Լրահոս
Օրվա լրահոսը

Գող՝ սիրտը դող

Փետրվար 20,2003 00:00

Գող՝ սիրտը դող Վաղ առավոտյան տեղացող ահազանգերից մեկը թիվ 281 մսուր-մանկապարտեզում տեղակայված թիվ 0093/05 տեղամասի ընտրողներից էր։ Վերջինիս հավաստմամբ, հանձնաժողովի անդամներն ընտրողներին ստիպում էին քվեարկել բաց։ Շտապեցինք նշված տեղամասը, բայց քանի որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մանկապարտեզները շատ էին ու իրար մոտ-մոտ, մինչ հասցեատիրոջը հասնելը, սխալմամբ մի քանի այլ մանկապարտեզներ մտանք (թիվ 284, 175, 128)։ Այստեղ մեզ հանգիստ բացատրում էին, որ նման դեպք չի գրանցվել, հանձնաժողովի նախագահները կանչում էին բոլոր կողմերի վստահված անձանց, որոնք էլ վստահեցնում էին, որ ամեն ինչ դեռեւս նորմալ է։ Վերջապես հասանք այնտեղ, ուր պետք էր՝ Քանաքեռի 0093/05 տեղամաս։ Այստեղ հանձնաժողովի նախագահ Վանուշ Զեյնալյանին հանդիպեցի քվեատուփի մոտ կանգնած։ Սովորաբար քվեատուփի մոտ մի հոգի կանգնում է՝ տուփը բացել-փակելու համար։ Սակայն Վ. Զեյնալյանը, թերեւս, վերջինիս շարժումներին չվստահելով, կանգնել էր նրա կողքին։ Երբ ներկայացա եւ ուզում էի ուղղել հարցս, նա ինձ ուղեկցեց դռան մոտ՝ ավելի հանգիստ պայմաններում խոսելու։ Բայց ահազանգ բառը բավական էր, որ նախագահը հունից դուրս գար. «Իսկ ո՞վ է զանգել, անունը»։ Բացատրում եմ, որ նման դեպքերում քաղաքացին չի ներկայանում, եւ դա բնական է։ «Ես անանիմնի հարցերի չեմ պատասխանի»,- շարունակում է բորբոքվել Վ. Զեյնալյանը եւ դիմում է ինձ. «Ինչ իմանամ՝ դու ով ես»։ Փորձում եմ հանել վկայականս։ Նա ձեռքիցս խլում է թղթապանակս, իր ձեռքով բացում, միջից հանում վկայականս ու պահանջում հավատարմագիր։ Նորից ստիպված բացատրում եմ, որ այս պարագայում հավատարմագիր պետք չէ։ Շարունակում էր հակառակն ապացուցել։ Այդ պահին մոտենում են վստահված անձանցից մի քանիսը եւ հաստատում, որ այստեղ իսկապես աղմուկ եղել է։ Պատճառը եղել է այն, որ մի ընտրողի ստիպել են քվեաթերթիկը բացել եւ ծալել այնպես, որ հանձնաժողովի անդամների ստորագրությունները երեւան։ Այդ ընտրողն էլ ընդդիմացել է՝ չցանկանալով բոլորի ներկայությամբ բացել, նորից փակել իր թերթիկը։ Որպես կանոն, նախկինում, ելնելով նպատակահարմարությունից, ստորագրությունները լինում էին թերթիկի կենտրոնական մասում եւ ինչպես էլ ծալեիր, դրանք երեւում էին։ Այս անգամ դրանք անկյունում են։ Սակայն շրջելով բազմաթիվ տեղամասերում, չհանդիպեցինք նման դեպքի, երբ պարտադրվեր քվեաթերթիկի ծալելու ձեւը։ Ամենաանհասկանալին թերեւս մնաց այն, թե ինչու վերոնշյալ Վանուշ Զեյնալյանն այդքան շատ հուզվեց, եթե ամեն ինչ հարթ էր, ու միջադեպն էլ «անմեղ» էր։ Չմոռանամ նշել, որ Վ. Զեյնալյանը չէր ուզում վերադարձնել լրագրողի վկայականս, մինչեւ չներկայացնեմ հավատարմագիրս։ Ծիծաղելի է։ Ինձ էլ հենց այդ էր պետք։ Թողեցի ու հեռանում էի, երբ հետեւիցս հասավ։ Վստահված անձինք նրան խորհուրդ էին տալիս. «Անիմաստ է բորբոքվել ու այսքան աղմուկ բարձրացնել, անիմաստ է վիճել լրագրողի հետ, նա իր գործն է անում…»։ Հանձնաժողովի նախագահը վերադարձրեց վկայականս, բայց չմոռացավ թերթի հասցեին ավելորդ արտահայտություններ շռայլել։ Իսկ երբ ասացի, որ թերթում կգրեմ նրա կասկածելի վարքագծի մանրամասները, նա նորից փորձում էր իմ իրավունքների սահմանները քննարկել։ Պարոնին մատնանշենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների պարտականություններին վերաբերող՝ Ընտրական օրենսգրքի 6-րդ գլխի 30-րդ հոդվածի կետերը, որտեղ նրանց իրավունքների թվում բառացիորեն գրված է թույլատրելին՝ քվեարկության ընթացքում ներկա գտնվել տեղամասային կենտրոնում… Նրանց իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել