ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է 2-ՐԴ ՓՈՒԼ Պնդում են ընտրություններին հետեւող փորձագետները Փետրվարի 19-ի ուշ երեկոյան, մինչեւ ժ. 00:00-ը ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբներից ստացված ամենանախնական տվյալներով, որոնք արտացոլում էին հանրապետության մարզերում առանձին ընտրական տեղամասերի արդյունքները, ենթադրվում է, որ ՀՀ նախագահական ընտրություններն առնվազն երկրորդ փուլ են ունենալու: Բայց շատ առաջ չանցնելու համար արձանագրենք, որ ԿԸՀ-ն հավատարիմ մնալով ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջին՝ երեկ քվեարկությունը սկսվելուց ի վեր, երեք ժամը մեկ, գոնե մինչեւ ժամը 23:00-ն, ամփոփում էր ընտրություններին մեր ազգաբնակչության մասնակցության տվյալները: Երեկ ժամը 14:00-ի տվյալներով, ՀՀ ողջ տարածքում ընտրություններին մասնակցածների թիվն արդեն ոչ թե կրկնապատկվել, այլ եռապատկվել էր: Այսպես՝ ընտրությունների էր մասնակցել 573.485 մարդ, կամ 25 տոկոս: Նույն իրավիճակն էր նաեւ Երեւանում՝ 21.8 տոկոս մասնակցություն, կամ 161 հազ. 298 մարդ: Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որտեղ ժ. 11-ի դրությամբ բոլոր 18 ընտրատեղամասերում քվեարկել էր ընդամենը 5.500 հոգի, ժ.14-ի դրությամբ այդ ընտրության մասնակցածների թիվը դարձել էր 16.851 մարդ, կամ 41.8 տոկոս: Այդ պահի դրությամբ՝ դա մասնակցության ռեկորդային ցուցանիշ էր: Դժվար չի լինի թվաբանություն անել ու պարզել, թե Կապանի ազգաբնակչությունն ինչ արագությամբ է քվեարկել: Դա մենք հետո ավելի մանրամասնորեն կվերլուծենք, իսկ առայժմ խոսենք ժ.16:30-ին ստացված տվյալների մասին: Իսկ դրանք վկայում են, որ այդ պահի դրությամբ՝ հանրապետությունում ընտրություններին մասնակցել է 982 հազ. 128 մարդ՝ 42.8 տոկոս, այդ թվում՝ միայն մայրաքաղաքում՝ 249.235 ընտրող, կամ ընտրողների 33.7 տոկոսը: Մայրաքաղաքում ամենաակտիվ համայնքը Կենտրոնն է եղել, որտեղ այդ պահի դրությամբ քվեարկել է ընտրողների 47.9 եւ 48.4 տոկոսը, ապա՝ Մալաթիա-Սեբաստիան՝ 47.1 տոկոս, եւ այլն: Ժամը 16:30-ի դրությամբ՝ Արագածոտնում ընտրության էին մասնակցել ընտրողների 47.3 տոկոսը՝ 43. 746 մարդ, Արարատում՝ 51.6 տոկոսը՝ 95.027 մարդ, Արմավիրում՝ 51.4 տոկոսը եւ այլն: Այդ ժամին մասնակցության ռեկորդային ցուցանիշն արձանագրվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 59.0 տոկոս, կամ 27.760 ընտրող: Ժամը 19:30-ին՝ ՀՀ-ում ընտրություններին մասնակցել էր 53.0 տոկոսը: Ընդամենը րոպեներ էին պետք, որ այդ թիվը դառնար 59.1 տոկոս, ապա՝ 59.17, եւ արդեն ժ. 23:00-ի դրությամբ՝ 60.6 տոկոս: Ռեկորդային ցուցանիշն այդ պահին արձանագրվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ գյուղում՝ 81.4 տոկոս: Ինչ վերաբերում է ընտրախախտումներին. երեկոյան ժ. 23:00-ի տվյալներով ԿԸՀ-ն ստացել էր 33 դիմում-բողոք, որոնցից 25-ն էին ստուգվել եւ, ըստ Արտակ Սահրադյանի՝ դրանց մեծ մասը ստուգելուց հետո պարզվել էր, որ ճիշտ է, խախտումներ եղել են, բայց ոչ այնպիսիք, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա: Հիշեցնենք, որ այս նույն ժամանակահատվածում թեկնածուների նախընտրական շտաբները ավելի մեծ թվով խախտումներ էին արձանագրում: ՀԺԿ, «Հանրապետություն» կուսակցություններում ստացված ահազանգերը մի պահ արդեն հաշվառել հնարավոր չէր, իսկ ՍԻՄ նախընտրական շտաբից ասացին, որ իրենց ստացած ահազանգերը «ռազմաճակատային սվոդկաներ» են հիշեցնում: Մենք դրանք չենք մանրամասնի՝ նկատի ունենալով, որ երեկ եւ այսօր մամուլը ողողված է դրանցով: Նկատենք միայն, որ մասնավորապես Էրեբունի համայնքում տեղակայված տեղամասերից մեկում միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցչին թույլ չէին տվել մուտք գործել տեղամաս եւ միայն այս դեպքի ու այնտեղ տեղի ունեցող բազմաթիվ խախտումների մասին ահազանգ ստանալուց հետո տեղամաս էին մեկնել ԱԺ երեք պատգամավորներ՝ Վիկտոր Դալլաքյանը, Արա Կետիկյանն ու Գրիգոր Մադաթյանը: Վերջիններիս հաջողվել էր բանակցել տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ եւ դիտորդի համար աշխատանքային պայմաններ ստեղծել: Դիտորդը տեղամաս էր մտել, իսկ ահա պատգամավորներ Գ.Մադաթյանին ու Ա.Կետիկյանին Էրեբունու ՆԳ բաժնի աշխատակիցները ձերբակալել էին, իբր, տեղամաս մտնելու փորձ կատարելու համար: Նկատենք, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ Օրենսդրությամբ՝ պատգամավորներն անձեռնմխելի են, համենայն դեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն կամ ԱԺ խոսնակը պատգամավորին ձերբակալելու մասին տեղեկություն չի ստացել եւ չի թույլատրել: Երեկ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը Վ.Դալլաքյանի հետ զրույցի ժամանակ խոստովանեց, որ իրեն տեղյակ չի պահվել, բայցեւ մխիթարեց, թե ինքը Էրեբունու ոստիկանապետի հետ խոսել է, եւ նրանց բաց կթողնեն: Ժամը 00:00-ին ԿԸՀ-ում հրապարակվեցին այդ պահին ունեցած արդյունքները՝ ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ, թիվ 53 ընտրատարածքում 30.866 ընտրողներից 14.838-ը քվեարկել է Ռ.Քոչարյանի օգտին, 3.744-ը՝ Ստ.Դեմիրճյանի, 543-ը՝ Ա.Գեղամյանի: Այլ մանրամասների, նաեւ թեկնածուների նախընտրական շտաբներում կուտակված տվյալների ու պաշտոնականի համեմատությամբ՝ դրանցում առկա հակասությունների, նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղ գտած ընտրախախտումների մասին կտեղեկացնենք արդեն այսօր: Իսկ միջազգային դիտորդներն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անելուց՝ հայտարարելով, թե այսօր ժ.14-ին կայանալիք ասուլիսում հրապարակելու են իրենց նախնական եզրակացությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ