Մինչեւ 2020 Մինչ նախագահի մեր թեկնածուներից ամեն մեկն իրեն «կոտորելով» փորձում է ապացուցել, որ երկրի զարգացման ամենալավ ծրագիրը ներկայացված է հենց իր «բուկլետում», Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մշակել ու հրատարակել է միանգամից չորս նախագահական «ժամկետի» համար տարեգիրք՝ «Հայաստան 2020. զարգացման եւ անվտանգության ռազմավարություն» վերնագրով։ «Օրնիբուն փոփոխվող աշխարհաքաղաքական գծապատկերը պարտադրում է իր անվերջանալի շտկումները, գծվում ու վերագծվում են ուղղությունները, կետերն ու հանգույցները։ Ո՞ր ուղղությամբ ընթանալ, ո՞ր կետում կանգ առնել, ո՞ր հանգույցում հանգրվանել՝ բազմահեղինակ այս աշխատությունը տալիս է դրա պատասխանը»,- գրում է կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գրքի ներածականում։ Գրքում զետեղված է հայ գիտական-վերլուծական մտքի համահավաքը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական բազմազանությամբ։ Առանձին վերլուծություններ ներառում են միջազգային իրադարձությունների անմիջական քննարկումները, որոնց հեղինակները նույնպես հայ գիտնականներ են։ «Մեկ հատորում զետեղելով այսչափ տարբեր, երբեմն նույնիսկ հակասական թվացող գնահատականներ ու մտահանգումներ, մենք ցանկանում ենք առավելագույն անաչառությամբ գծագրել Հայաստանի ու արտերկրի զանազան կենտրոններում ու բուհերում առկա քննական աշխարհայացքը՝ որպես ճշմարտության որոնման ընթացակարգ»,- ասում է Ր. Հովհաննիսյանը։ Գրքում կարեւորվում է հայոց հանրային գաղափարախոսությունը. այն բխում է մեր ակունքներից, իմաստավորվում նժդեհյան ազգասեր մտքով ու առաջնորդվում նոր ժամանակների հրամայականով։ Առանձնապես հետաքրքիր վերլուծություններ կան «Ինչպիսի ժողովրդավարություն է հնարավոր Հայաստանում», «Քաղաքական վտանգներ եւ քաղաքական անվտանգություն» ու մի քանի այլ խորագրերի ներքո։ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, «ընթերցողն ինքը կհամոզվի, թե որքան դյուրին է մտքի ընթացքը, երբ այն ձերբազատված է երկմտության խոչ ու խութերից։ Նույնչափ դյուրին էլ կլինի նաեւ պետության ու հասարակության ճանապարհը, եթե այն ժամանակին ազատենք բազմիմաստ ժառանգության հատվածապաշտ եւ այլ սահմանափակումներից»։ Մեր «նախագահացուները» թող իրենք որոշեն, թե մեր հարուստ պատմության որ հատվածի երկրպագուն ու ներկայացուցիչն են, եւ ինչպիսի սահմանագծերով են սահմանափակել իրենց քաղաքական հայացքներն ու գործելակերպը։ Ինչ վերաբերում է գրքին, ապա այս հաստափոր միհատորյակն առայժմ տպագրվել է քիչ քանակով, վաճառքում չկա, իսկ երեկ կայացած շնորհանդեսին մեկական օրինակ նվիրեցին միայն հրավիրված կազմակերպությունների ներկայացուցիչներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ