Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-Ն ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Փետրվար 20,2003 00:00

ԿԲ-Ն ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Առավոտի» 11.02.2003թ. համարում տպագրված «Ի գիտություն անկաշառ պաշտոնյաների» (հեղինակ՝ Արմեն Խաչատրյան) հրապարակման առնչությամբ իրենց վերապահումներն ու պարզաբանումներն են ներկայացրել ԿԲ նախագահն ու «Կրեդիտ-Սերվիս» բանկում աուդիտ իրականացրած կազմակերպությունը։ Այս երկու գրություններին հարկ ենք համարում անդրադառնալ մեկ հրապարակմամբ։ Աուդիտն իրականացրած կազմակերպության անունը նախորդ նյութի մեջ նշված չէր, չենք նշում նաեւ այժմ։ Աուդիտորը նախ շեշտում է, որ «մեր կազմակերպությունը 1998, 1999 եւ 2000թթ. իրականացրել է «Կրեդիտ-Սերվիս» բանկի աուդիտորական ստուգումները, սակայն այն չի իրականացվել մեր կողմից 2001 եւ 2002թթ., ի հակառակ ձեր օրաթերթի պնդման»։ Կազմակերպության ղեկավարն այնուհետեւ համաձայնում է եւ ավելացնում, որ «իրոք, աուդիտի արդյունքներով տրվել է եզրակացություն, որ բանկի ֆինանսական գործունեությունը եւ վարվող հաշվապահական հաշվառումը համապատասխանում են ՀՀ գործող օրենսդրության պահանջներին։ Մենք այս պահին էլ կարող ենք միանշանակորեն պնդել մեր կողմից տրված աուդիտորական եզրակացությունների արժանահավատությունը։ Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ աուդիտորական ստուգումը (համաձայն Աուդիտի միջազգային ստանդարտների) իր մեջ ընդգրկում է միայն փաստաթղթային ստուգում եւ չի անդրադառնում այդ փաստաթղթային ծավալներից դուրս կատարվող իրադարձություններին։ Օրինակ, եթե բանկի փաստաթղթերում առկա է որեւէ վարկի ստացման անհրաժեշտ փաստաթղթերի քանակը (կազմված եւ ստորագրված պատշաճ կարգով), ապա աուդիտորի կողմից այդ վարկը դիտվում է որպես օրենսդրության պահանջներին համապատասխանող։ Թե ինչ է կատարվել գործնականում, ում են փոխանցվել գումարները, եւ կատարվե՞լ է արդյոք որեւէ իրավախախտում, ապա այս հարցերը դուրս են աուդիտորական ստուգման շրջանակներից եւ ենթակա են համապատասխան մարմինների իրավասությանը»։ Աուդիտորն ավելացնում է. «28 հունիսի 2002թ. մեր կազմակերպության եւ ՀՀ ԿԲ միջեւ կնքված «Ծառայությունների մատուցման պայմանագրի» համապատասխան, մեր կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է «Կրեդիտ-Սերվիս» բանկի ստուգում, որն, ըստ էության, չի հանդիսացել աուդիտորական ստուգում, այլ իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից առաջ քաշված հարցերի շուրջ։ Այս ստուգման արդյունքում մեր կողմից հայտնաբերվել են բազմաթիվ եւ տարատեսակ խախտումներ, որոնց մասին ՀՀ ԿԲ-ին եւ գլխավոր դատախազությանը տրվել են համապատասխան եզրակացություններ»։ Իսկ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն «Առավոտին» ուղղված իր գրությունում նշում է. «ՀՀ ԿԲ կողմից 2000-2001թթ. «Կրեդիտ-Սերվիս» բանկում անցկացվել են բազմաթիվ նպատակային վերստուգումներ եւ մեկ համալիր վերստուգում, որոնց արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա բանկի նկատմամբ նշանակվել են տուգանքներ եւ տրվել են հանձնարարականներ։ Իրականացվել են նաեւ փաստաթղթային վերստուգումներ, որոնց արդյունքում նույնպես հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ եւ օրենքով սահմանված կարգով կիրառվել են պատժամիջոցներ»։ Արձանագրենք, որ այս ամենը չի կանխել եւ ժամանակին չի նկատել ու կանխատեսել բանկի «բացասական» զարգացումների միտումները։ Չէ՞ որ բացի այս ստուգումները, ԿԲ-ն կարող էր դրանք զգալ նաեւ վերլուծելով շաբաթական եւ ամսական հաշվետվությունները։ Հիշեցնենք, որ ժամանակավոր ադմինիստրացիան նշանակվել է ուշ՝ 2002 թվականից ընդամենը 6 օր առաջ։ ԿԲ նախագահը հերքում է Ա. Դավթյանի՝ ԿԲ վերահսկողական դեպարտամենտի պետի պաշտոնից ազատվելուց հետո ԿԲ ծառայողական ավտոմեքենաներից օգտվելու տեղեկատվությունը։ «Առավոտին» հայտնի են ծառայողականների պետհամարանիշերը, որոնցից օգտվել է նա, ինչպես եւ տեղերը, ժամանակը։ Ականատեսները պատրաստակամություն են հայտնել դատարանում այս մասին վկայություն տալ։ ԿԲ նախագահը վերապահում ունի նաեւ «տեղյա՞կ է, արդյոք, երկրի բարձրագույն իշխանությունը, թե 1997-99թթ. ինչ գումարներ են դուրս եկել ԿԲ-ից, ինչ նպատակով եւ ինչ պտույտներ են գործել» հարցի վերաբերյալ։ Պրն Սարգսյանը հարցին պատասխանելով հավաստիացնում է. «ԿԲ-ն մշտապես, այդ թվում նաեւ 1997-99թթ. գործել է եւ գործում է բացառապես ՀՀ օրենքի սահմաններում»։ Սակայն ուզում ենք նկատել, որ հարցը, որը կոնկրետ մեղադրանք չի պարունակում, անմեղության կանխավարկած չի խախտում, եւ որը «Առավոտի» մոտ ծագել է որոշակի տեղեկություն ստանալուց հետո, այլ հասցեատեր ունի։ Ինչ-որ կերպ պե՞տք է ստուգել այդ տեղեկությունը, թե՞ ոչ։ Ուստի, հարցը պնդում ենք։ Աուդիտորը նշում է նաեւ. «Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած արտահայտությանը, ՀՀ ԿԲ կողմից մեզ իբր թե վճարված «ահռելի» գումարներին, ապա հայտնում եմ, որ նշված ծառայությունները մեր կողմից մատուցվել են էականորեն ցածր գներով, քան սովորաբար կիրառվող գները նման ծառայությունների դիմաց՝ թե Արեւմուտքի զարգացած երկրներում, թե ԱՊՀ երկրներում»։ Միայն նկատենք, որ, օրինակ, 1000 դրամը մի մարդու համար մեծ գումար է, մյուսի համար՝ չնչին։ Կաշառքի մասին հայտարարությունը ԿԲ նախագահը զրպարտություն եւ անհեթեթություն է համարում, սակայն այս անգամ էլ որեւէ հիմնավորում չի ներկայացնում։ Իսկ նախաքննության մարմինը դեռեւս չի արձագանքել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել