ԵԴ դիմելուց առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար խորհրդատվական ծառայություն է մատուցում Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության գրասենյակը։ Ընկերակցության նախագահ, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանին խնդրեցինք մանրամասն ներկայացնել միջանցիկ այդ կառույցի մասին։ Նա ասաց, որ երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ մեր քաղաքացիները հնարավորություն ստացան դիմելու Եվրոպական դատարան, օրակարգի հարց դարձավ հետեւյալը. «Ինչպես անենք, որ մեր հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիներին, օտարերկրացիներին, իրավաբանական անձանց, որոնք ԵԴ դիմելու սուբյեկտ են, օգնենք, որ ԵԴ դիմելու ընթացքում առանձնապես մեծ դժվարությունների առջեւ չկանգնեն»։ Եվրոպական դատարանն ունի որոշակի պահանջներ եւ քաղաքացու գանգատն ընդունվում է քննության, եթե պահպանվել են որոշակի նորմեր։ Պարոն Հովհաննիսյանն անհրաժեշտ համարեց իրավաբանական որոշակի գիտելիքներ ունենալը։ «Բնականաբար, ոչ բոլորն ունեն։ Հենց նրանք՝ պրոֆեսիոնալներն էլ, դատավորներն ու դատախազները, փաստաբանները առանձնապես շատ խոր գիտելիքներ ու պատկերացումներ չունեն ԵԴ-ի մասին»,- ասաց նա։ Ի դեպ, ընկերակցությունը, մինչ այս միջանցիկ կառույցի ստեղծվելը, հայերեն հրատարակել է Եվրոպական դատարանի վճիռների ընտրանի, ԵԴ դիմելու կանոնակարգը, կազմակերպել մի շարք սեմինարներ, որոնք նվիրված են եղել Եվրոպական դատարանի գործունեության առանձնահատկություններին, վճիռների իրավաբանական բնույթին, գանգատների ներկայացման կարգին։ Ըստ Վ. Հովհաննիսյանի, տեսական իրավական բազան կար եւ, փաստորեն, մնում էր գործնական աշխատանք տանել քաղաքացիների հետ։ Այս կենտրոնը իրավաբանական խորհրդատվությունն իրականացնում է անվճար։ Մեր այն հարցին, թե Հայաստանում գործում է «Փաստաբանական գործունեության մասին» օրենքը, որը որոշակիացրել է քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալը, եւ արդյոք ԵԴ-ում աշխատող փաստաբանների գործունեության միջեւ հակասություն չի՞ առաջանա, արդյոք իրենք զուգահեռ «պետպատվեր» չե՞ն իրականացնում, Վ. Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Կենտրոնը մարդուն տալիս է խորհուրդ եւ նրա հետ պայմանագիր չի կնքում։ Նա չի կարող մարդու շահերը միջազգային դատարանում իրականացնել, ներկայացնել, ինչպես բուժհամակարգում է, կան ախտորոշման կենտրոններ։ Քաղաքացին որպեսզի սկսի հիմնական բուժումը, նախ պետք է պարզի՝ հիվա՞նդ է, թե՞ հիվանդ չէ։ Ախտորոշումը շատ մեծ նշանակություն ունի, քան նույնիսկ բուժումը»։ Վ. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց դիմած քաղաքացիների մեծ մասը փորձում է նախ ճշտել՝ իրավունք ունե՞ն ԵԴ դիմել եւ իրենց գործը ընդդատյա՞ է ԵԴ-ում։ Ինչպես գիտեք, Եվրոպական դատարան դիմելու համար քաղաքացին պետք է սպառած լինի ներպետական բոլոր միջոցները։ Շատ հաճախ քաղաքացիներն այդ մանրամասները չգիտեն։ Եվրոպական դատարանը չի քննում այն գործերը, որոնց վերաբերյալ մեկ այլ միջազգային դատարանում կա դիմում-գանգատ, որտեղ քննություն է տարվում։ Մենք փորձեցինք ճշտել նաեւ, թե կենտրոնը կոնկրետ քանի քաղաքացու է օգնել դիմում-գանգատներ ներկայացնելու համար։ Երեկվա դրությամբ կար մեկ՝ 42007-02 թվակիր գանգատը. «Ջաղինյանն ընդդեմ Հայաստանի»։ Այն, ինչպես ճշտեցինք, կապված էր կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հետ, մասնավորապես արդար դատաքննության հետ։ Վ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կենտրոնի աշխատակիցները ԵՊՀ իրավաբանականը գերազանց ավարտած ուսանողներ են, որոնք պատրաստ են բոլոր քաղաքացիներին սպասարկելու։ Տեղեկացնենք, որ գանգատը պաշտոնական իրավաբանական փաստաթուղթ է եւ որի բլանկը կազմված է 8 բաժիններից։ Դրանցում ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, դիմումում պետք է տրվի իրավունքների խախտման մասին փաստերի ստույգ, համառոտ նկարագրությունը, անհրաժեշտ է նկարագրել ժամանակագրական կարգով գործի քննության ընթացքը ազգային դատարաններում եւ պետական իշխանության մյուս մարմիններում։ Ինչպես գիտեք, դատարանի պաշտոնական լեզուները անգլերենն ու ֆրանսերենն են։ Անհատական գանգատ ներկայացրած դիմումատուների հետ հաղորդակցությունը, նրանց բացատրությունները կարող են ներկայացվել մասնակից պետություններից որեւէ մեկի պաշտոնական լեզվով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ