասշտաբ կեղծիքներ են տեղի ունեցել»։ Ըստ Ալբերտ Բազեյանի՝ «ժողովուրդն ասել է իր խոսքը՝ տվել է իր քվեն։ Քաղաքական ուժերի պարտքն է տեր կանգնել ժողովրդի կամքին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Այսօր ժամը 16-ին Մատենադարանի մոտ կրկին տեղի կունենա հանրահավաք։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին ԿԸՀ հայտարարությունից հետո ակնհայտորեն հանրահավաքում այլ կոչեր կհնչեն։