Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԻՐԱՆԵՆՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Փետրվար 19,2003 00:00

 Դուդուկը լացացնում է, արվեստագետների վիճակը՝ ավելի շատ

«Դուդուկն այն միակ գործիքն է, որի նվագը ինձ ստիպում է լացել»: Այս տողերի հեղինակը աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Ջիվան Գասպարյանի նվագը հայկական դուդուկը հասցրեց համաշխարհային ճանաչման: Եվ այսօր աշխարհն է լսում դուդուկի նվագը: Դուդուկի հնագույն նմուշները հայտնաբերվել են Եգիպտոսում, Հին Հունաստանում՝ 3500-4000 տարի առաջ: Հայտնի չէ, թե որ ազգն է ստեղծել դուդուկը: Սակայն հայտնի է, որ լավագույն դուդուկները հայերն են պատրաստում: Երբվանի՞ց են հայերը դուդուկ նվագում, ովքե՞ր են եղել առաջին հայ դուդուկահարները: «Մեր պատմիչները՝ Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, պալատական նկարագրություններում գրել են նման նվագարանների գործածության մասին: Այդ տիպի երաժշտական գործիքների պատկերներ կան հին հայկական մանրանկարներում»,- ասում է Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը:

Դուդուկի մասին խոսելիս դուդուկագործ, 55-ամյա Միշա Սադոեւն ասաց. «Մեր դուդուկն ուրիշ է, քանի որ ուրիշ է մեր հայկական ծիրանենին»: Ազգությամբ ասորի Մ. Սադոեւն արդեն 25 տարի դուդուկ է պատրաստում եւ նվագում: Նրա պատրաստած դուդուկներով նվագում են հայտնի երաժիշտներ: Միշայի պապերը 1800-ականների սկզբին Պարսկաստանից գաղթել են Հայաստան: Ապրել են Արտաշատում, հետո տեղափոխվել են Երեւան: «Սկզբում եղեգից շվի էի սարքում, նվագում: Եղբայրս երաժիշտ էր: Ուզում էի նրան նմանվել: Մի օր ձեռքս մի հին դուդուկ ընկավ: Նվագում էի ու զգում, թե որքան հարազատ է ինձ այս գործիքը»,- պատմում է վարպետը: Հետո սովորել է զուռնա նվագել ու աշխատել է տարբեր համույթներում: Մի քանի տարի առաջ մրցանակ է ստացել Զուռնայի մրցույթում: Հետո սկսել է դուդուկ սարքել: 13 տեսակի (ըստ ձայնային հնչողության) են նրա դուդուկները: Ընտանիքը պահում է դուդուկ վաճառելով եւ նվագելով: Նվագում է հարսանիքներում, թաղումների ժամանակ: «Ես միշտ ուրախության համար եմ նվագել, բեմի վրա եմ եղել: Բայց հիմա փող աշխատելու համար թաղումների ժամանակ էլ եմ նվագում: Այլընտրանք չկա»,- ասում է նա: Շատ է ճամփորդել, ծանոթացել այլազգի դուդուկահարների հետ: Ուսումնասիրել է նրանց դուդուկը եւ եկել համոզման, որ «աշխարհում չկա մի ժողովուրդ, որ հայի նման դուդուկ նվագի: Ես վստահ եմ, որ հայերն են ստեղծել այս «թավշյա» գործիքը»:

Պարզ կառուցվածք ունի դուդուկը: Բայց բոլորը չէ, որ գիտեն այս նվագարանի գաղտնիքը: «Ոչ մեկը չի ասի իր ձեռքի գաղտնիքը: Ամեն վարպետ յուրովի է դուդուկ կերտում»,- ասում է վարպետ Միշան: Տարբեր փայտերից են դուդուկ սարքում՝ վայրի սալորենուց, տանձենուց, հոնի ծառից…: Վարպետ Միշայի ասելով՝ ծիրանենին յուրատեսակ խոնավություն ունի, դրա համար էլ «թավշյա» ձայն է հնչում դրանից պատրաստած դուդուկից: Ծիրանենին դիմացկուն է, չի վնասվում անգամ քիմիական նյութերից, խոնավությունից: Դուդուկ սարքելու համար ամուր, կարծր փայտ է պետք: Ամենալավը դառը կորիզ ունեցող ծիրանի ծառն է. նրա փայտը շատ ամուր է: Հիմնականում օգտագործում են ծառի բնի միջուկային մասը: Կտրատում են թաց փայտը, դնում ծածկի տակ: Պահում են նաեւ կարասներում, պարկերում: Մոտ մեկ տարի փայտը պետք է միջանցիկ քամու տակ լինի: Այդ ընթացքում ոչնչանում են էթիլային յուղերը, փայտը «ուժասպառ» է լինում: Ու նոր միայն այդ փայտից պատրաստվում է դուդուկը: Հետո այն դնում են կրի մեջ: Ամենավերջում ձեթ են քսում: «Եվ այսպես, վարպետների շնորհիվ դուդուկից հնչում է հայի ձայնը, նրա ուրախությունը, ողբը, ոգին, ուժը…չէ~, սա հայի նվագարանն է»,- մրմնջում էր վարպետը:

ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչպե՞ս կարող եմ գտնել պարոն Միշայի կոնտակտները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728