Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ»՝ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ

Փետրվար 20,2003 00:00

«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ»՝ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ Անկախ ընտրությունների արդյունքից, մի բանում ավելորդ անգամ համոզվեցինք բոլորս. մենք ընտրություններ անցկացնելու շնորհք չունենք, «ժողովրդավարություն» ասվածը չափազանց շռայլ հաճույք է ընտրազանգվածի, իշխանության եւ ընդդիմության համար։ Ընտրությունների ընթացքն ապացուցեց, որ կենաց ու մահու կռիվ է գնում, ու կողմերը հավասարապես տրամադրված են «պայքար, պայքար, պայքարի»։ Ապացուցվեց եւս մեկ ճշմարտություն՝ ազատ, արդար, ուր մնաց՝ թափանցիկ ընտրություն տեղի չունեցավ։ Տասնյակ տեղամասերում մեր պտույտներն ասվածի ապացույցն են։ Մի քանի տեղամասերում հազիվ խուսափեցինք ծեծուջարդից, մի քանիսում լրագրողի ներկայությունը մի կերպ ստիպեց հանձնաժողովի նախագահներին կամ իշխանության ներկայացուցիչներին իրենց հնարավորինս զուսպ պահել։ Սակայն նման զսպվածություն քիչ էր պատահում։ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում տեղեկություն ստացվեց, որ ԵԱՀԿ դիտորդը Էջմիածնում հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ու փախել է տեղամասից։ Նույն աղբյուրից իմացանք, որ Սյունիքում եւ Կապանում ընտրական գործընթացին միջամտում են զինված ուժերը, իսկ Կողբ-Նոյեմբերյանում բանակի երկու սպա եղել են թեկնածու Ռ. Քոչարյանի վստահված անձը։ Գրեթե բոլոր գյուղերում եւ մարզերում գյուղապետերն ու մարզպետները եւս Ռ. Քոչարյանի վստահված անձինք էին։ Արտաշատի տարածքում ընտրությունները «տնավարի» էին անցնում։ Մխչյան գյուղի 0603 տեղամասում քվեատուփը կնքված չէր։ Ըստ Ընտրական օրենսգրքի 54 հոդվածի՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող։ Մխչյանի, Մրգավանի, Ներքին Ղամարլուի, Ներքին Դվինի, Ջրաշենի եւ Արտաշատ քաղաքի բազմաթիվ ընտրատեղամասերում հարյուրից ավելի ընտրողներ՝ հավաքված քվեարկության սենյակի միակ սեղանի շուրջը, իրենց անունն էին փնտրում։ Իսկ այն, ինչ տեսանք Դալար գյուղում, պարզապես սարսափելի տխուր տեսարան էր։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Տիգրան Պետրոսյանն այստեղ թույլ չէր տվել, որ քվեաթերթիկներ լցվեն տուփի մեջ, միջամտել էր, եւ այս միջամտության պատճառով հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հուսիկյանն արձանագրություն էր կազմել ու ոստիկան էր հրավիրել։ Վստահված անձն իրոք կենաց ու մահու կռիվ էր մղում, քանի որ վստահ էր՝ այս տեղամասում կամայականություններ լինելու են։ Գյուղապետը, որը նաեւ Ռ. Քոչարյանի վստահված անձն էր, հայտարարեց՝ «Ի՞նչ է, ուզում եք՝ գամ-սպանե՞մ»։ Հենց այդ պահին հայտնվեց նաեւ Արարատի մարզպետ Ա. Սարգսյանը (Ռ. Քոչարյանի վստահված անձ), որն ակնհայտորեն լրագրողների ներկայությունից դրդված այլ դիրք բռնեց եւ խնդրեց հանձնաժողովի նախագահին՝ արձանագրությունը չեղյալ համարել եւ թույլ տալ, որ վստահված անձն աշխատի։ Նույն պահին այս տեղամասի մոտ էին հավաքվել 6-7 ավտոմեքենաներով ոստիկաններ, սպաներ, առանց համազգեստի՝ Հատուկ ծառայության աշխատակիցներ։ Ընդհանրապես Ստ. Դեմիրճյանի վստահված անձանց տեղամասերից վռնդում էին, եւ քչերն էին կռիվ տալիս, հիմնականում վստահված անձինք ուժի գործադրումից վախեցած լքում էին տեղամասերը։ Երեւանի մի շարք տեղամասերում եւս վիճակը նմանատիպ վատ էր։ Էրեբունի համայնքի 0391/18 տեղամասում եւս նկատվել էր քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելու փաստ։ Ա. Գեղամյանի վստահված անձը՝ 25 հատ քվեաթերթիկ ձեռքին, մեզ բացատրեց, որ բռնել է հանցագործին եւ թույլ չի տվել թերթիկները գցել տուփի մեջ։ Այս դեպքի կապակցությամբ հանձնաժողովի նախագահն արձանագրություն չէր կազմել, լրագրողների հետ անչափ կոպիտ էր վարվում, թույլ չէր տվել, որ «Ա1+»-ի օպերատորը նկարահանումներ կատարի, խանգարում էր նաեւ մեր աշխատանքին եւ հրավիրեց ոստիկանների խմբին։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի միջամտությունից հետո միայն հանձնաժողովի նախագահը համաձայնեց արձանագրություն կազմել կատարվածի մասին։ Ընդհանրապես, այցելած բոլոր տեղամասերում հանձնաժողովների նախագահներն իրենց շատ վատ էին պահում եւ ակնհայտորեն տրամադրված էին կատարել իրենց ի վերուստ ստացած հանձնարարությունը, եւ՝ օրենքը ոտնահարելով։ Նկատելի էր նաեւ հետեւյալը. թափանցիկ քվեատուփերի մեջ մոտ 2 հազար քվեաթերթիկ է տեղավորվում, մեր այցելության պահին ասվում էր, թե մոտ 800 կամ 600 ընտրող է քվեարկել, սակայն տուփերն արդեն լեփ-լեցուն էին։ Այս ընտրություններում եւս լայնորեն կիրառվեցին «կարուսելը» եւ «Ալի-Բաբան». անձնագրում գրանցման էջի վրա մատիտով խաչ էր արվում, եւ մի ընտրողը մի քանի տեղ մտնում էր ընտրության։ Էրեբունի զանգվածի բնակիչ Օվսաննա Մաթեւոսյանը պատմեց, որ ինքը երեք անգամ ընտրել է։ Արդեն երեկոյան, ժամը 19։30-ի սահմաններում թիվ 27 դպրոցում տեղավորված ընտրատեղամասում շուռ են տվել քվեատուփը։ Այս տեղամասում Ստ. Դեմիրճյանի վստահված անձ Անահիտ Բախշյանի ներկայացմամբ. «Մի խումբ տղաներ եկան, ուշադրությունս գրավեցին, կասկածելի էին, կնքողին խնդրեցի ստուգել. պարզվեց՝ անձնագիրն իրենը չէ, մինչ հարցեր էին լուծում իրար հետ, էս տղան անձնագիրը վերցրեց ու փախավ։ Սրանից հետո սկսվեց իրարանցում։ Ես իջա ներքեւ, որ ոստիկաններին ասեմ, թե տարածքում օտար մարդիկ կան։ Մինչեւ վերեւ կբարձրանայի՝ աղմուկ լսվեց վերեւից, վազելով բարձրացա, տեսնեմ՝ արկղը գցված է գետնին, իրար են քաշքշում։ Ա. Գեղամյանի վստահված անձը՝ տեսնելով, որ քվեաթերթիկներն ուզում են գցել տուփի մեջ, վրա է հասել։ Հիմա հանձնաժողովի նախագահն ասում է, թե ինքը վերցրել է քվեաթերթիկներն ու չի հիշում, թե իրենից էլ ով է վերցրել»։ Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, Ա. Գեղամյանի վստահված անձին ձերբակալել ու տարել էին ոստիկանները։ Փաստորեն՝ մարդուն ձերբակալել են անօրինականությունը կանխելու համար։ Կատարվածի մասին կազմվել է արձանագրություն։ Իսկ մեզ՝ լրագրողներիս, հանձնաժողովի նախագահը մի ճմրթված քվեաթերթիկ ցույց տվեց, ասելով, թե դա էլ գետնին է գտել։ Ընտրությունների ավարտին, ժամը 19։50-ի մոտերքում տեղամաս եկավ նաեւ Ուկրաինայի ԱԳՆ աշխատակից Ա. Բոժկոն, որը որպես դիտորդ՝ այս տեղամասում հետեւելու էր արձանագրության կազմմանը եւ ընտրության ավարտին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել