Լրահոս
Օրվա լրահոսը

Թուղթ չունեն

Փետրվար 20,2003 00:00

Թուղթ չունեն Շենգավիթ համայնքի թիվ 195 մանկապարտեզում տեղակայված ընտրամասում առաջինը հանդիպեցինք երկու ընտրողի, որոնցից մեկի որդին է Հայաստանից բացակայում, մյուսի՝ քույրը, բայց երկուսի անունն էլ ցուցակներում կան։ Նրանց բողոքները թաղապետարան եւ ընտրական հանձնաժողովներ ոչ մի արդյունք չեն տվել։ Թիվ 195 տեղամասի հանձնաժողովի նախագահ Յուրա Վարդանյանը մեզ ասաց այն, ինչ-որ նրանց էր ասել. «Այդ դեպքում ոչ մի բան չենք անում։ Մենք ի վիճակի չենք եղել ուղղելու ցուցակները, որովհետեւ ցուցակներն ուշ ենք ստացել»։ «Ուշ»-ը երեք օր առաջն էր, այսինքն փետրվարի 16-ին, իսկ վերջնականը ստացել էին ընտրությունների նախորդ օրը։ Փոխարենը տեղամասի դռանը փակցված հայտարարությունն ընտրողներին տեղեկացնում էր, որ ցուցակներում անճշտություններ նկատելու դեպքում կարող են դիմել մինչեւ փետրվարի 14-ը ներառյալ։ Այդ տեղամասում քվեարկողների 1800-անոց ցուցակի 5%-ն է ստուգվել՝ 100 հոգի, նրանցից 2-ն են մահացած եղել։ Պրն Վարդանյանն ասաց, որ «էական խախտումներ» չեն եղել, իսկ «ոչ էականներն» էլ երեւի լեզուն չպտտվեց, որ ասի։ Թեկնածուների վստահված անձանց լեզուն, իհարկե, պտտվեց, միայն թե ոչ Գառնիկ Մարգարյանի վստահված անձանց։ Արամ Կարապետյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի վստահված անձինք, իրենց ասելով, բռնացրել էին քվեատուփի մեջ մեկից ավելի թերթիկներ լցնող երկու երիտասարդների, ինչը հերքեցին հանձնաժողովի նախագահն ու այդ պահին արկղի մոտ կանգնած անդամը։ Վստահված անձինք ասացին, որ այդ մասին արձանագրություն չեն կազմել, քանի որ հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չունեն համապատասխան բլանկներ։ Վերջինս, իհարկե, հերքեց սա։ Իսկ վստահված անձինք լավ կլիներ՝ իմանային, որ իրենք կարող են արձանագրությունը կազմել սովորական թղթի վրա եւ իրենցից 2-ի ստորագրություններն արդեն բավարար կարող են լինել, որպեսզի այն ուղարկվի ԿԸՀ։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը՝ Արմեն Խաչատրյանը, 1999, անգամ 1989 թ. մահացածների անուններ է հանել ջրի երես։ Նրա կարծիքով էլ, ամենաարտառոց խախտումն այդ երիտասարդների դեպքն էր, բայց «չկարողացանք ապացուցել»։ Այդ պահին քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի անդամը՝ Արթուր Մարուխյանն ասաց, որ անգամ նման փորձ չի եղել։ Իսկ Ա. Գեղամյանի վստահված անձը պնդում էր, որ հենց վերջինս հրեց-լցրեց երիտասարդների թերթիկների տրցակը։ Արձանագրություն չկազմելն այստեղ ոչ միայն բլանկի բացակայությամբ պատճառաբանվեց, այլեւ՝ որ «անիմաստ է փորձելը, հանձնաժողովն ամեն դեպքում աշխատելու է՝ չստորագրի»։ Պրն Խաչատրյանը ելնում էր իր նախորդ օրվա փորձից։ Ընտրատեղամասի 1800 ընտրողների համար պետք էր նախապատրաստել երեք ընտրախուց, ոչ թե երկուսը, ինչի մասին արձանագրությունը՝ առանց հանձնաժողովականների ստորագրության, վստահված անձը ուղարկել է իրենց թեկնածուի շտաբ։ Իրենց գործից ավելի տեղյակ էին հարեւան՝ 0292 տեղամասի վստահված անձինք, որոնք համանման խախտման մասին արձանագրություն կազմել էին եւ այն ծոցագրպանները դրած սպասում էին «վերեւների»՝ ԿԸՀ-ի մարդկանց։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել