Լրահոս
Օրվա լրահոսը

Շտաբերի գնահատականը

Փետրվար 20,2003 00:00

Շտաբերի գնահատականը Ընտրությունների ավարտից 1 ժամ անց Գրիգոր Հարությունյան (Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ). «Մի բան պարզ է՝ ռեժիմը ինչ էլ անի, միեւնույն է, դատապարտված է։ Ժողովուրդը ե՛ւ նախընտրական փուլում, ե՛ւ ընտրության օրն իր ակտիվ մասնակցությամբ ցույց տվեց, որ իր ընտրությունը կատարել է։ Ցավոք սրտի, քրեական տարրերը, թաղային հեղինակությունները, օլիգարխներն իրենց սեւ գործն արեցին բավական շատ ընտրատեղամասերում։ Այդ սեւ գործն ավելի շատ կլիներ, եթե դիմադրություն չլիներ։ Վստահված անձինք շատ տեղերում պայքարեցին։ Սպասենք, եթե հաշվելու ընթացքում (հարցազրույցը տեղի է ունեցել 21։30-ի սահմաններում.- Մ. Ե.) այլ խախտումներ չլինեն, պարզ է, որ Ռ. Քոչարյանի հնարավորությունները շատ թույլ են»։ Իսկ եթե լինեն այլ խախտումներ՝ ի՞նչ քայլերի է դիմելու շտաբը. «Եթե լինեն (մենք համոզվեցինք այս բոլոր հանդիպումների ընթացքում, որ կա իշխանափոխության պահանջ), ուրեմն ժողովուրդն իր խոսքը կասի, իսկ մենք ժողովրդին հուսախաբ չենք անի»։ Ալեքսան Կարապետյանը (Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ)՝ գնահատելով ընտրությունների ընթացքը, ասաց. «Կյանքում ամեն տեսակի ընտրություն տեսել էի, խախտումներ էլ էի տեսել, «կարուսել» էլ, քվեատուփի փախցնել էլ էի տեսել, բայց որ գան-կանգնեն, օրը ցերեկով նայեն մարդկանց դեմքին, արհամարհանքով 50-100 հատ գցեն, ասեն՝ «այ, սա պիտի լինի», ես այդպիսի բան չէի տեսել։ «Պտի Քոչարյանը լինի պրեզիդենտ, ուզում եք, չեք ուզում, ինչ ընդդիմություն, ինչ ժողովուրդ, ինչ մարդ…»։ Այ, էսպիսի բան չէի տեսել։ Եթե սրանով ենք գնում Եվրոպա, սա է մեզ ներկայացնելու, ես չգիտեմ՝ ի՞նչ ասեմ»։ Պրն Կարապետյանը մեզ ցույց տվեց մի թերթիկ, որի վրա, ըստ իրենց, գրված է, թե որ շրջանում քանի տոկոս ձայն է պլանավորված Ռ. Քոչարյանի համար։ Ա. Կարապետյանի ներկայացմամբ՝ այս ամենի հետ հաշտվել հնարավոր չէ. «Ժողովրդին բանի տեղ չդնելով, թքելով երեսին, ուզում է նորից նախագահ դառնալ։ Ես չեմ ուզում նախքան կոլեկտիվ որոշումն ինչ-որ բան ասել, բայց ես շատ լուրջ տրամադրվածություններ ունեմ հետագայի վերաբերյալ։ Որովհետեւ սա նշանակում է՝ թքած ունեն ընդդիմության վրա, իսկ դուք գիտեք, որ ընդդիմությանը պաշտպանում է բնակչության 99 տոկոսը հանրապետությունում։ Ուրեմն եթե նա իր 99 տոկոս ժողովրդի վրա թքած ունի, ժողովուրդն էլ իր կարծիքը պիտի ասի։ Ու եթե ժողովուրդն այդ բանը չանի մեր օգնությամբ, ուրեմն ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել