Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ ենք ուզում «իշխան» ուտել»

Փետրվար 19,2003 00:00

«Մենք էլ ենք ուզում «իշխան» ուտել» Ալավերդցին իր կենսամակարդակով եւ դրա արդյունքում ձեռք գցած հոգսերով Հայաստանի մյուս շրջանների բնակիչներից չի տարբերվում։ Սակայն, իբրեւ երկրի առավել ծայրամասային վայրի բնակիչներ՝ ալավերդցիներն իրենց լքված են զգում՝ թյուրիմացաբար կարծելով, թե իրենց սոցիալական ծանր վիճակը պայմանավորված է «աչքից հեռու լինելով»։ Եվ իրենց իսկ կարծիքով, արդարացի է վրդովմունքը, երբ «տելեվիզորով լսում ենք, որ մյուս մարզերում, Երեւանում 40 հազար աշխատատեղ են բացում, տնտեսությունն աճում ա, գործարաններն աշխատում են»։ Հարցին, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանն էլ է աշխատում եւ աշխատատեղեր ապահովում, ինչի՞ց եք դժգոհ՝ Կառլեն Մաթեւոսյանը գրեթե գոռալով պատասխանեց. «Շատ չնչին աշխատատեղեր են, ինչքան որ ասում են՝ դրա մի 5-10%-ն է իրականում»։ Ու եզրակացրեց՝ «Մեր ապրելակերպը ցույց է տալիս, որ այսպես էլ չի կարող շարունակվել»։ Ըստ Վրեժ Հարությունյանի՝ «ամեն պադեզդում երեւի մի հինգ ընտանիք է ապրում։ Բոլորն արտագնա աշխատանքի են գնում։ Ես հիմա Գորկիում եմ ապրում՝ ուզած-չուզած, ընտանիքս պիտի պահեմ։ Մեքենաս սամասվալ ա, հիմա կանգնած ա։ Ուրախ կլինեմ, որ հիմա հետ գամ ստեղ աշխատեմ, բայց…»։ 94 թվականից ծառայությունն ավարտած եւ հարազատ բնակավայր վերադարձած երկու երեխաների հայր Արմեն Խեչումյանը «բացի անտառից փայտ կրելուց» ոչինչ չի կարողանում անել։ «Հասկանում եք՝ դժվար ա»,- բացատրում է երիտասարդն ու հավելում, որ՝ «պետություն չեմ տեսնում»։ Քանզի՝ «գնում ես գործարան, որ գործի ընդունվես՝ աջ ես նայում, ձախ ես նայում՝ վրեդ նայող չկա։ Տեր չունես։ Ուրեմն ի՞նչ, ընտանիքդ սովամահ ըլնի՞,- արդարացիորեն հարց է տալիս ընտանիքի հայրը։- Ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Խաբեբայությունով երկիր չի ստեղծվի։ Աստծո հույսին ապրում ենք։ Մի տղաս 4-րդ դասարան է, մեկը առաջին, դե պահիր։ Գործ չունես, ի՞նչ տես անի, մեկը չի ասում 74 թվի տղա ես, 94-ից բանակից էկած՝ ընչո՞վ ես զբաղված։ Հլա քցեք զավոդը, թող աշխատի»։ Նաեւ այսպիսի տեսակետ հայտնեց Արմենը. «Գլուխ են գովում՝ շենքեր ենք սարքում. է, ուզած-չուզած պտի սարքվեր։ Դա բնական ընթացքն է»։ «57 տարեկան այրի կնիկ եմ,- ասում է Սահագյուլ Օհանյանը,- մինուճար տղաս էլ Ռուսաստաններում՝ խաբար չունեմ։ Ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ աշխատանք եմ կարում ճարեմ. էս պետությանը ո՞նց հավատամ»։ Սաֆարյան Ալվարդ. «Բանվորին չնչին կոպեկներ են տալիս եւ անուն հանում, թե գործարանը աշխատեցնում ենք։ Ամբողջ ամիս կրուգլի սուտկա աշխատում եմ՝ 25 հազար դրամ եմ ստանում. մենակ դեղի փող չի էդ։ Մենք էլ ենք ուզում «իշխան» ուտենք՝ մի վախեք, փուշը բկներիս չի կանգնի»։ Այս կարծիքները հարկ ենք համարում հրապարակել՝ ի հեճուկս ներկայացվող «օր օրի բարեկեցիկ դարձող» մեր իրականության։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել