ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ Միայն թե խոստումը չմնա նախընտրական քարոզարշավի ոգեւորության շրջանակներում Չինական իմաստնությամբ, եթե մարդն ուզում է մեկ տարի ապրել, պետք է բրինձ ցանի, հարյուր տարվա համար՝ ծառ տնկի, իսկ դարերի համար՝ դպրոց կառուցի։ Գուցե սերունդների գիտակցության մեջ արմատավորվելու այդ միտումն էր դրդել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին՝ նախաձեռնելու հերթական ծրագիրը։ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղն ունի մոտավորապես 920 աշակերտ, որոնք հաճախում են 392 աշակերտի համար նախատեսված գյուղի միակ դպրոցը։ Այս հանգամանքով լուրջ մտահոգված են համայնքն ու դպրոցի տնօրինությունը։ Դպրոցը 1983-84 ուսումնական տարվանից աշխատում է երկու եւ մեկ միջանկյալ հերթափոխով։ Այս փաստն արդեն վկայում է ուսումնական գործընթացում առկա ծանրաբեռնվածության մասին։ Այսինքն, նոր դպրոցի կառուցումը կենսական նշանակություն ուներ համայնքի համար։ Դեռեւս չորս տարի առաջ գյուղի տնօրինության նախաձեռնությամբ գծագրվել էր դպրոցի նոր շենքի նախագիծ, որն ընդգրկվել էր ՀՍՆՀ-ի սոցիալական ծրագրի մեջ։ Սակայն այն ժամանակ հիմնադրամը ֆինանսական միջոցներ էր տրամադրել համայնքին՝ նախագիծը շենքի վերածելու համար։ Միայն 2003թ. հիմնադրամը հնարավորություն ունեցավ իր օժանդակությունը առաջարկել համայնքին՝ առաջնահերթ այդ խնդիրը լուծելու համար։ ՀՍՆՀ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը կյանքի են կոչվում միայն համայնքների պահանջարկի առկայության եւ դրանց նախաձեռնության պայմաններում։ Այս դեպքում առաջարկն ու պահանջարկը լիովին համընկնում էին։ Նշենք, որ հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս մարզերում դպրոցաշինության խթանմանը, որը հանդիսանում է հիմնադրամի սոցիալական ներդրումների հիմնական ոլորտներից մեկը։ «Ովքեր կունենան բարդ խնդիրներ, նրանց էլ կաջակցենք»,- նշեց ՀՍՆՀ-ի խթանման ինժեներ Վիկտոր Վարդանյանը։ 2003թ. փետրվարի 4-ին տեղի ունեցած համայնքի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՍՆՀ-ի՝ համայնքին ուղղված առաջարկը։ Այնուհետեւ բնակչության՝ առաջարկին կողմ քվեարկելուց հետո ընտրվեցին ծրագրի իրագործման գործակալության անդամներ, որոնք ՀՍՆՀ-ի ինժեներների հետ համատեղ վերահսկելու են իրականացվող շինարարության ողջ գործընթացը։ Ծրագրի իրագործման կարեւոր նախապայման է համայնքի՝ ծրագրի 10%-ի չափով ներդրումը։ Ծրագիրը 90%-ի չափով ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից։ Համայնքի ներդրումը կարող է կատարվել դրամի, շինանյութի կամ անվճար աշխատուժի ձեւով։ Ի դեպ, աշխատուժը բաղկացած է լինելու համայնքի բնակիչներից, որը ժամանակավորապես կկրճատի համայնքում գործազուրկների թիվը։ Հիմնադրամի ներկայացուցիչների հավաստմամբ, համայնքի 10% ներդրումից, աշխատավարձի տեսքով, որոշակի գումար հետ կվերադարձվի համայնքի այն բնակիչներին, որոնք ընդգրկվել են շինարարական աշխատանքների մեջ։ Մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը գյուղում սկսվել էր երկրորդ դպրոցի կառուցումը։ Սակայն այդ հասարակարգի փլուզման հետեւանքով շինարարությունը դադարեցվել էր. կառուցվել էր միայն շենքի բազիսը։ Այժմ այդ շենքի հիմքը ուսումնասիրվելու է հիմնադրամի շինարար-մասնագետների կողմից։ Եթե հնարավոր լինի նրա վրա կառուցել վերնաշենքը, ապա նոր բազիսի կառուցման համար նախատեսվող ֆինանսական միջոցները կհաշվարկվեն համայնքի 10% ներդրման մեջ։ Երկրորդ դպրոցի կառուցման համար հիմնադրամի կողմից հատկացվել է 200 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար։ Նոր դպրոցի նախագծի համաձայն, այն լինելու է միահարկ կառույց՝ բաղկացած 20 դասասենյակներից։ Այն նախատեսվում է 300 աշակերտի համար։ Դպրոցին կից կառուցվելու է նաեւ կաթսայատուն՝ գազով ջեռուցելու համար։ Ծրագրի իրականացնող գործակալության անդամ, Պռոշյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Դավթյանի խոսքերով, համայնքում բնակվող գործարարներից շատերը հոժարակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ այս գործում։ ՀՍՆՀ-ի խթանման ինժեներ Վ. Վարդանյանի հավաստմամբ, նոր դպրոցի շենքի կառուցումը կսկսվի ամառվա սկզբին եւ կավարտվի 3 ամիս անց։ Հատկացված ֆինանսական միջոցներն ուղղվելու են նաեւ նորակառույց դպրոցի գույքի ձեռքբերմանը։ Իսկ դպրոցի տնօրեն Դ. Դավթյանը հույս հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, 2003-2004 ուսումնական տարին կնշանավորվի նոր դպրոցում ուսումնառության սկզբով։ Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, եւ համայնքի բնակիչներին մնում է համբերել. գերմանական իմաստնությամբ՝ համբերությունը վարդեր է բերում։ Մեզ մնում է միայն հավատալ, որ այս նախաձեռնությունը քաղաքական ատաղձ չունի եւ հուսալ, որ այն չի մնա նախընտրական քարոզարշավի ոգեւորության շրջանակներում։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ