ՇԱԽՄԱՏՈՒՄ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԼԻՆԻ ՄԵԿ ՉԵՄՊԻՈՆ Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի վերջին առաջնության հաղթող, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը համաձայնեց աշխարհի առաջնության հերթական ընտրական փուլում խաղալ նախկին չեմպիոն Գարրի Կասպարովի հետ։ Պոնոմարյովը հաստատել է նոր առաջնությունում, սկսած կիսաեզրափակիչից, վարկանիշային դասակարգմամբ ամենաբարձր արդյունք ունեցող գրոսմայստերի հետ պայքարի մեջ մտնելով իր տիտղոսը պաշտպանելու ցանկությունը։ Ընդ որում, նա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մանրամասն քննարկել է դրան առնչվող բազմաթիվ խնդիրներ։ Այսպիսով, նախատեսվում է առաջին կիսամյակում կազմակերպել երկու գերհանդիպում։ Առաջին զույգը կկազմեն Գարրի Կասպարովն ու Ռուսլան Պոնոմարյովը, երկրորդը՝ Վլադիմիր Կրամնիկն ու հունգարացի Պետեր Լեկոն։ Սմբատ Լպուտյանը 45 տարեկան է Փետրվարի 14-ին լրացավ շախմատի հայկական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ գրոսմայստեր (1984թ.) Սմբատ Լպուտյանի ծննդյան 45-ամյակը։ Շախմատային աշխարհում նրա մասին ասում են. «Սմբատն այն շախմատիստներից է, ում խաղը տարիքն աճելու հետ ավելի է հզորանում»։ Լպուտյանը տիրապետում է նուրբ տեխնիկայի, հուսալի եւ արդյունավետ խաղացող է։ Եվ հենց դա է պատճառը, որ նա հաջող է հանդես գալիս ինչպես շրջանաձեւ, այնպես էլ շվեյցարական մրցակարգերով անցկացվող մրցաշարերում։ Նա դարձել է Բեռլինի (1982թ.), Սարաեւոյի (1985), Հասթինգսի (1986), Դորտմունդի (1988), Երեւանի (1988), Ռիմավսկա Սոբոտայի (1991), Վեյկ-ան-Զեեի (1999) ներկայացուցչական մրցաշարի հաղթող։ Սմբատ Լպուտյանը նաեւ հիանալի թիմային մարտիկ է։ Հիշենք 1992թ. Մանիլայի եւ անցած տարվա շախմատի համաշխարհային օլիմպիադաները, որոնցում նա Հայաստանի հավաքականի կազմում նվաճեց բրոնզե մեդալները։ Ընդ որում, այդ եւ դրանց միջեւ անցկացված օլիմպիադաներում, որպես կանոն, նա մշտապես լավագույն արդյունք է ցույց տվել իր խաղատախտակի առջեւ։ Սմբատ Լպուտյանը հիմա էլ հայկական շախմատի առաջատարներից է։ Բայց դրան զուգահեռ, ներկայումս իր հարուստ գիտելիքներն ու հսկայական փորձն է փոխանցում երեխաներին՝ իր հիմնադրած շախմատի ակադեմիայում։ Ք. Հ.