Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ «ԿԱՐՎԱԾ» ՉԷԻՆ

Փետրվար 20,2003 00:00

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ «ԿԱՐՎԱԾ» ՉԷԻՆ Արամ Կարապետյանի շտաբը երեկ առաջին ահազանգն էր ստացել ընտրությունները սկսվելուց կես ժամ անց։ 8.30-ի ահազանգի համաձայն, Ժուռնալիստների միությունում առկա տեղամաս ներկայացած Գրիգոր Հովհաննիսյանին արգելել են զինգրքույկով քվեարկել։ Շտաբում հայտարարություն էր եղել նաեւ այն մասին, որ 9.08-ին Էջմիածնում Հակոբ Հակոբյանը (ԱԺ պատգամավոր) տեղամաս է մտել եւ մի խուրձ քվեաթերթիկ լցրել թափանցիկ քվեատուփի մեջ։ Մինչ Էջմիածին շարժվելը, մենք ահազանգ ստացանք, որ Երվանդ Օտյանի անվան դպրոցում ծեծի է ենթարկվել Ա. Կարապետյանի վստահված անձը։ Ի դեպ, մենք Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողով այցելեցինք մինչ կճշտեինք լուրերի իսկությունը տեղերում։ Հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը ասաց, որ իշխանություններին զսպելու միակ ձեւը արձանագրությունները կլինեին, ինչը ժամը 11-ի դրությամբ դեռ չկար։ ՄԸՀ-ի նախագահ Սահակ Զաքարյանն էլ ասաց, որ կապվել է բոլոր տեղամասերի հետ եւ րոպեներ առաջ խոսել է թիվ 7 դպրոցում (Երվանդ Օտյանի անվան) տեղակայված տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ։ Վերջինս հայտնել է, որ թեկնածուի 2 վստահված անձ են իրեն դիմել, որպեսզի միաժամանակ գտնվեն տեղամասում (ԸՕ-ով չի թույլատրվում)։ Որպեսզի ճշտենք, թե որեւէ մեկի վստահված անձին ծեծե՞լ են, թե՞ ոչ, այցելեցինք Ս. Դեմիրճյանի շտաբի պետ Թ. Թումանյանին։ Նա ասաց, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն, ծեծվել է իրենց վստահված անձը եւ իրենք փորձում են ճշտել այն։ Խիստ տարօրինակ էր փողոցում տեղամասային հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի (ներկայացավ ԱԺՄ-ի կողմից) գտնվելը։ Նա ասաց, որ 4-րդ դպրոցի տեղամասում ծեծի են ենթարկել իրեն: Ասում էր, որ ինքը «գարանտիա» չունի, թե իր նկատմամբ ոչինչ չի լինի եւ աճապարում էր Ս. Դեմիրճյանի շտաբ, որպեսզի ստանա ցանկալի «գարանտիան»։ Նրա ասելով էլ, քաղաքապետը քվեաթերթիկներ էր լցրել քվեատուփի մեջ։ Ի դեպ, մենք եղանք նաեւ թիվ 9 դպրոցում, ուր, ըստ ահազանգի, ծեծվել էր եւ անհետացել Արամ Կարապետյանի վստահված անձը։ Հանձնաժողովի նախագահ պարոն Կարապետյանի մոտ այդ պահին եվրոպացի դիտորդներն էին, որոնց ճանապարհ դնելուց հետո նա պատասխանեց մեր հարցին. «Ճի՞շտ է, որ ծեծվել է Ա. Կարապետյանի վստահված անձ Արամայիս Առաքելյանը եւ որտե՞ղ է գտնվում հիմա»։ Նա մեզ հայտնեց, որ վստահված անձը տարածքից դուրս եկավ րոպեներ առաջ եւ որ հերյուրանք է, թե նրան ծեծել են։ Մեր հաջորդ հարցին, թե ճի՞շտ է այն լուրը, որ ծեծողները եղել են քաղաքապետը եւ նրան կից 10 անձինք։ Հանձնաժողովի նախագահը «հիշեց», որ, այո, 12.30-ին քաղաքապետը եղել է տեղամասում ու հարցրել. «Ի՞նչ կա-չկա»։ Ծեծ չի տեսել։ Մենք մեր նկատառումները հայտնեցինք նախագահին, որ բավականաչափ լցված է «ակվարիումը» եւ այն կբավարարի՞ մինչեւ ընտրությունների ավարտը։ Հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ քվեատուփը նախատեսված է 4000 քվեաթերթիկի համար եւ մինչեւ մեր զրույցը, իր հաշվարկներով, 700 քաղաքացի արդեն մասնակցել է ընտրությանը։ Ս. Դեմիրճյանի վստահված անձը՝ Խաչիկ Կայսերյանը նույնպես տեսել էր, որ քաշքշել են Ա. Առաքելյանին եւ այդ մասին կես հայերեն- կես անգլերենով ներկայացնում էր դիտորդներին։ Ա. Առաքելյանին, այնուամենայնիվ, մենք հայտնաբերեցինք նույն թիվ 9 դպրոցում։ Նա հաստատեց, որ ժամը 12.30-ին քաղաքապետ Հ. Աբգարյանը 8-10 հոգու հետ միասին պաշարել են քվեատուփը եւ ծոցագրպանից հանելով քվեաթերթիկները, լցրել են քվեատուփը։ Իր փորձերը՝ ձախողել «գրոհը», ավարտվել է նրանով, որ թեւից բռնած իրեն դուրս են հանել։ Քաշքշուկը այլ զարգացումներ չի ունեցել եւ մարմնական վնասվածքներ ստանալը Էջմիածին-Երեւան ճանապարհային խոսակցություն էր ընդամենը։ Տարօրինակն այն էր, որ, ժամը 15-ի դրությամբ, թե՛ Գեղամյանի, թե՛ Դեմիրճյանի, թե՛ Կարապետյանի շտաբներում հուսահատություն կար եւ նրանց վստահված անձինք պարզապես մեզ հայտնում էին, որ իրենց մնալը տեղամասերում միտք չունի։ Ավանում փոխարեն արձանագրվեր, որ կարված չեն եղել ընտրացուցակները, արձանագրվել էր. «Վստահված անձինք կարված չեն»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել