Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

Փետրվար 21,2003 00:00

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ՄԱՐՏԻ 5-ԻՆ Իսկ ընդդիմությունը պնդում է, որ Ստեփան Դեմիրճյանն ընտրվել է արդեն առաջին փուլում ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջով փետրվարի 19-ին ԿԸՀ-ն պարտավոր էր նախագահական ընտրութուններին ընտրողների մասնակցության, ապա՝ քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվություն տալ յուրաքանչյուր երեք ժամը մեկ: Օրենքի այդ պահանջը կատարվում էր փետրվարի 19-ի ժ. 11-ից մինչեւ փետրվարի 20-ի առավոտյան ժամը 5-ը: Այդ ընթացքում դեռ տանելի էր բավարարվել միայն ընտրողների մասնակցության մասին տվյալներով: Բայց ժ. 5-ից հետո էլ որեւէ տվյալ ո՛չ ընտրատարածքներից, ո՛չ առավել եւս ընտրատեղամասերից այլեւս չհրապարակվեց: Փոխարենն այդ ժամանակահատվածում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբված ուժերն ու նախագահի թեկնածուները ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ ընտրատարածքներից ու առանձին տեղամասային հանձնաժողովներից ստացված տեղեկություններով Ստեփան Դեմիրճյանն արդեն հաղթած նախագահ է: Ըստ թեկնածուի շտաբի պետ Գրիգոր Հարությունյանի, մասնավորապես Երեւանում Ստ.Դեմիրճյանը համոզիչ հաղթանակ է տարել, իսկ գործող նախագահ Ռ.Քոչարյանն ընդամենը 3-րդ հորիզոնականում է՝ Արտաշես Գեղամյանից հետո: Նա նաեւ տեղեկացրեց, թե ընտրությունների օրը ժ. 14-ից սկսած՝ զանգվածային ընտրախախտումները մեծ թափով շարունակվել են նաեւ քվեարկության ավարտից հետո՝ արդեն ձայների հաշվառման ժամանակ: Կոնկրետ դեպքերն, ինչպես ասում են, իրենց ոտքով գալիս էին հենց ասուլիսի պահին. ծեծված, քաշքշուկի մեջ ընկած մարդիկ՝ կնքված ու հանձնաժողովի անդամների ստորագրությամբ Ռ.Քոչարյանի օգտին քվեարկված, բայց այդպես էլ քվեատուփ չլցված (չեն հասցրել լցնել)՝ տասնյակից ավելի քվեաթերթիկներ ձեռքներին: Ու երբ վկայեցին, թե տեղամասային հանձնաժողովներում ձայների հաշվառման պրոցեսը կանգնեցվել է, որովհետեւ Ստ.Դեմիրճյանի ձայները գործող նախագահի ստացած ձայներին գերազանցում է, կամ, որ արդեն հայտնի արդյունքների վերաբերյալ հանձնաժողովներում հրաժարվում են արձանագրություններ կազմել, պարզ դարձավ, թե ինչու է ԿԸՀ-ն հապաղում գոնե նախնական արդյունքներ հրապարակել: Պարզապես նկարել հնարավոր չէ ու, թերեւս, պետք էր մտածել՝ ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որ Քոչարյանն առաջին փուլում հաղթած դուրս գար, ինչն, ի դեպ, 20-ի գիշերը պնդում էին վերջինիս նախընտրական շտաբում: Վերջին տվյալը, որ ստացվել էր փետրվարի 20-ի ժամը մոտ 5-ի կողմերը, ԿԸՀ-ում լրագրողներին բաժանվեց ուղղակի տնավարի՝ ձեռագիր լրացված վիճակում, որովհետեւ «համակարգիչները թվերը սխալ էին հաշվում»՝ խառնելով երեւի բոլոր այն ուժերի ու իշխանիկների խաղաթղթերը, որոնք արդեն մտովի նկարած ունեին Ռ.Քոչարյանի ստանալիք 56 ու մի քանի տոկոս ձայնը: Բայց հաշվարկների մասին՝ մեկ այլ անգամ: Իսկ ԿԸՀ-ն քար լռություն էր պահպանում՝ չհրապարակելով նույնիսկ ստացված դիմում-բողոքների թիվն ու բովանդակությունը: Միայն լրագրողների հարցերին ի պատասխան տեղեկացվեց, որ 20-ի գիշերվա տվյալներով ստացվել է շուրջ 50 բողոք եւ՝ ընդամենը: Երեկ մինչեւ ժ.17:30-ը ԿԸՀ որեւէ հանձնաժողովական, բացի Պ.Եդիգարյանից ու Զ.Պլուզյանից, այդպես էլ մարդամեջ դուրս չեկան: Հետո սկսվեց ամենահետաքրքիրը: ԿԸՀ-ում տեղեկություններ ստացանք, որ Մատենադարանում հանրահավաքի մասնակիցներն ուղղվել են ԿԸՀ: Հանձնաժողովի շենքն առանց այն էլ դեռ 20-ի գիշերն արդեն ուժեղացված ռեժիմով էր հսկվում, իսկ հանրահավաքի մասնակիցների ժամանման լուրն առնելուց հետո կտրուկ ավելացավ ինչպես համազգեստավոր, այնպես էլ քաղաքացիական հագնված ուժայինների թիվը: Շենքի դուռը փակվեց, ներսում գտնվողների «մարդահամար» եղավ, ու… սպասում: Իսկ ցուցարարները խաղաղ երթով եկան ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով արձանագրել Ստ.Դեմիրճյանի հաղթանակը՝ «Ստեփան Դեմիրճյան, մենք ձեզ հետ ենք» պաստառներով ու նրա դիմանկարներով, եւ շուրջ 10 րոպե հոծ բազմությունն անցնում էր ուժային կառույցների աշխատակիցների թողած «մարդասիրական» միջանցքով: Մինչ այդ հանրահավաքը բանագնացներ էր ուղարկել ԿԸՀ նախագահի մոտ, որոնք հաջողացրին ներս մտնել, Ա.Սահրադյանին փոխանցել իրենց պահանջները՝ ժ. 24-ին օրենքի պահանջով հրապարակել ընտրությունների արդյունքները, բացել այն տեղամասերի քվեաթերթիկների փաթեթները, որոնք ընդդիմության կարծիքով՝ արձանագրում են Ստ.Դեմիրճյանի առավելությունը: Մասնավորապես Գրիգոր Հարությունյանն ասաց, թե չեն վստահում ԿԸՀ հրապարակած ու նկարված թվերին ու տվյալներ ունեն, թե շուրջ կես միլիոն ձայն կեղծվել է հօգուտ Քոչարյանի: Ընդդիմության ներկայացուցիչները նաեւ կասկածի տակ առան ընտրություններին շուրջ 1,5 մլն ընտրողի մասնակցությունը: «Մենք ֆիքսել են, որ ընտրություններին այդքան ընտրող չի մասնակցել»: Քիչ անց՝ ԿԸՀ նախագահը հայտարարեց ընտրությունների նախնական արդյունքների եւ երկրորդ փուլ անցկացնելու որոշման մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել